Եթե «Խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ մենք հրաժարվում ենք մեր ազգային շահերից, այն ստորագրել չի կարելի. Ռուբեն Սաֆրաստյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մերձավոր Արևելքում տեղի ունեցող լարված զարգացումների մասին. Երրորդ համաշխարհային պատերազմը տեսանելի է, վտանգ կա:

  • Հարավային Կովկասում ուժեղանում է Թուրքիայի դերը։
  • Իրանի և Թուրքիայի քաղաքականությունը հիմնվում է բազմակողմանի բալանսի սկզբունքի վրա։ Կարողանում են մեկը մյուսին հակակշռել։ Մասնագետների շրջանում թուրք-իրանական հարաբերությունները համարվում է ամենահետաքրքիրներից մեկը։ Այսինքն՝ մեկը մյուսի վրա ազդելով՝ կարողանում են չեզոքացնել վտանգը։
  • Կարևոր է, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ավելի են ակտիվանում։
  • Թավրիզում ՀՀ հյուպատոսարան բացելու մասին. այն կարևոր նշանակություն կարող է ունենալ. Թավրիզն Իրանի վրա թուրքական ազդեցության կենտրոնն է։
  • Ոչ մի պետություն չի ուզում, որ արաբա-իսրայելական հակամարտության մեջ իրավիճակը կառավարելիության շրջանակներից դուրս գա՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ, Իրանը, ո՛չ Մերձավոր Արևելքի երկրները։
  • Դեռևս շատ վաղ է բազմաբևեռ աշխարհակարգի մասին խոսելը։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքն իր ձեռքում է պահում Մերձավոր Արևելքում կառավարելիությունը։
  • Չեմ կարծում, թե Եմենին՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից հարվածներ հասցնելու նպատակն Իրանին պատերազմի մեջ ներքաշելն է։ Նպատակն ավելի շուտ հուսիթների ռազմական ուժը թուլացնել-մաշեցնելն է։
  • Հայաստանը պետք է մերձավորարևելյան երկրների հետ հարաբերությունները խորացնի, ավելի բազմազան դարձնի։ Հիմա սառը պատերազմի տրամաբանությունը չի գործում։ Մերձավոր Արևելքում հիմա Արևմուտքի ազդեցությունն է մեծ, Ռուսաստանը նախկին ուժը չունի։ Նույնիսկ արաբական խոշոր երկրներն են համագործակցում Արևմուտքի հետ։ Արաբական աշխարհը ոչինչ չարեց, երբ սրվեցին պաղեստինա-իսրայելական հարաբերությունները։ Միայն մեկ երկիր կապերը խզեց ԱՄՆ-ի հետ։
  • Ռուսաստանը տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, չի լքի․ ուղղակի նրա ներկայության այլ ձևեր կլինեն հիմա։ 
  • Հայաստանի կողմից արվող հակառուսական քայլերը լուրջ չեն, որովհետև մեր կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է։ Եթե փորձեն ռուսական ռազմաբազան հանել, Հայաստանում իրավիճակը դժվար կլինի կառավարել։ Հայաստանը, կարծում եմ, չի գնա դրան։
  • ԽՍՀՄ-ն արդեն գոյություն չունի, և հիմա Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես ուժի կենտրոն, ավելի ճիշտ՝ կայսրություն։ Նույնիսկ այս տարվա իրենց պատմության դասագրքերում է շատ օգտագործվում «կայսրություն» եզրույթը։ Մասնագետներն ասում են՝ սա մտածված է արվում։ Ռուսաստանը՝ որպես կայսրություն, հետապնդում է իր շահերը։
  • Ամերիկացիները սխալ էին հաշվարկել, որ Ռուսաստանում կսկսվեն լայնածավալ հակապետական շարժումներ, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված՝ պատժամիջոցների տակ նրա տնտեսությունը չի դիմանա։ Այդպես չեղավ, և հիմա Ռուսաստանի հեղինակությունը բարձրանում է, որովհետև կարողացավ այդ վիճակից դուրս գալ։

Կարդացեք նաև

  • Ռուսաստանի մեկուսացումը մեծ է։ Եվրոպայից է մեկուսացել Ռուսաստանը, ինչը երբեք Պետրոս Մեծից հետո չէր եղել։
  • Արևմուտքը չի քանդվի, Ռուսաստանն էլ կմնա՝ որպես կայսրություն։
  • Ակնհայտ է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը Զանգեզուրի միջանցքի մասին է, թեպետ այդ անունը մեջը չկա։ 
  • Թուրքիան 220 կմ երկաթգիծ պետք է կառուցի, որ Կարսը կապի Նախիջևանի հետ։ Մի փոքր հատված էլ Նախիջևանում պիտի կառուցվի։ Երբ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ասում է՝ մինչև 2028թ․ պիտի ավարտենք, չեմ կարծում, որ դա հնարավոր է։
  • Բանակցային գործընթացի մասին մենք կցկտուր տեղեկություններ ենք ստանում։ Հույս ունեմ, որ Հայաստանն իր ինքնիշխան իրավունքներից չի հրաժարվի։
  • Եթե խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ մենք հրաժարվում ենք մեր ազգային շահերից, այն ստորագրել չի կարելի։
  • Վերջերս հեղինակավոր մի կենտրոն աշխարհի զինված ուժերի մասին հետազոտություն հրապարակեց։ Ադրբեջանը 145 երկրների մեջ 50-րդ տեղում էր, Հայաստանը՝ 102-րդ։ Սա է իրողությունը։
  • Ալիևի վերջին հայտարարություններից հետո կարծես թե բանակցությունները կկանգնեցվեն։ Ալիևն այդ հարցազրույցում շատ ավելի մեծ պահանջներ ներկայացրեց Հայաստանին, քան մինչ այդ քննարկվում էր։ 
  • Ադրբեջանը շարունակում է զինվել և փորձ է անում թույլ չտալ, որ Հայաստանը զինվի։ Զենք ներկրելը դժվար է, իսկ Հայաստանի ռազմական պոտենցիալը պատերազմից հետո թուլացել է։ Պետք է խուսափել մեծ պատերազմից։ Իրավիճակն ավելի բարդ է, քան մենք կարծում ենք։ Չի կարելի այնպիսի գործողություններ անել, որ դրանք հակասեն մեր ազգային շահին։
  • Ակնհայտ է, որ հնարավորություն չեղավ, որ ընդդիմությունը գա իշխանության։
  • Մենք մինչև հիմա չունենք մեր ազգային անվտանգության հայեցակարգը, որը կհամապատասխանի նոր իրողություններին։
  • Մենք պետք է գրենք ու դասավանդենք ազգային պատմություն։ Իմ մոտեցումն այն է, որ «Հայոց պատմություն» առարկան առաջին միջոցներից է երեխաների մեջ հայրենասիրություն դաստիարակելու, այն պետք է ունենա ժամանակակից մեթոդաբանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս