Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները խուսափում ՌԴ-ի հետ շփումներից, և ինչո՞ւ ՀՀ շրջադարձը դեպի Արևմուտք լիարժեք չէ. մեկնաբանում է վերլուծաբանը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը բացահայտեց հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ այն, ինչ տեսանելի էր ամիսներ շարունակ։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում փոխարտգործնախարար Գալուզինն ասել է, որ Հայաստանը խուսափում է արտգործնախարարության և պաշտպանության նախարարության խողովակներով շփվել Ռուսաստանի հետ։

Միխայիլ Գալուզինը սա համարել է Արևմուտքի ճնշման արդյունք։

Նա արձանագրել է, որ 2023 թվականի նոյեմբերից Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել, հայկական կողմը, ըստ նրա, շահագրգռված չի եղել արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագիր մշակելու և ստորագրելու Մոսկվայի առաջարկով։

Կարդացեք նաև

«Մեր մեղքով չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք՝ որպես արևմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել Մոսկվայի հետ կապերը»,- ասել է Գալուզինը։

Ռուսական կողմը հույս է հայտնել, որ խնդրահարույց հարցերի ուղղությամբ աշխատելու Երևանի մտադրությունները գործնական ընթացք կստանան։ «Մենք պատրաստ ենք դրան»,-  ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում՝ հիշեցնելով մայիսի 8-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, իսկ փետրվարին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։

Հիշեցնենք, որ այդ միջոցառման շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հաստատվեց հայ-ադրբեջանական սահմաններից և «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու որոշումը։

Ավելի վաղ՝ մարտ ամսին, Известия-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները կապի մեջ չեն լինում ռուսական կողմի հետ, և ինքը վերջին անգամ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է 2023 թվականի նոյեմբերին։

Չնայած հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին մեկնեց ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, Պուտինի հետ շփումներից, հեռախոսազանգերից խուսափում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազանգը տեղի ունեցավ ռուսական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանի ծննդյան օրը։

Ռուս քաղաքական-տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները սառեցրել են ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների բարձրաստիճան շփումները, սակայն շարունակվում են հայ-ռուսական հարաբերությունները, ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Ըստ նրա, շատերի համար սա անհասկանալի քաղաքականություն է, որովհետև հնարավոր չէ համարել լիարժեք շրջադարձ դեպի Արևմուտք։

«Սակայն ակնհայտ է նաև, որ, փորձելով Արևմուտքին ցույց տալ, թե կատարվում է շրջադարձ, ՀՀ-ն ակնկալիքներ ունի Արևմուտքից, որոնք գուցեև մասամբ բավարարվեն միմիայն այն դեպքում, երբ իրապես շրջադարձ տեղի ունենա։ Իսկ ՀՀ-ն շրջադարձ չի անում, որովհետև որևէ մեկը վստահ չէ, թե ինչպես կդասավորվեն աշխարհաքաղաքական հարցերն ապագայում։ ՀՀ իշխանությունները նաև վստահ չեն՝ արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ երբևէ մաս կազմել ԵՄ-ին, եթե, օրինակ, նման հայտ ներկայացվի։ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի օրինակները լավագույնս ցույց տվեցին, թե ինչ իրավիճակում են հայտնվում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնող երկրները և այդ անցումային փուլում ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում։

ՀՀ-ն այն երկիրն է, որն արդեն տեսել է այս երկրների փորձը, և կարծում եմ, ՀՀ-ում հասկանում են, որ դա կարող է երկարատև ու բարդ փուլ լինել։ Սակայն մասամբ հասկանալի է նաև ՀՀ իշխանությունների մղումը դեպի Արևմուտք, քանի որ ՌԴ-ն ներկայումս կենտրոնացած է իր գլխավոր մարտահրավերի վրա, թեև ընդհանուր առմամբ փորձում են ցույց տալ, թե բնականոն քաղաքականությունը շարունակվում է, սակայն դա այդքան էլ այդպես չէ, ինչը բնական է»,- ասաց Սիմոնովը։

Նրա կարծիքով, ՌԴ փոխարտգործնախարարը, թերևս, ճիշտ է, երբ նշում է, որ Արևմուտքի պատճառով են այդ շփումները հասել նվազագույնի։

Սիմոնովի կարծիքով, խնդիրն այն է, որ Հայաստանի ու ԵՄ-ի ակնկալիքները միմյանցից էականորեն տարբերվում են։

«ՀՀ իշխանությունները կցանկանային օր առաջ դառնալ ԵՄ մաս, իսկ ԵՄ-ին ՀՀ ներկայիս կարգավիճակը ևս գոհացնում է, իսկ ԵՄ անդամակցությունը ենթադրելու է ավելի մեծ պատասխանատվություն աշխարհի համար այս բարդ փուլում։ ԵՄ-ի և ընդհանրապես Արևմուտքի խնդիրն է ՌԴ դիրքերի թուլացումը, ՌԴ ազդեցության նվազեցումը Հարավային Կովկասում։

Հայաստանի մասով, կարելի է ասել, որ ԵՄ-ն հաջողություն ունեցավ, սակայն Ադրբեջանի ու Վրաստանի մասով՝ ոչ։ Ադրբեջանը չի հավակնում միանալ արևմտյան համայնքին, Վրաստանը վավերացրեց օտարերկրյա գործակալների Արևմուտքում քննադատված օրինագիծը, անցնելով ներքին անկայունության երկար շղթայի միջով։

Այս կոնտեքստում կարևոր եմ համարում հիշեցնել, որ Թուրքիան ցանկություն հայտնեց միանալ ԲՐԻՔՍ-ին, որի կազմում են ՌԴ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, այս կառույցը հավակնում է ավելի մեծ գլոբալ ազդեցության և ԱՄՆ-ին մարտահրավեր նետելուն։ Թուրքիան իր այս ցանկության մասին հայտնեց նաև ամերիկյան կողմին, ուստի գլոբալ մակարդակում, ինչպես նաև ռեգիոնների, ուշագրավ զարգացումներ և փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ ՀՀ որոշումները և անցումային դիրքավորումները, կարծում եմ, կախված են նաև գլոբալ զարգացումների վեկտորներից»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս