Արմեն Գրիգորյանի դավադրության տեսությունը, կամ՝ ինչի մասին չեն խոսում ռուսական զենքի թեմայի ֆոնին, ինչ են ակնկալում Բուլղարիայից

Մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի:

«ՌԴ-ն չի մատակարարել մեզ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են։ Եվ մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել, և այդ գործընկերներից հայտնիներից մեկը Հնդկաստանն է, վերջերս Ֆրանսիան է դարձել, Եվրամիության տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել: 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ»,- նշել է Գրիգորյանը՝ կրկնելով Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագրեր են կնքել:

Մինչդեռ 1-1.5 ամիս առաջ և՛ ռուսական կողմի, և՛ հայկական կողմի իշխանության ներկայացուցիչները նախ սկսեցին ակնարկել Ռուսաստան-Հայաստան ռազմատեխնիկական հարաբերություններում «սառույցի հալեցման» մասին, իսկ շատ չանցած արդեն հստակ ասվեց, որ Ռուսաստանը սկսել է որոշակի չափով կատարել զենքի մատակարարման իր պարտավորությունները, այսինքն՝ խնդիրների լուծումը տեղափոխվել է կառուցողական և գործընկերային հարթություն:

Եվ անգամ այս տրամադրությունների ֆոնին մեկ տարի թափուր մնալուց հետո փետրվարի 14-ին վերջապես Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար նշանակվեց։

Կարդացեք նաև

Իսկ 2024 թվականի հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով ռուսական զենքի մատակարարման խնդիրներին, որ ՌԴ-ն Հայաստանին զենք չի տալիս՝ չնայած կնքված պայմանագրերին, ճշտում էր մտցրել. «Չէին տալիս, այդպես ավելի ճիշտ կլինի ձևակերպումը,- այնուհետև շարունակել է,- Տալիս են ինչ-որ բան, այն ծավալով չի, որ մենք ակնկալում էինք մեր կնքած պայմանագրերի ծավալի և լոգիստիկ տեղաշարժի առումով, բայց ընթացքում դրանք կկարգավորվեն, ես համոզված եմ»:

Նույն Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր.

«Նոր պայմանագրեր չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում թարմացումներ են կատարվում։ Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասով մանրամասներ չեմ հայտնի, բայց եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում»:

Իսկ մարտի 1-ի հարցազրույցում ԱԽ քարտուղարը չի ընդունել արդարացումները, թե ռուսական սպառազինության մատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են նաև ռուս-ուկրաինական պատերազմով, այսինքն, ըստ նրա, պատճառը միայն ՌԴ ցանկության բացակայությունն է:

Մինչդեռ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, 2023 թվականի մայիսին, խոսելով ՌԴ-ի կողմից՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու խոչընդոտների մասին իշխանական պատգամավորների պնդումների և Հայաստանի նկատմամբ՝ ՌԴ ունեցած պարտավորությունների կատարման կամ ռուսական զենքի մատակարարումների խնդրի մասին, նշել էր. 

«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»։

Նա նաև հավելել էր, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ էլ ունի համապատասխան պայմանագրեր, որով առաջնորդվում են՝ ակնկալելով, որ դրանք ամբողջ ծավալով կիրացնի ՌԴ-ն, իհարկե, կա ըմբռնում, որ ՌԴ-ն Ուկրաինայում մտել է լայնածավալ պատերազմի փուլ:

Հիմա Արմեն Գրիգորյանը դավադրությունների դա՞շտ է մտնում, մանիպուլացնո՞ւմ է, թե՞ սադրում է:

Ի դեպ, մանիպուլյացիայի մասին: Իշխանությունները հերթական անգամ, ըստ էության, առաջին հերթին շեշտը դնում են սպառազինության ձեռքբերման ֆինանսական միջոցների չափի վրա, ինչպես 2019 թվականին, երբ Փաշինյանը գլուխ էր գովում սպառազինության աննախադեպ ձեռքբերումներով կամ դրա վրա ծախսած գումարներով, ինչը, իհարկե, մանիպուլյացիա էր։  Սա՝ առաջին:

Երկրորդ, 168.amգրել է, որ 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ ՀՀ զինված ուժերին և պաշտպանության ոլորտին առնչվող հատվածը բաղկացած է մոտ 3 էջից՝ «աղքատ» բովանդակությամբ, որտեղ ոչ մի խոսք չկա սպառազինության հստակ ձեռքբերման մասին, խոսքը, մասնավորապես, հնդկական զենքի մասին է, երբ իշխանամերձ շրջանակներից և հնդկական մամուլում տեղեկություններ եղան, որ 2023 թվականին հնդկական սպառազինության որոշակի խմբաքանակ հասել է Հայաստան և անգամ փորձարկվել է:

Երրորդ, ՀՀ իշխանությունը, ի դեմս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, խոսում է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից քիչ թվի, որ ՌԴ-ն զենք չի մատակարարում Հայաստանին, սակայն չի նշվում, թե այսօրվա դրությամբ ՀՀ ԶՈւ զինանոցի քանի՞ տոկոսն է կազմում ռուսական սպառազինությունը, ինչպես նաև չի նշվում դրանց արդիականացման մասին, ինչի դեպքում, թերևս, հնարավոր կլիներ ինչ-ինչ խնդիրներ լուծել:

Օրինակ, 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Ինչպես հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում կնքված պայմանագիրը հաստատում էր ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 2023թ․ օգոստոսի 1-ի նիստում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել էր այս պայմանագրի մասին, որի օրոք էլ հենց կնքվել էր այն, և հարցադրում արել՝ գործընթացը հիմա շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ 3 տարվա մեջ այս ուղղությամբ պիտի որոշակի առաջխաղացում ունենայինք:

Այս պայմանագրի և Սու-25-երի արդիականացման վերաբերյալ լրատվամիջոցներին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր տեղեկություններ տրամադրել՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին: Գուցե թաքցնելու բա՞ն ունեն:

Այս համատեքստում նշենք, որ, ըստ ՊՆ կայքի, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռուսաստանցի իր գործընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցն ունեցել է 2023 թվականի փետրվարի 10-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, իսկ դրանից առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չի համարում:

Արդեն 2023 թվականի աշնանը Սուրեն Պապիկյանը հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ միջոցառումներին:

Իսկ 2024 թվականի փետրվարին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի և Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում էր ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի, Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։

Ի դեպ, «Սպուտնիկ Արմենիան» հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պարզելու, թե արդյոք նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի պաշտպանական գերատեոսչության ղեկավար Տոդոր Տագարևի հետ հանդիպման ժամանակ քննարկե՞լ է Ադրբեջանին զենքի մատակարարման գործընթացի ապահովման հարցը, քանի որ տարբեր տեղեկությունների համաձայն, օրերս Ադրբեջանի զինված ուժերի Իլ-76-ը հերթական թռիչքն էր կատարել Բուրգաս, որտեղից արդեն վերադարձել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հարցը շրջանցել է՝ նշելով, որ Բուլղարիայի ՊՆ-ի հետ Սուրեն Պապիկյանի հանդիպման մասին տրվել է պաշտոնական տեղեկություն:

Նշենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Տոդոր Տագարևի և Սուրեն Պապիկյանի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Գուցե տարածաշրջանային հարցերի համատեքստում վերը նշված թեմային անդրադարձ եղե՞լ է:

Այս համատեքստում հիշեցնենք այն խոսակցությունները, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:

2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ինքը՝ Դավիթ Տոնոյանը, անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ 2020թ. սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել Ռուսաստան՝ ներկա գտնվելու «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին, այնուհետև շարունակել էր.

«Սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով»:

168.amգրել էր, որ թեև Դավիթ Տոնոյանը չի նշում այդ երկրի անունը, սակայն դա, ըստ էության, Բուլղարիան է: Ինչո՞ւ:

2018թ. դեկտեմբերին EurAsia Daily կայքը ծավալուն հոդված էր հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում:

Կայքը 2018թ. դեկտեմբերի 13-ին մանրամասնել էր, որ «Rada Airlines ավիաընկերության օդանավը նախորդ շաբաթվա ընթացքում Բուլղարիայից չորս թռիչք (դեկտեմբերի 7, 9, 11, 13) է կատարել դեպի Հայաստան», ինչի մասին վկայում էին Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները»:

Ըստ լրատվամիջոցի, «Իլ-62» օդանավի՝ նոյեմբեր ամսին Բուրգասից դեպի Հայաստան թռիչքները ֆիքսել էր թուրք բլոգեր Յըրյուք Իշըքը՝ ընդհանուր առմամբ յոթ թռիչք: Բլոգերը գրել էր, որ ինքնաթիռում ռազմական բեռ կա:

«Մի կողմից՝ Բուրգասը զենքի արտահանման խոշոր հանգույց է, Հայաստանի ու Բուլղարիայի արտահանման և ներկրման գործողությունները նվազագույն մակարդակի են, իսկ բեռի մատակարարման համար օգտագործվում է ընդամենը մեկ օդանավ ունեցող քիչ հայտնի ավիաընկերություն: Մյուս կողմից՝ ամենակարևորը բեռի մատակարարման ճանապարհն է, ինչից էլ պարզ է դառնում, որ խոսքը զենքի մասին է: Ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Մինչդեռ «Իլ-62»-ի չվերթերը համառորեն խուսափում են թուրքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավն ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն՝ օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնելով թռիչքի տևողությունը»,- գրել էր EADaily-ն:

Իսկ 2022թ. հունիսին այս թեմայով ծավալուն հոդված էր գրել caliber.az-ը՝ անդրադառնալով նաև զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի գործունեությանը:

Ադրբեջանական կայքը չէր անտեսել վերևում նշված տեղեկությունը, որ 2018-ին Հայաստան-Բուլղարիա ռազմատեխնիկական համագործակցություն է եղել, և Հայաստանն այս երկրից սպառազինություն է գնել, այդ թվում՝ ծանր: Հոդվածում ադրբեջանական կողմը, ըստ էության, ուլտիմատում է դնում՝ Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը:

Նշենք, որ օգոստոսին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, կարողանում էր զենքի մատակարարումներ կազմակերպել՝ ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։

Այսինքն՝ Գալստյանը սպառազինություն է բերել՝ ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ՝ ցամաքային՝ «բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»»։

Հիմա եթե Սուրեն Պապիկյանը կարող է գոնե այս «տարանցիկ» հարցը լուծել, ուրեմն՝ շատ լավ, սպասենք իրադարձությունների ընթացքին:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ հարաբերություններին, որից թեքվելու քայլեր են ժամանակ առ ժամանակ փորձում անել իշխանությունները՝ առնվազն հայտարարությունների մակարդակով, թերևս, հարկ է՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակը նշող իշխանություններին հիշեցնել 1999թ. ՌԴ վարչապետ Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրած նրա խոսքերը, որտեղ նա խոսում էր Պուտինի հետ հանդիպումից ստացած տպավորության մասին:

«Պուտինը հետաքրքիր թեզ առաջ քաշեց, նա ասաց, որ Ռուսաստանն իր քաղաքականությունն ԱՊՀ երկրների նկատմամբ էապես փոխելու է: Այսինքն, ԱՊՀ բոլոր անդամ երկրների հետ պիտի ունենա ադեկվատ վերաբերմունք, ոչ համահարթեցման: Եվ անգամ ԱՊՀ-ի ներսում հաշվի է առնելու երկկողմ հարաբերությունները, և այդ հարաբերություններում փոխադարձ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման չափը, ձևը, որակը: Մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ շատ բարձր որակի է, և դա էր ուզում ասել նաև»,- ասել էր Վազգեն Սարգսյանը:

Այսօր էլ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Իսկ փաշինյանական իշխանությունը կշարունակի անհաշվարկ արկածախնդիր քաղաքականությունը, ԵՄ դիտորդական առաքելությունն էլ, թերևս, իր հաշվարկներն ունի՝ ՀՀ-ում լինել մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ այն, որ խաղաղության որևէ պայմանագիր չի երաշխավորում նոր պատերազմի չլինելը, դա որևէ մեկին չի հետաքրքրում:

Տեսանյութեր

Լրահոս