Կիև է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը
ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսքոլը և շտաբի պետ Ռենդի Ջորջը ժամանել են Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ուկրաինացի զինվորական ղեկավարների և օրենսդիրների հետ հանդիպումների համար:
Այս մասին հաղորդում է POLITICO-ն։ Ըստ հրապարակման՝ ուղևորության առանցքում կլինի Ուկրաինայի ղեկավարության մասնակցությունը Ռուսաստանի հետ կասեցված խաղաղության գործընթացին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է միջոց գտնել՝ արագացնելու պատերազմի ավարտը, թեև Մոսկվան մերժել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բոլոր նախորդ փորձերն՝ ուղղված մարտական գործողությունները դադարեցմանը։
Հրատարակությունը գրում է, որ այցը տեղի է ունենում «Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ակտիվացման պայմաններում, և արևմտյան դաշնակիցները ողջ ուժով փորձում են նոր միջոցներ գտնել Կիևին զենքի մատակարարումները շարունակելու համար»։
POLITICO-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան նաև աշխատում են անօդաչու թռչող սարքերի և ավտոնոմ տեխնոլոգիաների փոխանակման շուրջ խոշոր գործարքի վրա, և այցը մասամբ կոչված է աջակցելու այդ ջանքերին։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։
Axios-ի զրուցակիցների տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետից՝ չորս հիմնական բաղադրիչներով. խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերությունները Մոսկվայի ու Կիևի հետ։

