Ինչպե՞ս է ԵՄ-ն սպառնում Վրաստանին, և ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը
Հարավային Կովկասում Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգին զուգահեռ՝ ուշագրավ զարգացումներ են գրանցվում մեկ այլ ուղղությամբ՝ Վրաստան-Արևմուտք հարաբերություններում։
Միայն առաջին հայացքից հարևան Վրաստանում ծավալվող իրադարձությունները չեն վերաբերում Հայաստանին և ավելի լայն՝ ռեգիոնին։ Իսկ իրականում թե հայ-ադրբեջանական, թե վրացական ուղղությամբ գրանցվում են աշխարհաքաղաքական նույնական միտումները, պարզապես տարբեր սցենարներով։
Վրացական օրինակն ուսանելի է նաև Հայաստանի համար, որի իշխանությունները հայտարարում են, թե նպատակ ունեն դառնալ եվրոպական ընտանիքի մաս՝ միանալով ԵՄ-ին։ Արտաքին քաղաքական նման վեկտոր Վրաստանը որդեգրել է դեռ տասնամյակներ առաջ, իրականացնելով ահռելի աշխատանք այդ ուղղությամբ, ինչպես նաև անցնելով պատերազմ 2008 թվականին Ռուսաստանի հետ, կորցնելով Աբխազիան և Հարավային Օսեթիան, ինչը դարձավ ծանր էջ Վրաստանի ժամանակակից պատմության ընթացքում։
Ըստ որոշ գնահատականների, դա այն գինն էր, որը Վրաստանը վճարեց իր եվրոպական ինտեգրացիայի ուղու համար։
Անցնելով այդ ծանր ու տևական ճանապարհը և միայն ամիսներ առաջ ստանալով ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ԵՄ-ից ամենաբարձր մակարդակով Վրաստանին սպառնում են փակել ԵՄ դռները որոշումների համար, որոնք համաձայնեցված չեն Արևմուտքի հետ։ Խոսքը, մասնավորապես, օտարերկրյա գործակալների օրենքի ընդունման մասին է։ Մինչ Հայաստանի դեպքում արևմտյան պաշտոնյաները լռում են և, կարելի է ասել, չեն ողջունում փողոցային շարժումն իշխանության դեմ՝ փորձելով Փաշինյանի իշխանությանը որակել՝ որպես կայացած ժողովրդավարություն, Վրաստանի դեպքում, որն ահռելի ճանպարհ է անցել, ստորագրել և վավերացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և ԽՀԱԱԳ, իրականացնելով բարեփոխումների պատկառելի փաթեթ։
Սակայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին և ԼԳԲՏ* քարոզչության արգելքին, հայտարարել է, որ Եվրամիության դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի իշխանությունը շարունակի իր քաղաքականությունը։
«Վրաստանի ժողովրդի համար դեպի ԵՄ ճանապարհը բաց է։ Եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ ճանապարհը կփակվի… Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն ընդունել, խոսքը հնարավոր միջոցների շուրջ քննարկումների մասին է…»,- օրերս Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ ասել է նա:
Միջոցառումներից մեկը, ըստ պաշտոնյայի, կարող է դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամից տրվող ֆինանսական աջակցության կրճատումը: Բրյուսելը կարող է նաև դադարեցնել կամ սահմանափակել բարձր մակարդակով շփումները։ Միևնույն ժամանակ Բորելը նշել է, որ նման միջոցառումները չպետք է ազդեն բնակչության վրա:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ չի բացառվում` ԵՄ-ն, ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի, մի շարք միջոցներ ձեռնարկի Վրաստանի դեմ, այդ թվում՝ կասեցնի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:
Աղմկահարույց օրենքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել նաև ԼԳԲՏ* քարոզչության հրապարակային ակցիաները, իսկ սեռափոխության գործողությունները` քրեականացնել:
Ըստ որոշ մեկնաբանությունների՝ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը սառեցված է։ Սա, իհարկե, առանցքային ռեգիոնալ ու միջազգային իրադարձություն է։
«Վերջին ամիսներին տեղի ունեցավ կարևոր իրադարձություն՝ մեր բարեկամ Վրաստանը դարձավ ԵՄ անդամության թեկնածու երկիր։ Սա մի իրադարձություն է, որն անպայման կանդրադառնա տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա։ Եթե ես շնորհավորել եմ Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա ակնհայտ է, որ դա դրական իրադարձություն եմ համարում»,- այս մասին «Telegraph»-ին տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվար ամսին։ Ավելի վաղ նա սա Հարավային Կովկասի համար դարակազմիկ իրադարձություն էր որակել, նշելով, որ սա կանդրադառնա ռեգիոնի, ինչպես նաև ռեգիոնալ երկրների հարաբերությունների վրա։
Վրացի քաղաքական մեկնաբանները գտնում են, որ ԵՄ անդամակցության որևէ թեկնածու երկիր չի արել այնպիսի քայլեր, ինչպիսիք արել են Վրաստանի իշխանությունները։ Մյուս կողմից՝ շատերը հաշվի չեն առնում հանգամանքը, որ Թուրքիան, արդեն 30 տարի է՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի և այս ընթացքում ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ունեցել են բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ Վրաստանը, թեև ԵՄ անդամակցության թեկնածու է, չի ընդունում այնպիսի օրենքներ, որոնք ընդունում են ԵՄ-ում։ Գոգոլաշվիլին, ընդհանուր առմամբ, վրաց իշխանություններին է մեղադրում այն իրավիճակի համար, որը ստեղծվել է Վրաստան-ԵՄ հարաբերություններում:
Կան նաև վերլուծաբաններ, որոնք պնդում են՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը ցույց տվեց, որ ԵՄ-ն Վրաստանին ընկալում է՝ որպես վասալ, որն ինքնուրույն որոշումներ չպետք է կայացնի, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը վաղուց կայացրել է եվրաինտեգրացիայի որոշում և կորցրել իր տարածքների մի մասն այդ պատճառով։
Մեր վրացական մերձիշխանական աղբյուրներից մեկը, գնահատելով իրավիճակը, նշեց․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանը չի կարող կայացնել որևէ ինքնուրույն որոշում։ Թեև մեր հասարակությունը կայացրել է այդ որոշումը, և Վրաստանի ապագան, այնուամենայնիվ, ԵՄ-ում է, հարցերի նման կտրուկ առաջադրումն անհանգստացնում է շատերին, հատկապես, երբ սպառնալիքներ են հնչում՝ պետք է կատարվեն ԵՄ բոլոր պահանջները կամ ԵՄ դռները կփակվեն։ Ակնհայտ է նաև, որ ԵՄ-ի վերաբերմունքը Վրաստանի իշխանությունների դեմ սրվեց, երբ Վրաստանը չմիացավ հակառուսական որոշումներին։ Բնական է, որ այսօր էլ՝ ԵՄ բոլոր պահանջներն իրագործելուց հետո, ԵՄ-ն պահանջելու է միանալ հակառուսական բոլոր պատժամիջոցներին և որոշումներին՝ թույլ չտալով որևէ ինքնուրույնություն»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵՄ բացահայտ սպառնալիքները՝ ուղղված Վրաստանի իշխանություններին, իհարկե, չափազանց անհանգստացնող փաստ են և լիովին արտացոլում են ԵՄ վերաբերմունքը ԵՄ անդամակցության կուրս ընտրած երկրների նկատմամբ։
Ըստ նրա, աշխարհաքաղաքական կենտրոնը, որտեղ, ըստ Արևմուտքի, սկիզբ են առել ժողովրդավարական արժեքները, ինքն է ըստ էության իրականացնում քայլեր, որոնք ոտնահարում են այդ արժեքները, կասկածի տակ դնում արևմտյան համակարգերի ճշմարտացիությունը։
«Վերջին տարիներին ԵՄ-ն հարավային Կովկասում հիմնվել է Վրաստանի, ինչպես նաև շատ վերջերս՝ Հայաստանի վրա, որն իրականացնում է ԵՄ բոլոր ցանկությունները։ Սակայն Վրաստանի իշխանությունների կողմից ինքնուրույնության դրսևորումները, կարծում եմ, պատժվելու են և ռեգիոնում թուլացնելու են արևմտյան ներկայությունը, ազդեցությունը, ինչը միջազգային նշանակության իրադարձություն է։
Թեև, պետք է նաև նկատել, որ այդ ազդեցությունն ավելանում է Հայաստանում, և ԵՄ-ն այս փուլում չի ունենա այլ ելք, քան հիմնվել հենց Հայաստանի վրա։ Վրաստանի նկատմամբ ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ ռեգիոնի նկատմամբ արևմտյան ճնշումները մեծանալու են, «կամ-կամ» ընտրությունը սուր է դրված, ոչ մի հարցում ինքնիշխանություն, չեզոքություն չեն հանդուրժելու։
Ավելին՝ իշխանություններին տարանջատում են ժողովրդից՝ դրանով ժողովրդին ոգևորելով հավաքների իշխանության դեմ։ Մենք տեսանք, թե ինչպես էին ողջունում և ոգևորում Թբիլիսիի հանրահավաքներն իշխանության դեմ։ Վրաստանը, օրինակ, չափազանց ուսանելի է Հայաստանի համար, դասերը, որոնք կարող են առնվել, շատ-շատ են։ Վրաստանի օրինակով ԵՄ-ն ցույց է տալիս երկակի ստանդարտների կլասիկ ու ցայտուն քաղաքականություն»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։
Նա գտնում է, որ այսուհետ Արևմուտքի այս ընթացքը միայն խորանալու է, ավելի ու ավելի շատ են հնչելու նման հայտարարություններ ու սպառնալիքներ։
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։