Բաժիններ՝

Նոր դասագրքերով դպրոցներն ամբողջությամբ ապահովված կլինեն 2026 թվականին. ԿԳՄՍՆ

Այս տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցեր կատարել:  Առաջին հայացքից՝ այցերի  նպատակը դպրոցներում, մարզադպրոցներում  ցնցուղի, զուգարանների, դռների բռնակների որակները ստուգելն էր և նրան ուղեկցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և տվյալ մարզի ղեկավարությանը  հրահանգներ տալն ու կատարված աշխատանքից դժգոհելը։ Շուրջ 6 ամիս է, կրթության ոլորտի փորձագետները, մանկավարժներն ու պատմաբաններն ահազանգում են, որ դպրոցները լիովին ապահովված չեն դասագրքերով, որ նոր դասագրքերում բազմաթիվ սխալներ կան: Օրինակ,  «Հայոց պատմություն» դասագրքում, պաշտոնապես հաստատվել է, որ շուրջ 46 սխալ կա, չնայած անկախ փորձագետների, պատմաբանների  վկայությամբ՝ դրանք ավելի շատ են։ Չնայած կրթության ոլորտում առկա բազմաթիվ լուրջ խնդիրներին, մեր երկրի գործադիր իշխանությունը զբաղված է ցնցուղներ ու զուգարանների պատուհաններ ստուգելով, վրդովված ասում են ոլորտի մասնագետները:

Նկատի ունենալով կրթության ոլորտի և հատկապես դասագրքերի վերաբերյալ փորձագետների բարձրացրած հարցերը, 168.amն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ մասնավորապես պարզելու, թե հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» դասագրքի տպագրության համար որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից,  որքա՞ն է կազմել տպագրության բյուջեն, արդյո՞ք տրամադրված ամբողջ գումարն օգտագործվել է։

Փորձագետները մատնանշել են «Հայոց պատմություն» դասագրքում առկա բազմաթիվ անճշտություններ, սխալներ, վրիպակներ, ի՞նչ աշխատանքներ են կատարվել դրանք ուղղելու համար,  որքա՞ն գումար պետք է հատկացվի։

Հնարավո՞ր է՝ «Հայոց պատմության» նոր դասագիրք գրվի և դրա համար նոր մրցույթ հայտարարվի։

Կարդացեք նաև

Անցյալ տարեվերջին Ձեր ամփոփիչ ասուլիսի ժամանակ  հայտնեցիք, որ  «30 նոր դասագիրք է մտել դպրոց, որ հեղինակները պետք է հավաքագրեն բարձրացվող բոլոր խնդիրները և ներկայացնեն անհրաժեշտ լրամշակումների ծավալը: Այդ աշխատանքները պետք է երկրորդ կիսամյակից արված լինեն և առաջիկայում լրամշակումները կլինեն»: Արդեն երկրորդ կիսամյակն է մեկնարկել, արդյոք արվե՞լ են անհրաժեշտ լրամշակումները, և ե՞րբ դրանք կհասնեն դպրոցներ:

Այս պահին հանրակրթական դպրոցներում քանի՞ առարկայից չկան դասագրքեր, ունե՞ք սահմանված վերջնաժամկետ, թե երբ դպրոցները պետք է լիովին ապահովված լինեն դասագրքերով։

Մեր ներկայացրած բոլոր հարցերի վերաբերյալ ԿԳՄՍՆ-ից տվել էին հետևյալ պատասխանները, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով տպագրվում են 1-4-րդ դասարանների դասագրքերը, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը տպագրվում են Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից, որտեղից էլ հնարավոր է ստանալ պահանջվող տեղեկատվությունը:

Փորձագետների կողմից «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում մատնանշած վրիպակների և անճշտությունների առնչությամբ հայտնում ենք, որ վերոհիշյալ դասագրքի բովանդակության և կառուցվածքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունում բազմիցս կազմակերպվել են քննարկումներ դասագրքի հեղինակի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դիտարկումների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ կազմվել է ամփոփաթերթ, որի հիման վրա հեղինակը պետք է կատարի շտկումներ և շտկված տարբերակը ներկայացնի ԿԳՄՍ նախարարություն: Ներկայացրած տարբերակը տրամադրվելու է անկախ փորձագետի կարծիքի, որի հիման վրա կկազմվի դասագրքին կից ներդիր:

Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն ԿՏԱԿ-ի և ԴՏՀՏՇՀ-ի համապատասխան հարթակներում:

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում բացակայող դասագրքերին, հայտնում ենք, որ առարկաների ուսուցումն իրականացվում է ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված և ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում կիրառված ուսումնական նյութերով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված՝ նոր դասագրքերով դպրոցներն ամբողջությամբ ապահովված կլինեն 2026 թվականին»:

Տեսանյութեր

Լրահոս