Ի՞նչ մտավախություններ ունի Բլինքենը և ինչո՞ւ է աջակցում Փաշինյանի քաղաքական կուրսին

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական հեռախոսազրույցն ունեցավ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ Իլհամ Ալիևի հետ։ Ի դեպ, Փաշինյանը Բլինքենի հետ վերջին անգամ զրուցել էր ապրիլի 5-ին, աղմկահարույց եռակողմ հանդիպման շրջանակում։

Փաշինյան-Բլինքեն հերթական շփումը մեծ աժիոտաժ ու ոգևորություն է առաջացրել հայաստանյան արևմտամետ շրջանակների մոտ, որը իբրև թե վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը՝ ինչպես ՀՀ տարածքային ամբողջականությանն, այնպես էլ Փաշինյանի կուրսին։

Ի թիվս այլ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի, հաղորդագրությունում ասվում էր․ «Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը: Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում»։

Կարդացեք նաև

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք՝ աջակցելու նրա տեսլականին բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի համար»,- փոխանցել էր Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ հեռախոսազրույցի փաստը, դրանում քննարկված թեմաները պետք է բաժանել մի քանի մասի։

Առաջինը, ըստ նրա, ԱՄՆ-ի մտահոգությունն է, որ բանակցություններում Արևմուտքն այլևս մասնակցություն չունի։

«Սրանից բխում է մտահոգությունը, որ կարող է Ռուսաստանը միջամտել կողմերի միջև բանակցություններում, ուստի առաջ է բերվում Պրահայի պայմանավորվածությունը, այնինչ դրանից այլևս ոչ ոք չի խոսում, այդ թվում՝ Ադրբեջանը, որը վերջերս բարձրացրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի հարցը։ Այլ հարց է՝ լա՞վ է, թե՞ վատ մեկ փաստաթղթից մյուսին անցնելը, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացը հստակ տրամաբանություն ու մոտեցում չունի, ուստի սա ևս փաստորեն ընկալվում է։ Ընկալվում է այնպես, ինչպես Ռուսաստանի բանակցային հովանուց Արևմուտք տեղափոխվելը և այլ բովանդակությամբ փաստաթուղթ ընդունելը»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, այս մտահոգությունները կապ ունեն Ղազախստանում սպասվող բանակցությունների հետ, որոնք տեղի են ունենալու երկկողմ ձևաչափով։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբանը գտնում է նաև, որ ԱՄՆ աջակցությունը ՀՀ իշխանություններին լիովին հասկանալի է, քանի որ նրանք վարում են ԱՄՆ շահերին լիովին համապատասխան քաղաքականություն, որը միտված է ռեգիոնից Ռուսաստանի դուրսմղմանը։

«Դա համակարգային գործընթաց է և, արևմտյան պատկերացմամբ, բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ բոլոր հակամարտությունների կարգավորում, ՌԴ ներկայության դուրսբերում։ Այս բոլոր մասերով ՀՀ քաղաքականությունը համապատասխանում է արևմտյան շահերին։ Այս դեպքում Արևմուտքի համար էական չէ, թե ինչ է զիջում կամ չի զիջում Հայաստանը, կարևորը կարգավորումն է, խնդիրների վերացումը, ինչն էլ իբրև թե փորձում է անել ՀՀ իշխանությունը։ Թեև զիջումները երբեք երկարատև ու կայուն խաղաղության չեն բերում, խաղաղություն ձևավորվում է հավասարակշռությամբ և փոխզիջումներով։ Ուստի այս ամենն ունի հստակ բացատրություն»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ առաջիկայում Ղազախստանում սպասվող ԱԳ նախարարների հանդիպումը բանակցողների տեսանկյունից կլինի արդյունավետ, քանի որ սահմանազատման շուրջ առաջին որոշումները՝ ՀՀ-ի համաձայնությունը՝ սկսել գործընթացն Ադրբեջանի ցանկացած մարզից, գոհացնում է թե պաշտոնական Երևանին, թե Բաքվին։

«Այս փուլում որոշակի փոխըմբռնում ունեն կողմերը, սակայն Ադրբեջանը նաև այլ պահանջներ ունի, որոնք վերաբերում են միջանցքի ու ՀՀ սահմանադրության հարցին։ Ինչպես են այս ամենին արձագանքելու ՀՀ իշխանությունները, չափազանց հետաքրքիր է, քանի որ ամեն հերթական իբրև թե լուծումից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնում, և սա արդեն անվերջանալի գործընթացի է նմանվում»,- նկատեց վերլուծաբանը։

Եվսեևը չի բացառում, որ ՀՀ իշխանությունները Մոսկվայում մասնակցեն ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, թեև հարաբերությունները, մեղմ ասած, լարված են։

Ըստ նրա, ՀՀ-ն, ի վերջո, ԵԱՏՄ անդամ է, ԵԱՏՄ միջոցառումներից չի հրաժարվել, ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, Արևմուտքից երաշխիքներ չի ստացել։

«Կրկնեմ, որ եթե վստահություն լիներ, ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը կնախաձեռներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս