Փաշինյանն իր իշխանությունը պահում է բացառապես դրսի և օտար աջակցության շնորհիվ. վճարում են Տավուշը, Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Զինված ուժերը. Արտակ Զաքարյան
«Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ անվտանգությունը պետք է կառուցվի ներքին ռեսուրսների հիման վրա, և ազգային պրոֆեսիոնալները պետք է կարողանան ցույց տալ այդ ռեսուրսները և դրանց շուրջ համախմբել մարդկանց ջանքերը, այդ թվում՝ Սփյուռքի:
«Այսինքն, կարողանան առաջիկա 5-10 տարիների կտրվածքով Հայաստանի համար հայտարարել այնպիսի ծրագրեր և գործողություններ, որոնք առնվազն հասկանալի և ընկալելի կլինեն մեր դաշնակից պետությունների համար, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի»,- նշել է նա՝ արձանագրելով, որ աշխարհը գնում է բացառապես ազգային շահերի վրա հիմնված քաղաքականության, ինչի օրինակ են Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական առանձին երկրներ, այսինքն, գլոբալիզացիան արդեն իսկ սպառված հասկացություն է, իսկ ԵՄ-ն իր գրավչությունը կորցնելու ճանապարհին է:
«Հայաստանն այնքան է մեկուսացել, որ ում մտքով անցնի, կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել: Սա սրանց 6 տարիների դիլետանտ և դավաճան քաղաքականության հետևանքն է, որ հեռացել են ազգայինից, դարձել կախյալ»,- ասել է Արտակ Զաքարյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է բացառապես դրսի և օտար աջակցության շնորհիվ, ինչը գին ունի. դրա փոխարեն վճարում է Գեղարքունիքի մարզը, Տավուշը, Վայոց ձորը, Սյունիքը, Զինված ուժերը, Արցախն է վճարել, վաղն Արարատն է վճարելու:
Մանրամասները՝ տեսանյութում