Ռուսաստանը սկսել է կատարե՞լ զենքի մատակարարման իր պարտավորությունները, կամ՝ ինչի՞ դիմաց է Վրաստանը տարանցիկություն ապահովում ֆրանսիական զենքի համար
2023 թվականի տարեվերջին 168.am-ը գրել էր, որ տպավորություն է, թե Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում վստահեցումը, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
Նաև հիշեցրել էինք այս տարվա մայիսին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը՝ ՌԴ-ի կողմից՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու խոչընդոտների մասին իշխանական պատգամավորների պնդումները, և Հայաստանի նկատմամբ՝ ՌԴ ունեցած պարտավորություններին կամ ռուսական զենքի մատակարարումների խնդիրը:
«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»,- նշել էր Քոչարյանը և հավելել, որ ՌԴ-ի հետ էլ ունենք համապատասխան պայմանագրեր, որով առաջնորդվում ենք՝ ակնկալելով, որ դրանք ամբողջ ծավալով կիրացնի ՌԴ-ն, իհարկե, կա ըմբռնում, որ ՌԴ-ն Ուկրաինայում մտել է լայնածավալ պատերազմի փուլ:
Իսկ 2024 թվականի հունվարի 11-ին էլ Անդրանիկ Քոչարյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով ռուսական զենքի մատակարարման խնդիրներին, որ ՌԴ-ն Հայաստանին զենք չի տալիս՝ չնայած կնքված պայմանագրերին, ճշտում է մտցրել. «Չէին տալիս, այդպես ավելի ճիշտ կլինի ձևակերպումը,- այնուհետև շարունակել է,- Տալիս են ինչ-որ բան, այն ծավալով չի, որ մենք ակնկալում էինք մեր կնքած պայմանագրերի ծավալի և լոգիստիկ տեղաշարժի առումով, բայց ընթացքում դրանք կկարգավորվեն, ես համոզված եմ»:
Հավելենք, որ ավելի վաղ՝ հունվարի 8-ին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
Պետրոս Ղազարանի հետ հարցազրույցում այս առնչությամբ ասել էր.
«Նոր պայմանագրեր չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում թարմացումներ են կատարվում։ Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասով մանրամասներ չեմ հայտնի, բայց եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում»:
Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել, որ խնդիրը հնարավոր է կարգավորել գործընկերային մթնոլորտում և գալ հարցի որևէ լուծման:
Իսկ Հայաստանը և Ռուսաստանը փաստորեն մտել են կառուցողական դաշտ՝ փորձելով առկա խնդիրը լուծել երկխոսության միջոցով, հատկապես, երբ ինչպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էր «Իրավունք»-ին տված հարցազրույցում ասել՝ Հայաստանին մատակարարվելիք զենքը «մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված»:
«Պատկերացրեք՝ երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է, պահպանել է: Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան: Մարդիկ ասել են՝ եկեք և ձեր զենքը տարեք»,- փակագծերը բացել էր ՌԴ-ում գտնվող նախկին նախարարը: Այս թեմային առանձին կանդրադառնանք:
Իսկ Ադրբեջանը չի դադարել դժգոհել Հայաստանին ֆրանսիական և հնդկական զենքի մատակարարումներից, առհասարակ, հայկական բանակի վերազինումից, մյուս կողմից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ շարունակվում է ադրբեջանական բանակի՝ թուրքական բանակի չափանիշներով բարեփոխումը և հզորացումը, ինչը ենթադրում է և՛ նոր ու ժամանակակից սպառազինության գնում, և՛ կադրային նոր նշանակումներ, և՛ հարձակողական զորավարժությունների անցկացում:
Իրենց հերթին՝ Հայաստանին զենք մատակարարելու պատրաստակամություն հայտնած և այդ զենքի տեղափոխումն իրենց տարածքով թույլ տված երկրները սկսել են խոսել իրենց քայլերի հիմնական պատճառներից:
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների խնդրին և հայտնել հնդկական կողմի պարզաբանումը:
«Մենք տեղյակ ենք Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների պայմանագրերից: Իսկ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանին զենքի մատակարարումը չպետք է պայմանավորել Ադրբեջանի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով: Նրանք հայտարարում են, որ դա իրենք (Հայաստանին զենք վաճառելը.- Մ.Պ.) դիտարկում են՝ որպես կոմերցիա, բիզնես, ոչ թե Ադրբեջանին վնասելու գործողություն: Այսպիսին է Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումը»,- մանրամասնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:
Այսինքն՝ «ничего личного, это просто бизнес». Ժամանակին գրեթե նույնատիպ պատասխան էր տալիս Ռուսաստանը, երբ Հայաստանը բարձրացնում էր Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:
Իսկ վրաց քաղաքական գործիչ Լևան Պիրվելին էլ «Minval.az»-ի հետ հարցազրույցում բացել է Վրաստանի որոշման մոտիվացիան՝ Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զենքի համար «տրամադրել» իր տարածքը:
«Վրաստանը դրան համաձայնել է, որպեսզի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, որովհետև ԵՄ-ն և հավաքական Արևմուտքը փաստացի սպառնում էր Վրաստանում հեղափոխություն «սարքել»: Եվ դա տեղի կունենար, եթե Վրաստանը չստանար ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ: Ուստի այս ռիսկերից խուսափելու համար Վրաստանը ստիպված էր համաձայնել «ռազմական տարանցիկությանը» Հայաստանի համար»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին էլ ասել էր, որ պետություններն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։
«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- շեշտել էր նա:
Հետաքրքիր է՝ Վրաստանն այսօր նույնը կասի՞ ռուսական զենքի պարագայում, եթե անգամ դա պաշտպանական լինի:
Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր օդային և ցամաքային ուղիները ՌԴ-ից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռների համար, ինչը հաստատել էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Այսինքն, Հայաստանին օգնելու համար յուրաքանչյուրն իր շահն ու պատճառն ունի այսօր՝ տնտեսականից մինչև քաղաքական: Եվ, ըստ էության, Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության հարթությունում «սառույցի հալվելը» ևս իր նմանօրինակ բացատրությունն ունի, որի մասին դեռ հետո կիմանանք: