Ինչպե՞ս Ռուսաստանը կարողացավ կանխել Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, բայց նույնը չկարողացավ անել Արցախի դեպքում. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն  APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ադրբեջանին պետք է Սյունիքի 40 կմ հատվածը, որ մտնեն Նախիջևան, այնտեղից էլ՝ Թուրքիա։
  • Մենք չունենք Ադրբեջանի հետ բանակցային որևէ պլատֆորմ․ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ ԱՄՆ-ում բանակցություններ չկան։ Ադրբեջանը չի ցանկանում գնալ Բրյուսել, Հայաստանը՝ Մոսկվա:
  • Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ւլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։ Միշելը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացնում է, որ զրուցել է Ալիևի հետ, քննարկել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը: «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»,- գրել է նա:

Շառլ Միշելի շնորհավորանքն Ալիևի հաղթանակի կապակցությամբ՝ նշանակում է, որ ժողովրդավարական կամ որևէ այլ արժեքի մասին խոսք լինել չի կարող, և այդ արժեքները որևէ նշանակություն չունեն իրենց համար: 

Կարդացեք նաև

Շառլ Միշելը, փաստորեն, շնորհավորում է Ալիևին, որի ռեժիմը նույնիսկ անհամեմատելի է Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի ռեժիմների հետ, ինչը ևս մեկ անգամ նշանակում է, որ ժողովրդավարությունը որևէ նշանակություն չունի իրենց համար: Դա նաև նշանակում է, որ Հայաստանը չի կարող  Արևմուտքից որևէ երաշխիքի սպասել:

  • Նախատեսված էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պիտի լինի Ադրբեջանում և Հայաստանում․ Ադրբեջանը մերժեց։ Այդպես Ադրբեջանը շարունակաբար մերժում է յուրաքանչյուր առաջարկ, որը, ըստ իրեն, հակասում է իր շահերին։
  • Ասռանց Ադրբեջան՝ Ռուսաստանի դիրքերը տարաաշրջանում չեն նվազի:
  • Եթե 72 ժամվա ընթացքում Ադրբեջանը կարողանա բացել Զանգեզուրի միջանցքը, գրավի տարածքներ, կասի՝ տեսե՛ք, ճանապարհն իմն է, հիմա եկե՛ք շարունակենք բանակցությունները։ Որևէ պատժամիջոց դրան չի հետևի։
  • Դժվար թե որևէ լուրջ փոփոխություն տեղի ունենա տարածաշրջանում Պուտինի ընտրությունից հետո։ Դրանք կարող են տեղի ունենալ ԵՄ-ում և ԱՄՆ-ում ընտրություններից հետո։

  • Առանց Ադրբեջանի՝ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում չէին նվազի։ Երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի կազմում, Ռուսաստանը կորցրեց Լաչինի միջանցքը։ Իսկ երբ Հայաստանը կոնկրետ սահմաններով Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն իրավական հիմքեր ստացավ Արցախի վրա հարձակվելու համար։
  • ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխիք չի, սակայն մեր անվտանգային ճարտարապետության հիմքերից է։ Եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։
  • Եթե մենք հետևենք՝ ինչպես Ռուսաստանն իրեն պահեց Սիրիայում և ինչպես պահեց Հարավային Կովկասում, շատ մեծ տարբերություններ կտեսնենք։ Սիրիայում Ռուսաստանը կանխեց Թուրքիայի ներխուժումը։ Ռուսաստանը ստացավ ռազմաբազաներ Սիրիայի տարածքում։ Երբ կա դաշնակիցների վրա հիմնված քաղաքական կամք, դու կարող ես քո հարցերը հեշտությամբ լուծել։ Էդ ո՞նց ՌԴ-ն կարողացավ կանխել Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, բայց նույնը չկարողացավ անել Արցախի դեպքում։
  • Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը կհամաձայնի երկարաձգել ռուս խաղաղապահների առաքելության ժամկետն Արցախում։
  • Երբ արևմտյան հասարակությունը մերժի Ուկրաինային, օգնություն չտրամադրի, Ուկրաինան ստիպված է լինելու պայմանագիր ստորագրել։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի գործոնը մեր տարածաշրջանում կուժեղանա։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները կփոխեն իրենց վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։
  • Բոլոր պահանջները, որ Թուրքիան ու Ադրբեջանը դնում են Հայաստանի առաջ, Հայաստանը կատարում է, իսկ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունները՝ ոչ։
  • Ռուսաստանը սպասում է, թե ինչ որոշումներ կկայացնի Հայաստանը։ Հայաստանը դեռ չի ստորագրել ՀԱՊԿ-ի որոշումները և Ռուսաստանին առնչվող այլ որոշումներ։
  • Չկա որևէ հստակ օրինակ, որտեղ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը կբախվեն, նույնիսկ Հարավային Կովկասում։
  • Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի նվիրած կացինը առաջին հերթին ուղղված է մեր դեմ, ապա՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Քանի դեռ Հայաստանում կա ռուսական ռազմական ներկայություն, մեր հարևանը՝ Թուրքիան, Հայաստանը որպես սպառնալիք է դիտարկում իր համար։ Սա է նաև Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Երբ ասում են՝ Հայաստանն ինչ-որ մեկի պրոքսի երկիրն է, Թուրքիան նկատի ունի մեր դաշնակցությունը Ռուսաստանի հետ։ Ըստ Թուրքիայի՝ մենք որևէ երկրի հետ ռազմական դաշնակցություն չպիտի ունենանք։

  • Եթե ես դեմ եմ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրված Սահմանադրության փոփոխությանը, ուրեմն, ըստ Փաշինյանի, ես կողմ եմ պատերազմի՞ն։ Սա կեղծ դիսկուրս է։ Միջազգային իրավունքը թույլ չի տալիս, որ որևէ երկիր մեկ այլ երկրի ստիպի փոխել Սահմանադրությունը։ Դա շանտաժ է հայ ժողովրդի, մեր պետության, Հայաստանի քաղաքացու նկատմամբ։
  • Մեզ փորձում են համոզել, որ մենք ենք մեղավոր, որ մեզ ցեղասպանել են։ Դա անընդունելի է։ Հաջորդ պահանջը լինելու է Ցեղասպանության հուշարձանի, ատոմակայանի, հանքերի, Եռաբլուրի փակումը։ Հետո կստիպեն ադրբեջանական գազ գնել, ու մեզ կհամոզեն, որ դա արվում է Հայաստանի ինքնիշխանության համար։
  • Թուրքիային պետք չէ Հայաստանի հետ սահման բացել։ Նրան պետք է տարածք։ Եթե պետք լիներ սահման բացել, ապա 30 տարվա ընթացքում կբացեին։
  • Մեզ ձրի ոչ ոք զենք չի տալիս։ Նախկինում կային պետություններ, որոնք մեզ պատրաստ էին զենք տալ, բայց հիմա, այս իշխանությունների գործողությունների արդյունքում այլևս դա այդպես չէ։ Այնպես որ, մենք Հնդկաստանին վճարում ենք զենքի համար։ Մենք բոլոր զենքերը դեռ չենք ստացել, և բացի դրանից, փորձ չունենք այդ զենքերը կիրառելու, որովհետև մենք չենք անում զորավարժություններ։ Հայաստանը հրաժարվեց Իրանի հետ զորավարժություններ անել, Իրանը լայնամասշտաբ զորավարժություն արեց Ադրբեջանի հետ։ Զենքի 95%–ը մենք այսօր ստանում ենք Հնդկաստանից, բայց ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը դրա դեմ հանդես չեկան, որովհետև Հնդկաստանի՝ Հարավային Կովկաս գալը չի սպառնում ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի շահերին։
  • Հնդկական կողմը, իհարկե, մտահոգված է, որ եթե հանկարծ Հայաստանը չկարողանա իրենցից ձեռք բերված զենքը ճիշտ գործածել, հետագայում դա չանդրադառնա հնդկական զենքի PR-ի, համբավի վրա միջազգային զենքի շուկայում: Ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդերի» դեպքում: Նախկին իշխանությունները, չնայած Ադրբեջանի կողմից համառ խոչընդոտներին, ձեռք էին բերել «Իսկանդերը», սակայն չկարողացան կամ չցանկացան այն կիրառել և սկսեցին վարկաբեկել հզոր այդ զինատեսակը:
  • Հնդկաստանը պատրաստ չէ հանուն Հայաստանի Հարավային Կովկասում կտրուկ քայլերի գնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ։ Այս առումով պատրանքներ չպետք է ունենալ։
  • Թուրքիային պետք չէ մտնել ԵՄ։ ԵՄ-ն նրան պետք է՝ որպես քաղաքական գործոն։ Եթե ԵՄ-ին հաջողվի Թուրքիային ներքաշել ուկրաինական պատերազմի մեջ կամ գոնե համոզել աջակցել Ուկրաինային, ապա դա ԵՄ-ի համար կլինի մեծ հաղթանակ, որովհետև ԵՄ-ն Ամերիկայի մերժումից հետո գրեթե միայնակ է մնացել Ուկրաինային օգնելու հարցում։
  • Աշխարհաքաղաքական կոնսենսուսի դեմ պայքարը դժվար է, բայց հնարավոր։ Բայց եթե կոնսենսուսը դաշնակիցներ գտնելուն ու մեր ինքնիշխանությունը պահելուն է ուղղված, պետք է գնալ դրան, և կհաջողենք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս