Որևէ մեկիս չլսեցին… Ենթադրում եմ՝ նպատակը ԳԱԱ-ի լուծարումն է. ԳԱԱ-ն նոր կարգավիճակով որքա՞ն կգոյատևի

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց սեպտեմբերի 11-ին։

Այս նախագծով Գիտությունների ազգային ակադեմիան դառնալու է խորհրդատվական մարմին, այսինքն՝ ակադեմիայի կարգավիճակը նվազեցնում և դարձնում են հասարակական կազմակերպություն։

Նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի և մշակույթի նախարարությունը, նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե՝ «ԳԱԱ-ն խորհրդատվական և փորձագիտական կարևոր նշանակություն կունենա»։

Ըստ նրա, նման գործառույթ ԳԱԱ-ն այսօր էլ ունի, բայց  ծանրաբեռնված է կառավարչական և վարչատնտեսական մի շարք գործառույթներով, հետևաբար այսպես կոչված «բեռնաթափում» են ԳԱԱ-ի «ծանրաբեռնվածությունը»։

Կարդացեք նաև

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ անթույլատրելի է նման մոտեցումը Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ։

«Իրենք օրենքն արդեն ընդունել են, հարցի հասցեատերը ԳԱԱ ղեկավարությունն է, որովհետև բաներ կան, որոնցից ես տեղյակ չեմ, թե ինչ համաձայնություն է եղել նախագահության հետ։ ԱԺ-ում քննարկման ժամանակ ասացին, որ իրենց գործողությունները համաձայնեցրել են ԳԱԱ ղեկավարության հետ։

Որպես ակադեմիկոս, միշտ էլ դեմ եմ եղել օրենքի այդ նախագծին, որովհետև Ակադեմիան ազգային արժեք է։ Ուղղակի ակադեմիական ինստիտուտները հանել ԳԱԱ կազմից ու փոշիացնել, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Նման որոշում կայացրեցին ու որևէ մեկիս չլսեցին։

ԿԳՄՍ նախարարությունն է սա նախաձեռնել ու իրականացրել՝ Գիտության և կրթության պետական կոմիտեի հետ միասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա շեշտեց, որ այս նախագծի վերաբերյալ մշտապես բացասական կարծիք է ունեցել ու շարունակում է մնալ նույն կարծիքին։

«Ինքս իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ ԳԱԱ բարեփոխումը կենսական անհրաժեշտություն է, բայց ոչ այս տարբերակով։ Ակադեմիական 33 ինստիտուտներ հանվում են ԳԱԱ կազմից, մի մասը տանում ու միացնում են բուհերին, մի մասը՝ մնալու են առկախ, երրորդ մասն ինչ-որ կարգավիճակ է ստանալու։ Այս ամենից գիտական ներուժը կարող է մեծապես տուժել, ինչը տեղի է ունեցել հարևան Վրաստանում ու Ղազախստանում։ Նրանք էլ այսօրինակ բարեփոխում իրականացրեցին, որը, ի վերջո, իրենց իսկ խոստովանությամբ՝ վերածվեց չարեփոխության»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս պահին ԳԱԱ որևէ ինստիտուտում չի աշխատում, բայց այն, ինչ արվում է նախագծով՝ անթույլատրելի է։

«Այս նախագիծը վաղուց կար, փաստորեն ընդունեցին։ Ինչ ասեմ՝ ուղղակի ցավում եմ, ԳԱԱ կազմում այլևս որևէ ինստիտուտ չի լինելու, որն, ի վերջո, հասցնելու է ԳԱԱ-ի՝ որպես կառուցի ոչնչացմանը։

ԳԱԱ-ն իսկապես պետք է սրան արձագանքի, ինքս կառույցի հետ կապ չունեմ։ Այս նախագծի հեղինակների նպատակները չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ գլխավոր նպատակը ԳԱԱ-ի լուծարումն է»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2023-ի կեսերից ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել այս նախագիծը, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել էին բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման 6 ուղղություններ: Այս համատեքստում էլ որոշվել է փոխել ԳԱԱ ներկայիս կարգավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930