Նիկոլը համաձայնել է հանուն իր իշխանության՝ հրաժարվել մեր ազգային շահերից. եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց, մեր գոյությունը դառնում է անիմաստ. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ռուսաստանին հաջողվել է վերադառնալ դաշտ, և հիմա Ուկրաինայում նա վարում է գլոբալ պետություն դառնալու իր պատերազմը։ Ռուսաստանն ասում է՝ ես ուզում եմ՝ աշխարհը լինի բազմաբևեռ, այսինքն՝ որ միայն ԱՄՆ-ը չլինի խաղի կանոններ թելադրող։ Այս պատերազմը կավարտվի՝ Ուկրաինան մասնատելով։ Մարդիկ շուտով կտեսնեն՝ ինչպես են Ուկրաինան մասնատում։
  • Հարավային Կովկասում ազդեցության գոտու վերափոխման կռիվ է։ Եթե մենք ասում ենք՝ չպետք է գտնվենք Ռուսաստանի ազդեցության գոտում, ուրեմն մենք դրանով մեզ դնում ենք Թուրքիայի ազդեցության գոտում։
  • Մենք ազգային պետություն ենք, որը վեր է հառնել մոխիրներից ու Ցեղասպանությունից հետո պետություն է ստեղծել։ Այսօր, երբ այս իշխանությունների քայլերի արդյունքում մենք հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց, մեր պետության՝ այս տարածաշրջանում գոյությունը դառնում է անիմաստ։
  • Ռուսաստանն ամբողջապես հետ չի քաշվի տարածաշրջանից, որովհետև ինքը հասկանում է՝ եթե երկու թուրքական աշխարհները միավորվեն, ինչ-որ պահի նրանք շուռ են գալու իր դեմ։ Իր շահերի համար Ռուսաստանը հետ է գալու։ 
  • Հայաստանում Ռուսաստանի դեմ գլոբալ քաղաքականություն է տարվում պրոքսի «քաղաքագետների» կողմից, որ Ռուսաստանը մեզ թշնամի պետություն է։ Գլոբալ խաչմերուկում գտնվելով և մեր ազգային շահերից հրաժարվելով՝ մենք դառնում ենք գործիք բոլորի ձեռքին։
  • Բա ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հայկական տնտեսությունը ռուսականացնելուն ավելի մեծ թափ հաղորդվեց, քան նախկինում էր։ Հենց հիմա Հայաստանը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ բանակցում է նոր տնտեսական բլոկում գտնվելու համար։ Բա դա ո՞նց եղավ։ Ո՞նց եղավ, որ հիմա ռուսների հետ բանակցում են ատոմակայանի կառավարումը հետագայում էլ նրանց հետ իրականացնելու համար։ Չնայած Արևմուտքը՝ Թուրքիայի միջոցով, ու Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի ատոմակայանի աշխատանքներին և ամեն ինչ անում են, որ փակվի, ու Հայաստանն էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվի: Ռուսաստանն այստեղից դուրս չի գալու։ 
  • Փաշինյանը և նրա թիմն ինչ անում են, անում են թուրքական օրակարգեր սպասարկելու համար։

Կարդացեք նաև

  • Նիկոլը համաձայնել է հանուն իր իշխանության՝ հրաժարվել մեր ազգային շահերից ու տարածաշրջանային այս խաչմերուկը մի մասով հանձնել թուրքական ազդեցության։ 
  • Ելքը՝ հայկական իրավունքներն ու շահերն առաջ տանող ազգային պետությունն է: 
  • Մենք էներգետիկ անվտանգության լուրջ խնդիր ունենք։ Ֆրանսիա՞ն է գալու այստեղ նոր ատոմակայան կառուցի։ Ես խիստ կասկածում եմ։
  • Եթե մեր հանրությանը համոզեն, ու մենք հրաժարվենք այն ազդեցություններից, որը կա հիմա, կտեսնենք ՝մեր ժողովրդի սոցիալական վիճակը ինչ կլինի։
  • Մենք պետք է առաջ տանենք մեր ազգային շահերը՝ տարածաշրջանի պետությունների, մեր դաշնակիցների հետ համագործակցելով։
  • Արևմուտքը սանկցիաների տակ է դրել ռուսական գազն ու նավթը, բայց դրանք գնում է Ադրբեջանի միջոցով։ 
  • Թշնամուն պետք է զրկել իր եկամուտների աղբյուրից, որով նա քո դեմ կռիվ է անում ու քեզ զրկում քո տունուտեղից, քո հայրենիքից։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ասում էր՝ հանկարծ չպայթեցնեք նավթատար և գազատար խողովակները։ Իրականության մեջ բրիտանացիների շահերից է բխում, որ այստեղ հանկարծ կոնֆլիկտ չլինի։
  • Նիկոլ Փաշինյանին ու նրան սատարող սորոսական ՀԿ-ներին հաջողվել է Արևմուտքին համոզել, իբրև թե Հայաստանի ընդդիմությունն ամբողջովին պրոռուսական դաշտից են։
  • Բազմաթիվ ծրագրեր ձախողող հայտնի Փաշինյանի կառավարությունը խոսում է Արևմուտքից 265 միլիոն դոլար աջակցություն ստանալու մասին։ Նախ՝ նկատենք, որ այդ աջակցության գումարները պետական բյուջե չեն մտնելու: Շատ հնարավոր է՝ այդ գումարի ստացումը ևս կձախողեն։
  • Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ամրապնդելու համար շեշտակի մեծացրել է իրեն լոյալ պետական ապարատի ու ոստիկանության ծախսերը։ Բայց հարկային մուտքերը համարժեք չեն մեծանում, ինչը նշանակում է՝ եկամուտների այլ աղբյուրներ հայթայթել։ Դրա համար պետք է փոքրացնի ստվերային տնտեսությունը։ Հարկելու համար նա խիստ ռեպրեսիվ գործիքներ պիտի կիրառի, ինչը և անում է, օրինակ՝ համընդհանուր հայտարարագրման կամ բանկային գաղտնիքի մասին օրենքներով։

  • Հայաստանի քաղաքացուն Նիկոլը դարձրել է, իր իսկ խոսքերով ասած՝ տուգանքի մատերիալ:
  • Կարմիր գծերի գումարը թանկացնելով՝ քաղաքի երթևեկությունը չի բեռնաթափվում։ Եթե ազնիվ լինեին, դրա համար այլ եղանակներ կան։ Նպատակը փող հավաքելն է։ Այս իշխանության շահն է հանրությանը կառավարելի դարձնել՝ տարբեր խտրական բաժանումների միջոցով՝ հարուստներ, աղքատներ, կենտրոնի և ծայրամասի բնակիչներ, և այլն։
  • Մենք այսօր արդյունաբերություն չենք ստեղծում, որովհետև չունենք անվտանգ միջավայր։ Այս իշխանությունները ոչինչ չեն անում Հայաստանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հայաստանն այսօր որևէ արժեք չի ստեղծում։ 
  • Հայ ժողովրդին օգտագործում են և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը, և՛ Թուրքիան, և՛ Նիկոլ Փաշինյանը։ 
  • Եթե չես օգտվում քո իրավունքներից, եթե քո պետության, քո ազգային շահերը առաջ չես մղում՝ քեզ օգտագործում են:
  • Նախ, խայտառակություն է՝ Հայաստանը դնել այդ երկրների շարքում… Բացառվում է, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան եկած ապօրինի միգրանտները ձուլվեն, հարմարվեն մեր իրականության մեջ։ Նրանք, բացի այն, որ նաև կրիմինալ, ոչ աշխատունակ ռեսուրս են, նաև իսլամիստ ծայրահեղականներ են, դրա համար է Մեծ Բրիտանիան ուզում ազատվել նրանցից և տեղափոխել այլ երկրներ: 
  • Հայաստանում եթե լինի ազգային պետություն, ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որտեղ հենց հայերն են շատ լինելու, սփյուռքահայերը ցանկանալու են Հայաստանում ապրել։

 Տեղեկացնենք, որ բրիտանական The Times պարբերականը գրել էր, որ Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:

«Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին:

 Հաղորդվում է, որ համագործակցությունը քննարկվել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, բայց նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այդ համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են քննարկումներից։

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցությունների առաջընթացը կանգ է առել Ռուանդայի հետ համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, հենց որ Ռուանդայի սխեման գործարկվի:

Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:

 Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի սկզբին ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը PБK-ին հարցազրույցում պատասխանելով PБK հեռուստաընկերության հարցին՝ «Կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ է Թուրքիան իրեն այսպես ակտիվ պահում այս հակամարտությունում՝ փաստացի բացեիբաց կանգնելով Բաքվի և Ադրբեջանի ղեկավարության կողքին», հայտարարել է.

 «Եկեք միասին վերլուծենք: Նախ, հասկանանք պաշտոնական պատճառը, որը Թուրքիան հայտնում է, թե ինչու է ներգրավվել այս հակամարտության մեջ: Առաջին հերթին, նրանք հայտարարեցին, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Գիտեք ինչ, էթնիկ եղբայրներ Ռուսաստանը նույնպես ունի՝ ամբողջ Եվրոպայի սլավոնները: Թուրքիայի էթնիկ եղբայրներն Ադրբեջանից հասնում են մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն: Դա նշանակո՞ւմ է, որ նա ապագայում իրեն նույն կերպ պետք է պահի, եթե մտածի, որ իր էթնիկ եղբայրներին ինչ-որ բան է սպառնում:

 Երկրորդ պատճառն ամբողջությամբ անհեթեթություն է: Հին խաղաքարտեր օգտագործելով՝ ասում են, թե իբր Ղարաբաղի տարածքում կան քրդական որոշակի կազմակերպությունների զինյալներ: Սա բացարձակ անհեթեթություն է: Եթե գոնե մեկին գտնեք, ցույց տվեք: Սակայն, մյուս կողմից՝ նույն Թուրքիան Ադրբեջան է բերել հայտնի կազմակերպությունների ահաբեկիչների, որոնց անունները հայտնի են բոլորին: Այդ անունները հայտարարվել են նաև շատ երկրների համապատասխան ներկայացուցիչների՝ ներառյալ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների և նախարարների կողմից: Նրանք նույն ահաբեկիչներն են, որոնք ակտիվորեն աշխատել և վարժեցվել են Սիրիայի տարածքում, հետո նրանց մի մասին տեղափոխել են Եգիպտոս, այնուհետև՝ Լիբիա, որտեղից տրանսպորտային միջոցներով տեղափոխել են Ադրբեջանի տարածք:

 Որպես երրորդ պատճառ՝ ասվում է, թե իբր հայերը քիչ է մնում հարվածեն նավթատար և գազատար խողովակներին, այսինքն՝ ենթակառուցվածքներին, լոգիստիկային: Սա նույնպես բացարձակ անհեթեթություն է, որովհետև եթե հայերը մտադիր լինեին հարվածել այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, դա կանեին 20 տարի առաջ՝ ցույց տալով, որ առանց Հայաստանի չի կարելի կառուցել խողովակաշարեր, որ Հայաստանը պետք է այդ խողովակաշարերի մասը կազմի, կամ գոնե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծված լիներ նախքան այդ խողովակաշարերի կառուցումը: Սակայն հայերը դա չարեցին, քանի որ, ինչպես Ձեզ ասացի, հայերն ինչ-որ պատճառներով հավատում են միջազգային հարաբերություններին, միջազգային օրենքներին և նորմալ միջազգային վարքագծին: Ինչպես տեսնում եք, խողովակաշարեը կառուցվել են, և մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չի ուղղվել դրանց ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ է կուտակել: Եվ այդ միլիարդները ծախսվել են զենք գնելու համար, իսկ այդ զենքն այսօր ոչնչացնում է հայ երեխաներին, տատիկներին, կրակում է Ղարաբաղի հայկական գյուղերի, քաղաքների վրա»:

 Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք նաև, որ բոլորովին պատահական չէր նաև այն, որ 2020թ. հուլիսի 15-ին, վերջին տարիներին ստեղծված «Հանուն Հանրապետության» «կուսակցության» ղեկավար Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ»:

 Իհարկե, անհասկանալի պատճառներով, հետագայում Բաբաջանյանն իր այդ գրառումն անհետացնում է Ֆեյսբուքից:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս