Ալիևի ուղիղ զգուշացումները Երևանին և Փաշինյանին
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ փորձում էր համոզել, որ Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համատեքստում Հայաստանին ներկայացվող որոշ պահանջներ և նախապայմաններ ներքին լսարանի և Թուրքիայի ու Ռուսաստանի հետ սակարկումների համար են, այդ թվում՝ սահմանադրության փոփոխությունների հետ կապված:
Մինչդեռ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հստակ նշել է, որ այն, ինչ ասվում է, ուղղված է կոնկրետ Հայաստանին և նրա իշխանություններին՝ շեշտելով. «Սա լավ հնարավորություն է ինձ համար՝ մեսիջ ուղղել Երևանին»:
Իսկ այդ մեսիջները վերաբերել են և՛ «Զանգեզուրի միջանցքին», որն Ադրբեջանը տեղավորում է 2020 թվականի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ, և՛ Հայաստանի խաչմերուկային դերակատարմանը, և՛ ՀՀ սահմանադրության փոփոխություններին, և՛ ՀՀ զինված ուժերի զինմանը, որը պիտի լինի չափավոր և սպառնալիք չներկայացնի Ադրբեջանի համար, և՛ ՀՀ-ում ռևանշիզմի ճնշմանը:
Առաջին, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Ալիևը նշել է՝ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ դա դեռ ոչինչ չի նշանակում:
«Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»,- շեշտել է Ալիևը:
Ի դեպ, երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ շեշտել է. «Սահմանն ուզում ենք մինչև վերջ՝ մինչև Մեղրի ընկած, մինչև Սյունիքի վերջ, մինչև Իրանի սահմանը վերարտադրենք, ինչպես որ անկախացել ենք»:
Կարո՞ղ ենք սա համարել «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում թուրք-ադրբեջանական պահանջի կատարման պատրաստակամության մասին հայտարարություն:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի փետրվարի 17-ին Փաշինյանը Կառավարության նիստին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթի համատեքստում, որի նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է, ներկայացրել էր Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները, որն անվանել էր «Հայկական խաչմերուկ»:
«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագիծ: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ Հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»,- նշել էր Փաշինյանը:
Այդ ժամանակ ադրբեջանական վերլուծական և քաղաքագիտական շրջանակները՝ ի դեմս քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի, արձագանքել էին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի, այնպես, ինչպես ժամանակին վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Անլուրջ փաշինյանական գաղափար, որը ոչ այլ ինչ էր, քան էժան պոպուլիզմ: Ոչ մեկի մոտ այն ոգևորություն չառաջացրեց, քանի որ բոլորը հասկանում էին՝ դա անիրատեսական է»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հիշեցնելով 2020թ. փետրվարի 15-ին տեղի ունեցած Ալիև-Փաշինյան մյունխենյան դեբատը:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին» և Փաշինյանի նշած Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծին, լրատվամիջոցը նախ կրկնել էր՝ «Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանական նախաձեռնություն է, և հավելել էր, թե փորձել են վիզուալ պատկերացնել՝ որտեղ կարող է «տեղակայվել» «հայկական խաչմերուկը», բայց ոչ մի բան չի ստացվել, և դիմել են քարտեզի օգնությանը:
««Զանգեզուրի միջանցքը», որը ձգվում է Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան, և հետո՝ Թուրքիա, իրականում hատվում է երկաթուղային գծի հետ, որը կարող է միանալ նախագծին: Բայց սա ոչ թե ՀՀ տարածքում, այլ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Բանն այն է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը (նախագծի հայկական հատվածը) անցնում է Նախիջևանի տարածքով: Այդ գիծը գոյություն ուներ դեռ խորհրդային ժամանակներից և դադարել է գործել պատերազմը սկսվելուց հետո: Բայց, ի տարբերություն Զանգեզուրով անցնող ճանապարհի, այն հիմնականում պահպանվել է: ՀՀ-ում վստահ են, որ այս ճանապարհներով շարժը հնարավոր է վերականգնել առավելագույնը մեկ տարում: Բայց սա՝ եթե խոսքը երկաթգծային ճանապարհի մասին է»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը և նշել, որ եթե խոսքն ավտոմոբիլային հաղորդակցության մասին է, ապա այն ենթադրում է նախագիծ, որի իրականացման համար ՀՀ-ից ավելի երկար ժամանակ է պահանջվելու:
Ադրբեջանական կողմը նկատել էր նաև, որ Փաշինյանը փորձում է Հյուսիս-Հարավ նախագիծը կապել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցի հետ, մինչդեռ, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, իրանական կողմը հասկացրել է ՀՀ-ին՝ «Հյուսիս-Հարավը» ոչ մի առնչություն չունի «Զանգեզուրի միջանցքի հետ»:
«Փաշինյանը չպետք է ոչ մի բան հնարի, ամեն ինչ արդեն իր փոխարեն մտածած է: Եթե նա իրապես ուզում է Հայաստանի տնտեսությունը բարձրացնել, պետք է լսի Բաքվի խորհուրդներին: Իհարկե, ադրբեջանական կողմն առաջին հերթին՝ իր սեփական շահերով է առաջնորդվելու, բայց կանի նաև այնպես, որ գործընկերները նախագծերից հետ չմնան: Ինչ-որ բան հուշում է, որ Փաշինյանն այս ամենը հասկանում է, և հնարավոր է՝ նրա «հայկական խաչմերուկը» փորձ է համոզել հայերին, որ նրանց «Զանգեզուրի միջանցքը» պետք է»,- գրել էր day.az-ի հոդվածագիրը:
«Հյուսիս-Հարավը և Արևելք-Արևմուտքը որոշվում է աշխարհագրությամբ, ոչ թե փաշինյանական ցանկություններով: Փաշինյանն իշխանության եկել է մեդիայից: Նա սովոր է մանիպուլյացիայի, և հաճախ կորցնում է իրականության և քարոզչության միջև ընկած սահմանը»,- day.az-ի հետ զրույցում ասել էր քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Իսկ 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել էր իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները, որտեղ նշվում է, որ «բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Այլ հարց է՝ Փաշինյանի խաղաղության օրակարգի արդյունքում ՀՀ տարածքում ինչ ենթակառուցվածքներ են մնալու, ինչ ճակատագիր է դրանց սպասվելու:
Իսկ «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ Ալիևը հստակ հայտարարել է.
«Հայաստանը ցանկանում է դառնալ խաչմերուկ: Նրանք դա անվանում են «Խաղաղության խաչմերուկ»: Բայց խաղաղության խաչմերուկ դառնալու համար Հայաստանը նաև Ադրբեջանի հետ պիտի համաձայնության գա: Եթե Ադրբեջանը չհամաձայնի, դա իրենից կներկայացնի ընդամենը թուղթ կամ հայտարարություն: Առանց մեզ հետ համաձայնության գալու՝ դա միանգամայն անօգուտ է: Ցավոք, նրանք փորձում են «Խաղաղության խաչմերուկը» քննարկել տարբեր երկրների հետ՝ տարածաշրջանից հեռու գտնվող, բայց երբ հարցը գործին է հասնում, մեզ հետ չեն ուզում քննարկել»:
Այնուհետև Ալիևը շարունակել է՝ հիշեցնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի մասին, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
«Եթե ինչ-որ պատճառով Հայաստանը չի ցանկանում, որ վերահսկողություն սահմանի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող այդ մասին բաց հայտարարի: Բայց չպետք է մոռանալ, որ իրենք են դա ստորագրել, և պետք է հարգեն իրենց ստորագրությունը»,- շեշտել է Ալիևը և հավելել, որ Հայաստանը երբեք չի լինի տարանցիկ երկիր՝ ակնարկելով, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» սպեկուլյացիա է և առանց Ադրբեջանի՝ անիրատեսական:
«Եթե նրանք մտածում են, որ ինչ-որ մեկը կգա և երկաթգիծ կկառուցի Իրանից Հայաստան և Վրաստան, ապա նրանք պետք է գտնեն մեկին, ով ներդրում կանի՝ 5-7 միլիարդ դոլար, և հայտնի չէ՝ ինչ պատճառով»,- ընդգծել է Ալիևը:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենը շատ լավ էլ գիտակցում է, և այս գիտակցումով է նման նախագիծ մշակվել՝ գուցե համատեղ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
Երրորդ, Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ, ինչպես նշեցինք, պահանջ է դրել, որ Հայաստանը չզինվի այնքան, որը կարող է վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, և, որ սա կնշանակի սպառազինության մրցավազքի շարունակում տարածաշրջանում: Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայից, Հնդկաստանից Հայաստանին մատակարարվող զենքի մասին է:
«Նրանք դա անում են բաց և ցուցադրական, և անգամ փորձում են դրանով ինչ-որ բան ապացուցել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն դրսևորել Հայաստանի նկատմամբ: Եթե մեզ համար լուրջ սպառնալիք տեսնենք, ստիպված ենք լինելու լուրջ քայլեր ձեռնարկել,- շեշտել է Ալիևը և հավելել,- Եթե խաղաղության պայմանագիրը չկնքվի, սպառազինության մրցավազքը կշարունակվի: Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության համաձայնագրի, բայց արդյոք Հայաստանին կոմֆորտ կլինի՞ մեր կողքին ապրելն առանց դրա, չեմ կարծում»:
Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանին, իսկ ՀՀ իշխանությունները վստահ չլինելով սահմանազատման, սահմանագծման գործընթացի արդյունքում (Ալիևի խոսքով՝ վերադարձվել է 4 գյուղ, 10-12 կմ արդեն սահմանազատված է, սկսվել է սահմանագծումը, Տավուշում Ադրբեջանի հետ սահմանին արդեն 20 սյուն է տեղադրվել) և խաղաղության պայմանագրի կնքման դեպքում, անվտանգության երաշխիքների հարցում, հետևողականորեն թուլացնում են երկրի անվտանգային դիմադրողականությունը՝ անունը դնելով՝ պետական սահման ունենալ:
Իսկ Հնդկաստանը հերթական անգամ արձագանքել է Ադրբեջանին և հասկացրել, որ Հայաստանին զենքի մատակարարումն ընդամենը բիզնես է և ոչ ավելին: Ի դեպ, հնդկական ANI գործակալության տեղեկություններով՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» զենիթահրթիռային համակարգ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժեքով:
Չորրորդ, 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ հայտարարել էր.
«Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում»։
«COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ Ալիևը կրկնել է այս զգուշացումը: «Մեզ մտահոգում են գոյություն ունեցող և պոտենցիալ ռևանշիստական տենդենցները: Եվ մենք միանգամայն իրավունք ունենք մտահոգվելու՝ հաշվի առնելով, որ ժամանակին Հայաստանն «օկուպացրել» էր մեր տարածքը» (չակերտները՝ Մ.Պ.-ի): Այնպես որ, մենք իրավունք ունենք շատ լրջորեն կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում Հայաստանում»:
Ի դեպ, այս համատեքստում Ալիևը նաև ակնարկել է, որ չի վստահում Փաշինյանին, որը տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ է արել Ղարաբաղի հետ կապված: