Փողի համար դուք ամեն ինչ կանեք, ոչ միայն ադրբեջանցուն ու թուրքին, այլև սատանային կբերեք Հայաստան. Արթուր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 90-ական թվականներին ոչ միայն թուրքերը, այլև Պետդեպի պաշտոնյաներն էին ասում՝ լուծեք ձեր խնդիրը Թուրքիայի հետ, փակեք այդ էջը։ Իհարկե, պատահական չէր նաև այն, որ 10 տարի շարունակ ամերիկացիներն ասում էին՝ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Փաշինյանի կողմից առաջ քաշած թեզերը միշտ առաջ են քաշվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ու ինչ-որ չափով դրանք համընկել են Արևմուտքի շահերի հետ։ Բայց արդյո՞ք մեր շահերի հետ դրանք համընկնում են… Ո՛չ… Գեբելսյան մոտեցում է՝ կրկնել, կրկնել, անընդհատ ասել, մինչև դառնա իրականություն։
- Ռուսական կողմը կարող էր կտրուկ ճնշումներ գործադրել Փաշինյանի վրա, որովհետև դրա լծակներն ունի, բայց դա իրեն պետք չի, Ռուսաստանն իր խնդիրներն ունի։
- Փաշինյանն ու նրա թիմը մեծ հույսեր ունեին, որ Բրյուսելում Հայաստանի անվտանգության դիլեմայի վերաբերյալ պատասխաններ են ստանալու։ Բայց այնտեղ էլ բացահայտ ասացին՝ մենք ձեր անվտանգությունը չենք ապահովելու։ Նրանք հստակ ասում են՝ ձեր անվտանգությունը Թուրքիան է տալու:
- Լավ-վատ, քո անվտանգությունն ապահովող Ռուսաստանի հետ թշնամանում ես, բայց փոխարենը՝ Արևմուտքից չես ստանում ոչինչ։
- Փաշինյանն ադապտիվ առաջնորդ է փորձում խաղալ, բայց դա չի նշանակում, որ դու պիտի քո նպատակները, էությունը փոխես․ դա քամելեոնն է։ Ռուսներն էլ նրան օգտագործեցին ընդդեմ հայկական շահերի՝ բավարարելով սեփական շահերը։
- Պուտինի հետ Փաշինյանը հանդիպում էր՝ մեկ մի բան էր ասում, հետո անում էր բոլորովին այլ բան։ Իրեն թվում է, թե դա է ինքնիշխանությունը, այնինչ՝ ինքն օգտագործվում է գործիքի պես։ Ու դրա դիմաց Արևմուտքից նրան փող են առաջարկում։ Պուտինը, հիշում եք, իր մի ելույթում խոսում էր ցածր սոցիալական պատասխանատվությամբ կանանց մասին, բայց, փաստորեն, այդպիսի տղամարդիկ էլ կան (Պուտինն այսպես էր ներկայացրել մարմնավաճառներին՝ «девушки с пониженной социальной ответственностью»)։
- Նախօրեին Փաշինյանը որոշ աշակերտների հավաքել և «դասախոսություն» էր կարդում, ասելով՝ Թուրքիայի դեմ Խորհրդային Միության, Ստալինի քաղաքականության կառուցման գործում հայկական գործոնը կարևոր թեմա էր. այն պիտի օգտագործեր Խորհրդային Միությունը՝ իր ասելիքի լեգիտիմությունը հիմնավորելու համար:
Իր ասածը հիմարություն է: ԽՍՀՄ ժամանակահատվածում մենք մաս էինք մի կայսրության, ուր եթե 1945թ․Ստալինի ծրագիրը հաջողվեր, Հայաստանը ստանալու էր 20.000 քկմ տարածք, Վրաստանը ևս տարածք էր ստանալու, սակայն ԱՄՆ-ը կոշտ դիրք բռնեց, և 1946-1948թթ․ հարցը փակվեց։
- Փաշինյանը կիսագրագետ է, և դա ավելի վտանգավոր է, քան անգրագետը: Նա ԱԺ-ում ասում է՝ «մի՛ մտածեք, որ 1965թ․ ուսանողներով ճնշեցիք ԽՍՀՄ-ին, ու Ցեղասպանության հուշարձանը կառուցվեց․ դա КГБ-ի ծրագիրն էր…»։ Այսինքն՝ ինքն ասում է՝ Լևոն Տեր-Պետրոսյան, դու ԱԱԾ գործակալ ես։ Հարց՝ որ էդ ասում ես, կարո՞ղ ես ապացուցել։ Դա կե՛ղծ, լրիվ սո՛ւտ թեզ է։
- Փաշինյանը թաղում է ամեն ինչ․ իրենք՝ Անդրանիկ Քոչարյանով, բանով, նոր պետություն են ստեղծելու, որի սկիզբը 2018թ․է լինելու։ Անցյալը, մեր պատմությունը, մեր հիշողությունը ուզում են թաղել, ոչնչացնել:
- Ինքը վստահ է, որ ինքը մնալու է իշխանության, դրա համար էլ երկարատև ծրագրերից է խոսում։ Դրա վառ օրինակն «Ակադեմիական քաղաք» կոչվածի մասին ծրագիրն է, որի կառուցումն առնվազն տասնամյակ է տևելու։
- Իրեն Հայաստանում հովանավորում են այլընտրանքային պատմության թեզն առաջ տանող պատմաբաններ։ Իրենք ունեն մամուլ։ Վերջնական նպատակն այն է, որ հասարակ մարդը, լսելով նրանց, ասի՝ դե, ճիշտ են ասում, էլի, եթե ռուսները չլինեին, ուրիշ կերպ կլիներ… Ես չեմ ուզում գովերգել ռուսներին, բայց ես գիտեմ՝ ինչ եղավ Թուրքիայի ու Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հետ․ ասիմիլացվեցին։ Թուրքերը շատ լավ գիտեն տարածքի արժեքը։ Թուրքը լավ գիտի՝ տարածք վերցրեցիր, պիտի պահես, որ հետո ընդարձակես այդ տարածքը։ Իսկ Փաշինյանն անդադար ասում է՝ էս տարածքը տանք, էն տարածքը տանք, տանք, տանք…
- Փողի դիմաց դուք ամեն ինչ կանեք, ոչ միայն ադրբեջանցուն ու թուրքին, այլև սատանային կասեք՝ արի, քո ճիշտ տեղն այստեղ է։ Հիմա ի՞նչ են անում՝ բրիտանացիների հետ բանակցում են, որ փողի դիմաց իրենց միգրանտները գան Հայաստան։
- Փաշինյանն առաջ է տանում թուրքերի վաղեմի երազանքը, որ Հայաստանից եթե, իհարկե, տարածք մնա, մնա մի փոքր Լիխտենշտեյնի չափով։
- Քեզ մանդատ չե՛ն տվել, որ դու հայ ժողովրդի ինքնությունը փոխես։
- Մենք ի՞նչ ենք թողնում ապագա սերունդներին։ Մեզ ասելու են՝ էս ի՞նչ արեցիք, 42.000 քկմ-ից ի՞նչ թողեցիք։ Թուրքերի և ադրբեջանցիների համար ինքը չտեսնված առաջնորդ է։ Ալիևը չէր էլ երազի, որ այսպիսի բան հնարավոր է լինի։
- Որպես բանակցող՝ ասեմ, որ էներգետիկ դիվերսիֆիկացիայի թեզն Արևմուտքն առաջ է տանում, որովհետև Ռուսաստանի արգումենտը ռուսական գազն է։ Փաշինյանն այդ թեման առաջ ա բերել, նրանք էլ Բրյուսելի հայտարարությամբ իբր ասում են՝ մի՛ վախեցեք, հանգիստ դո՛ւրս եկեք ռուսների դեմ, մենք ձեր էներգետիկ հարցերը կլուծենք։
- Հայկական կողմը նախկինում կարողանում էր «ո՛չ» ասել ռուսներին, երբ մեր շահը հակադրվում էր նրանց հետ, որովհետև կար դիվանագիտություն։ Ասում էին՝ «ո՛չ», ու կարողանում էին դրա տակից դուրս գալ։
- Փաշինյանի ելույթները նմանվում են Հիտլերի ելույթներին։ Ասում է՝ բա լուծեիք հարցը։ Իմ պատասխանը Փաշինյանին հետևյալն է՝ էդ մարդիկ լուծել էին հարցը։ Բա քո՞ լուծածը որն է։
- Հայաստանը կադաստրի թուղթ ունի, ինքը՝ Փաշինյանը, չունի։ Դեռ պետք է ստուգել՝ Իջևանից Երևան կադաստրի ի՞նչ թղթով է եկել։
- Բա տղուդ ուղարկում էիր Արցախ՝ ծառայելու, որ մեզ վրա ծախես «տղես Արցախում ա ծառայել» շոուն։ Չհասկացա, դու էդ ժամանակ չգիտեի՞ր, որ դա «Ադրբեջանի տարածք» է։ Բա որ գնում, Արցախում ասում էիր՝ Արցախը Հայաստան է, ու վերջ, չգիտեի՞ր՝ դա ինչ տարածք է։
- Թուրքերն ԱՄՆ-ում պրոֆեսորների էին վարձում, որ նրանք ասեն՝ Հայոց ցեղասպանության զոհերի թիվը քիչ է։ Այդ թեզերին վաղուց պատասխան տրվել է։ Էն, ինչ Անդրանիկ Քոչարյանն է ասում, թուրքերի մշակածն է, հիմա էլ դրել են սրանց բերանը, որ փակեն Հայոց ցեղասպանության էջը։
- Թուրքի ու ադրբեջանցու հետ որպես փալաս՝ համերաշխության գնալը համերաշխություն չէ, բայց եթե փող տան՝ Փաշինյանը հենց որպես փալաս էլ կգնա։ Իրենց համար կարևոր է միայն, որ իրենք լինեն իշխանության։ Մնացած ոչինչ կարևոր չէ՝ ո՛չ տարածք, ո՛չ ինքնություն։
- Արտաքին գործակալների մասին օրենքը ճիշտ բան է։ Ես ուզում եմ տեսնել՝ ով է դնում քո հացը քո սեղանին, պարոն Խզմալյան, պարոն Բաբաջանյան։ Էն, ինչ դու ասում ես, քո գաղափարնե՞րն են, թե՞ դու դրա համար վճարվում ես։ Ես ուզում եմ դա իմանալ՝ ո՞վ է վճարում։
- Բնակչության ապատիան Փաշինյանի ամենալավ ընկերն է։ Նա ամեն ինչ անում է, որ մարդիկ ապատիայի մեջ ընկնեն:
Մանրամասները՝ տեսանյութում.