Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության, ինչպես նաև եկեղեցու կանոնադրության ընդունման հարցերը, չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի անդամներին
Հարգելի պրն. Ռուբինյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2026-2031 թթ. ծրագիրը, որը 2026 թ․ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովին է ներկայացվել քննարկման և հաստատման նպատակով, ներառում է մի շարք համապարփակ նախաձեռնություններ, որոնց վերաբերյալ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մեկնաբանություններ անելն իր իրավասությունը չի համարում։
Մեր լուրջ մտահոգությունը շարունակում են առաջացնել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահել ու պահպանել է քրիստոնեական հավատքը, հայ ինքնությունն ու աշխարհասփյուռ հայության միասնությունը։ Հաշվի առնելով, որ եկեղեցու հավատացյալների մեծամասնությունն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ այն մշտապես պահպանել է իր ինքնակառավարման անկախ համակարգը։
Այս պատմական ավանդույթին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և օրենքների, կրոնական ազատության միջազգային պաշտպանության և Կանոնական իրավունքի համաձայն՝ Կառավարության ծրագրում եկեղեցուն վերաբերող դրույթները, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության, ինչպես նաև եկեղեցու կանոնադրության ընդունման հարցերը, չեն կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից։
Ինքնակառավարման այս դարավոր սկզբունքն արտացոլում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու համաշխարհային բնույթն ու դերակատարությունը։ Մենք հարգանքով խնդրում ենք Ազգային ժողովին մերժել այս հարցում միջամտելու Կառավարության առաջարկն ու հարգել եկեղեցու կառավարման հաստատված ու դարերով պահպանված սկզբունքները։
Հարգանքով՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչություն Նամակն ուղարկվել է օգոստոսի 25-ի վաղ առավոտյան՝ դիտարկման համար։

