Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկե՞լ ռազմատեխնիկական հարաբերությունները, կամ՝ Արշակ Կարապետյանի մեսիջը

Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունից, ասել է, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:

Դեսպանը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը նոր համաձայնագրերի կնքման հարցեր են քննարկում:

«Անհատական որոշ պայմանագրերում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության միջոցով»,- շեշտել է Կոպիրկինը:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել, որ խնդիրը հնարավոր է կարգավորել գործընկերային մթնոլորտում և գալ հարցի որևէ լուծման:

Կարդացեք նաև

Նշենք, որ այս տարվա մայիսին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել էր և՛ ՌԴ-ի կողմից՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու խոչընդոտների մասին իշխանական պատգամավորների պնդումներին, և՛ Հայաստանի նկատմամբ՝ ՌԴ ունեցած պարտավորություններին կամ ռուսական զենքի մատակարարումների խնդրին:

«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»,- նշել էր Քոչարյանը և հավելել, որ ՌԴ-ի հետ էլ ունենք համապատասխան պայմանագրեր, որով առաջնորդվում ենք՝ ակնկալելով, որ դրանք ամբողջ ծավալով կիրացնի ՌԴ-ն, իհարկե, կա ըմբռնում, որ ՌԴ-ն Ուկրաինայում մտել է լայնածավալ պատերազմի փուլ:

 «Մենք ամեն տեղ փորձում ենք գտնել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է այսօրվա մեր Զինված ուժերին՝ դա կլինի ՌԴ-ից… Ռուսաստանն ինքն էլ սպառազինության կարիք ունի, եկեք ճիշտ հասկանանք: Բայց նա ունի պարտավորություններ, որոնք ինքը կամ կկատարի, կամ մենք ձեռքներս ծալած չենք նստի: Մենք կփնտրենք, կգտնենք լոգիստիկ ճանապարհներ, բայց սա էլ քննարկման թեմա չի: Ցանկացած երկիր, եթե ուզում է, որ իր սահմանները լինեն ամուր, ինքը հանգիստ պետք է լուծի այն խնդիրները, որը մեր անվտանգային համակարգը դարձնում են ավելի անխոցելի»,- շեշտել էր Քոչարյանը՝ ըստ էության, իշխանական և մերձիշխանական թիմերին մեսիջ ուղարկելով, որ սպառազինության գնման վերաբերյալ հարցերը չպետք է հրապարակային քննարկման առարկա դարձնել:

Ավելին, մենք մայիսին մեր հոդվածներից մեկում նկատել էինք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի այդ շրջանում տված հարցազրույցներից ակնհայտ էր դառնում, որ Անդրանիկ Քոչարյանը լուրջ և հավաստի տեղեկությունների է տիրապետում:

Այսինքն, եթե նա տեղեկություն չունի, որ Ռուսաստանը խոչընդոտել է հնդկական զենքի մատարակարարումներին Հայաստան, տվյալ պարագայում արժանահավատ է նրա ասածը՝ նաև ելնելով նրա զբաղեցրած պաշտոնից և դիրքից: Իսկ լոգիստիկ խնդիրներ այսօր էլ, թերևս, կան, և դրանցում պետք է տեսնել նաև մեր հակառակորդների գործոնը, քանի որ Ադրբեջանը պարբերաբար հրապարակավ և դիվանագիտական խողովակներով իր անհամաձայնությունն է արտահայտում Ֆրանսիայից և Հնդկաստանից զենքի ձեռքբերման փաստի առնչությամբ:

Իսկ ՌԴ-ի հետ զենքի մատակարարման պայմանագրերի կատարման-չկատարման շուրջ բանակցությունների փաստը օրերս հաստատել էին նաև ՀՀ-ում՝ ի դեմս ԱԺ նախագահի, ինչո՞ւ չէ՝ նաև ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «համաձայնագիր ունենք, դրանով շարժվում ենք»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ և՛ հայկական կողմից, և՛ ռուսական գործընկերային մթնոլորտում պայմանագրային ինչ-ինչ հարցեր գործընկերային մթնոլորտում լուծելու հստակ ու գործնական պատրաստակամություն կա, ինչո՞ւ չէ՝ ինչ-ինչ վերանայումների: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն այս դեպքում հեռատե՞ս գտնվեց՝ ասելով, որ «կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»:

Իսկ Ռուսաստանի հետ ՀՀ-ն ունի ոչ միայն զենքի մատակարարման պայմանագրեր, այլև երկկողմ կարևոր համաձայնագրեր՝ «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը», Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որոնց գործունակության հետ կապված գուցե ևս խնդիրներ կան, որոնք պիտի հարթվեն, հատկապես, երբ օրակարգում է ՀԱՊԿ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը:

Վերադառնանք զենքի մատակարարումների թեմային և հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Իրավունք»-ին տված հարցազրույցում չէր անտեսել ռուսական զենքի ոդիսականը և ինչ-ինչ գաղտնազերծումներ արել:

«Իրականությունը եղել է այն, որ այն զենքը, որը մենք գնել ենք, ըստ պայմանագրերի, մենք պետք է վերցնեինք Ռուսաստանի տարածքից։ Այդ զենքը մեծամասնությամբ եղել է պատրաստ, եղել է պահեստավորված։ Պատկերացրեք՝ երկու-երեք տարի եղել է պահեստներում, ռուսական կողմը սպասարկել է, պահպանել է: Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, թե ինչի է պայմանագրերը կնքվել, որ պետք է հայկական կողմը վերցներ Մոսկվայից, ինչի չէր կարելի այնպիսի պայմանագիր կնքեին, որ արտադրողը պետք է հասցնի Երևան: Մարդիկ ասել են, եկեք և ձեր զենքը տարեք»,– նշել է Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ ՌԴ-ն պահեստում մնացած այդ զենքի մի մասն օգտագործի:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը չի կոնկրետացրել՝ ե՞րբ և Պաշտպանության ո՞ր նախարարի օրոք է իր նշած պայմանով պայմանագիրը կնքվել՝ իշխանափոխությունից առա՞ջ, թե՞ հետո:

Արշակ Կարապետյանն այստեղ չի անդրադարձել նաև 2021 թվականի օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ իր պայմանավորվածություններին և դրանց ճակատագրին։ 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը 2021-ի օգոստոսի 10-ին մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Օգոստոսի 11-ին Շոյգուն Կարապետյանի հետ հանդիպման ավարտին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելով՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:

Իսկ 2021-ի օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր.

«Ունենք լիովին աջակցություն, և կարող եմ ասել` չէ՛ բառ չեմ լսել։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն: Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»:

Նշենք, որ 2020-ի օգոստոսին էլ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ

ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր, ինչի մասին այս տարվա օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամանակ հիշեցրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ տեղյակ չէ՝ գործընթացը հիմա շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, և, որ այդ մասին Ադրբեջանը միայն այսօր է սկսել մտածել:

«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` արդյոք գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,- ասել էր նա:

Այս մասին լրատվամիջոցների հարցումներին պաշտպանական գերատեսչությունը չէր պատասխանել՝      պահանջվող տեղեկատվությունը համարելով հրապարակման ոչ ենթակա:

Վերադառնանք Արշակ Կարապետյանին և նշենք, որ, մեր տեղեկություններով, զենքը տեղ հասցնելու հետ կապված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, իսկ մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ:

Ի դեպ, 2022 թվականին ՀՀ ՊՆ-ից 168.am-ին հայտնել էին, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով»:

Այս առնչությամբ ևս մեկ հարցում ուղարկել ենք մոտ մեկ շաբաթ առաջ՝ նախքան «ՏԱՍՍ»-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանի հարցազրույցը:

Տեսանյութեր

Լրահոս