Ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով, դիմումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշվեհամարներին ստացել են վերը նշված ընկերություններին և անձանց տրամադրման ենթակա գումարները:
Արդյունքում, ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումարը:
Ս.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

