«ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չենք համարում». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, և այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս այս տարի, չեն կայանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, նա նշեց, որ ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը. «Պետք է ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալել և ընկալում ենք այդպես: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը և օրակարգը, առաջին հերթին, ՌԴ-ի հետ, եղել է հետևյալը, որ մենք մտավախություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Սա եղել է ՌԴ-ի հետ մեր անվտանգային ոլորտի հաղորդակցության հիմնական թեման: Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, և այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար:

Երբ տեղի են ունեցել 2021թ. մայիսի իրադարձությունները՝ Սոթք-Խոզնավար հատվածի հայտնի ներխուժումը, մենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ՝ ՌԴ մեր գործընկերներից, անվտանգային ոլորտի մեր գործընկերներից: Ի պատասխան մեր հարցումների և դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը՝ հետագա հարաբերությունների կառուցման համար:

Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, և դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում: Երևանում կայացած գագաթնաժողովի ընթացքում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք՝ առանց այս գծի արձանագրման, պաշտոնապես, մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որ շարունակում է մնալ սեղանին: Այսինքն՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել, և դա շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ. «Ադրբեջանն ասում է, որ՝ մենք մտավախություններ ունենք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում:

Բոլորս գիտենք, որ, բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից՝ նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում: Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար, և մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը:

Տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որևէ փուլում այս խոսակցությունը տեղի չի ունեցել, սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատում ենք և աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Հիմա հարց կծագի՝ ինչո՞ւ եմ այս մասին հրապարակային խոսում՝ շատ պարզ պատճառով, որովհետև ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում ՀՀ շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով, շատ կարևոր է նաև, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ մենք այս թեմաներով, ըստ էության, ամենօրյա աշխատանք ենք տանում և այդ աշխատանքը շարունակելու ենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս