Թյուրքական կացինն ու Փաշինյանի խաղաղությունը․ ի՞նչ նվիրեց Ալիևին Հուլուսի Աքարը, ու ի՞նչ է դա նշանակում
Նախօրեին Բաքվում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը, ով, ի թիվս մի շարք հանդիպումների, հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։
Բանակցությունների ավարտին Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է չափազանց ուշագրավ հուշանվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։
Ինչպես հայտնի է, նման հանդիպումների ընթացքում նվերները կամ հուշանվերներն ընդունված է հատկապես դաշնակից երկրների միջև, սովորաբար հանդիպումների ընթացքում տրվող նվերներն ունենում են հատուկ նշանակություն։ Եվ այս դեպքում Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող և անընդհատ վերջնագրեր ու սպառնալիքներ ներկայացնող Ալիևին նման հուշանվեր նվիրելն ունի չափազանց թափանցիկ նշանակություն, և այդ թվում՝ ՀՀ-ին ուղղված ուղերձ։ Ինչպես հայտնի է, իր հերթին Ալիևն է անձամբ պարգևատրում ադրբեջանցի զինվորականներին, ովքեր «առանձնացել են» հայերի առանձնակի դաժանությամբ սպանությամբ։
Բաքվում Թուրքիայի Պաշտպանության նախկին նախարարը ճեպազրույց էր ունեցել, որի շրջանակում անդրադարձել էր նաև Երևան-Բաքու գործընթացին։ Աքարը սպառնալից տոնայնությամբ նշել էր, որ եթե Հայաստանը սխալ ճանապարհով գնա, հետևանքները ծանր կլինեն։
Նա նաև ասել էր, որ ոմանք ցանկանում են Հայաստանը վերածել պրոքսի պետության։ «Եթե Հայաստանը գնա այս սխալ ճանապարհով, ապա կրկին կբախվի սարսափելի հետևանքների, ինչպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում։ Սա չի կարելի թույլ տալ: Մեզ համար կարևոր է խաղաղությունը, կայունությունը և Կովկասի ապագան»։ Ինչպես կարելի էր ենթադրել, Հ.Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը. «Մեր սերտ համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է»։
Հուլուսի Աքարի հայատյաց մեկնաբանություններին անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, թե Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական ազդեցություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, թե՛ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Կոստանյանը նաև նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։ «Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»,- ավելացրել է Կոստանյանը։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում նշեց, որ սովորաբար նման հուշանվերներ տրվում են՝ որպես ուժի, պարգևատրելու նշան կամ որևէ կարևոր քաղաքական կամ ռազմական ակցիայից առաջ, խաղաղության ուղերձ հղողները սովորաբար խաղաղության հետ առնչվող սիմվոլներ են նվիրում։ Զենքը ցանկացած տեսքով, ըստ վերլուծաբանի, պատերազմի, ուժի նշան է։
«Եվ այս դեպքում ամեն բան տրամաբանական է, Ադրբեջանը շարունակում է իր ռազմական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, իսկ այդ քաղաքականությունն ունի Թուրքիայի աջակցությունը: Պատերազմն ավարտվել է, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը և վերաբերմունքը չի ավարտվել, դա երևում է թե հարցազրույցներում, թե բանակցություններում, թե հանդիպումներում, թե քաղաքականությունում, թե ռեգիոնալ իրավիճակում։
Պատճառներից բազմիցս ենք խոսել, դրանք թե աշխարհում են, թե ռեգիոնում հակամարտող կողմերի միջև հավասարակշռության բացակայության տեսքով, թե ՀՀ-ի՝ արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու ցանկությամբ։
Ռազմական ուժի դիմաց պետք է ունենալ նույնպիսի ռազմական ուժ, եթե դա չկա, կա պատերազմի ընդմիշտ հավանականություն։ Ուստի հատկապես պարտություններից և ռազմական դաշտում կորուստներից հետո երկրներն էլ ավելի արագ պետք է անցնեն վերականգնման գործընթացին՝ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում, քանի որ պատերազմին ոչ միշտ ու ոչ անմիջապես է հաջորդում խաղաղությունը, ինչպես Հարավային Կովկասի դեպքում։
Հարավային Կովկասի քաղաքական գլխավոր սիմվոլը հենց կացինն է դարձել, ոչ թե խաղաղությունը, քանի որ խաղաղությունը պարտադրվում է ուժեղ քաղաքականությամբ, դիվանագիտությամբ ու անվտանգությամբ, որոնք Հայաստանի դեպքում խնդիր են»,- ասաց Եվսեևը։
Մեկնաբանելով Հուլուսի Աքարի այն դիտարկումը, թե ՀՀ-ն փորձում են վերածել պրոքսի պետության, Եվսեևն ասաց, որ թուրք գործիչն ամենայն հավանականությամբ նկատի ունի Իրանին և Եվրոպական միությանը։
Ըստ նրա, առավելապես անդրադարձը վերաբերում է Իրանին, որը հստակ հայտարարում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը պահանջում է ճանապարհ Հայաստանից, որի նկատմամբ չի լինի որևէ վերահսկողություն։
«Իրանի ուղիղ հայտարարությունները մտահոգում են Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ Իրանն այն երկիրը չէ, որի առանցքային դիրքորոշումները հնարավոր լինի անտեսել հատկապես ներկայումս։ Իրանը կարևոր գործընկեր է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի համար, և այստեղ Ադրբեջանը չի կարող անել նույնպիսի հայտարարություններ, ինչ Հայաստանի դեպքում։ Եվ Իրանի քաղաքականությունը, թերևս, Ադրբեջանին ստիպում է որոշ վերանայումներ անել։ Այս ֆոնին, երբ աշխարհում բոլորը բռունցք և մկաններ են ցույց տալիս, Հայաստանի կողմից անընդհատ խաղաղության մասին խոսելը թուլության նշան է դիտարկվում»,– ասաց նա։