Պաշտոնական Թեհրանը շատ լավ գիտակցում է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ անկլավների հանձնումը Բաքվին և շուրջ 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցումը ՀՀ-ում. Արամ Շահնազարյան

Հունիսի 28-ին Իրանում կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու է 6 թեկնածու` Մուստաֆա Փուրմոհամմադի, Սաիդ Ջալիլի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Ալիռեզա Զաքանի, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի, Մասուդ Փեզեշքիան։

Իրանի նախագահի թեկնածուների Հայաստանի, ինչո՞ւ չէ, նաև Ադրբեջանի նկատմամբ, այսպես ասած, տրամադրվածությունից և մեր հարևան երկրին առնչվող այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

– Ինչպես գիտեք՝  կա 6 թեկնածու, որոնցից 5-ը` խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, ԱԽ նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին, Նահատակների և վետերանների հիմնադրամի նախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին պահպանողականներ են, իսկ խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը` բարեփոխական։ Ընտրապայքարը թեժ է։

Հիմնական պայքարն ընթանում է 3 թեկնածուի` Ղալիբաֆի, Ջալիլիի և Փեզեշքիանի միջև, և հրապարակված սոցհարցումների տվյալները վկայում են այն մասին, որ երկրորդ փուլն անխուսափելի է լինելու, որի ժամանակ պահպանողական թեկնածուներից մեկի հետ կմրցի բարեփոխական Փեզեշքիանը։ Սակայն պետք է նշեմ, որ ընտրապայքարի վերջին 2 օրերը/երեքշաբթի և չորեքշաբթի/ կարող են վճռորոշ լինել, մանավանդ, եթե պահպանողական հոսանքի տարբեր թևերին հաջողվի միավորվել և հանդես գալ մեկ` միասնական թեկնածուով՝ Ղալիբաֆ կամ Ջալիլի։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս պարագայում Հարավային Կովկասի մասով Իրանն ունի հստակ քաղաքականություն, որը հիմնական վերանայման է ենթարկվել 44-օրյա պատերազմից հետո, և որի կարմիր գծերի մասին տարբեր առիթներով հստակ արտահայտվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։

Այնպես որ, ով էլ որ լինի հաջորդ նախագահը՝ պահպանողական թե բարեփոխական, այդ քաղաքականության հիմնական սկզբունքներն այսպես թե այնպես պահպանվելու են։ Սակայն թեկնածուներից մեկի պարագայում պետք է նշեմ, որ հայկական շահերի տեսանկյունից առկա են շատ հստակ մտահոգություններ և վերապահումներ, որոնց համար կան հիմնական պատճառներ։ Խոսքը բարեփոխականների թեկնածու Փեզեշքիանի մասին է։ Նա թյուրքախոս է, ներկայացնում է Թավրիզն ու հարակից շրջանները և իր գործունեության ընթացքում աչքի է ընկել ընդգծված պրոադրբեջանական հայտարարություններով և մոտեցումներով։

Որպես օրինակ՝ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Փեզեշքիանը խորհրդարանի փոխնախագահ էր, նկատի ունենալով Հայաստանին՝ հայտարարել էր, որ որոշ երկրների նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը։ Ավելի վաղ՝ 2016 թվականին, Փեզեշքիանը խորհրդարանում թյուրքախոսների ֆրակցիա էր ձևավորել, ինչը Իրանում մեծ դժգոհություն էր առաջացրել։ Դա դիտվել էր՝ որպես երկրի միասնականությունը խարխլող քայլ ու անջատողականության դրսևորում։ Պետք է նշեմ, որ 6 թեկնածուներից ամենապոպուլիստը Փեզեշքիանն է։ Այս ընտրություններում նա շատ լավ խաղարկում է էթնիկության գործոնը՝ հայտարարելով, որ Իրանում պանթյուրքիզմ, պանքուրդիզմ, պանբելուջիզմ կա անարդարության հետևանքով, քանի որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին Իրանում բարձր պաշտոններ չեն տալիս և անտեսում են նրանց արդարացի պահանջները։ Փեզեշքիանի նման մոտեցումները, ինչպես նաև այն փաստը, որ նրա նախընտրական շտաբները փաստացի վերածվել են պանթյուրքիստների որջի, մտահոգում է նաև Իրանի ազգային մոտեցումներ ունեցող փորձագիտական շրջանակներին, որի մասին նրանք հենց ընտրապայքարի սկզբից ահազանգում են։

Մոտ 2 շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում շեշտել էր՝ «չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»: Եթե սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին անընդհատ լսել ենք և, ըստ էության, պարզ է՝ ինչի մասին է խոսքը, ապա ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիություն ասելով՝ Իրանն ի՞նչ նկատի ունի:

– Կարծում եմ` ամեն ինչ շատ հստակ է. Պաշտոնական Թեհրանում շատ լավ հասկանում են, որ սահմանային հնարավոր փոփոխություններից ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ անկլավների հանձնումը Բաքվին և շուրջ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, ինչը Բաքվի բռնապետի գլխավոր նպատակներից է: Դա ոչ միայն լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, այլև՝ անվտանգային լրջագույն մարտահրավեր Իրանի համար։ Սա հստակ գիտակցում են Իրանում։ Բավական է հայացք նետել քարտեզին, հավաստանշել այդ անկլավները և մյուս տարածքները, որոնց հավակնում է Ադրբեջանը, հասկանալու համար՝ խոսքն ինչի մասին է։

– Թեև տարածաշրջանում սահմանային փոփոխությանն Իրանի դիրքորոշման մասին արդեն խոսեցինք, ամեն դեպքում, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս Սյունիք  կատարած այցի շրջանակում չէր բացառել, որ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը Սյունիքում լինի: Իսկ ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մինչև Մեղրի, մինչև Իրանի սահման սահմանազատում են անելու: Իրանում այս գործընթացին ինչպե՞ս են վերաբերվում, կուլիսային ի՞նչ տրամադրություններ կան:

– Բնականաբար, Իրանում խիստ մտահոգությամբ են հետևում նման հայտարարություններին, և, ընդհանրապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որի մասին, ի դեպ, անկախ փորձագետները հայտարարում են, որ միակողմանի, չտրամաբանված և խիստ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի ապագայի համար, այլև` ողջ տարածաշրջանի համար։ Խորհուրդ կտայի նաև սոցհարթակներում հետևել թեմայով զբաղվող իրանցի առաջատար փորձագետների վերլուծություններին, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին են նրանց մոտեցումները։

Սրան գումարած՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում՝ որպես Հայաստանին ուղղված պահանջ, որին Իրանը դեմ է, բայց արդյո՞ք կարող է միջամտել, եթե ՀՀ իշխանությունը, օրինակ, համաձայնի դրան՝ անկախ նրանից, թե ինչ անվան կամ ձևակերպման ներքո:

– Դա, իրոք, կարմիր գիծ է Իրանի համար։ Չմոռանանք, որ նախագահ Ռաիսիի հուղարկավորության առիթով, երբ Փաշինյանն այցելել էր Իրան, և նրան ընդունել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ` այաթոլլա Ալի Խամենեին, նա կրկին հիշեցրել էր այդ կարմիր գծերի մասին։ Սակայն, ես առիթ եմ ունեցել ձեզ հետ զրույցում նշելու, որ Իրանի գործուն միջամտության հնարավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե արդո՞ք Հայաստանը ցանկանում է դա, թե՞ ոչ, ինչպես նաև այս խնդրում ներգրավված և շահագրգիռ մյուս խաղացողների շահերից ու դիրքորոշումներից։

Հայաստանն օրերս ճանաչեց Պաղեստինի պետությունը, Իրանում սա պետք է որ ողջունեն:

– Իրանն ընդհանրապես ողջունում է պրոպաղեստինյան ցանկացած քայլ, որն այսպես թե այնպես հակասում է Իսրայելի շահերին։

Հ.Գ. Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, անդրադառնալով վերևում հիշատակված Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարությանը տարածաշրջանում սահմանային և ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիությանը, նշել էր, որ Արցախի հայաթափումից հետո Իրանը փաստի առաջ է կանգնել, որովհետև օկուպացված Արցախը հիմա վերածվել է իսրայելական ֆորպոստի ավելի շատ, քան թե ադրբեջանական տարածքի, իսկ հայերի այնտեղ առկայության դեպքում շատ բան կարելի էր փոխել:

Տեսանյութեր

Լրահոս