Ի՞նչ են վկայում Տավուշի բերդում հայտնաբերված պատերի հիմքերը. նոր բացահայտում

«2020-2023թթ. իրականացվել են Տավուշի ամրոցի պեղումներ և ստացվել են կարևոր արդյունքներ: Նորություններ են ի հայտ եկել՝ սկսած ճարտարապետական կառուցվածքներից, հնագիտական իրերի տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հնագետ, Տավուշի ամրոցի պեղումների արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանը՝ նշելով, որ տեղում նաև փոքր ջրամբար են փաստագրել ու կավե խողովակաշարի մեկ հատված:

«Պեղումների ներկայիս մակարդակով դժվար է ասել՝ դա ամբողջ ներքին ցանցի ջրամատակարարման մի հատվա՞ծն է, բայց կարծիք կա, որ հենց այն ցանցի հատվածն է, որի ջրով սնուցել են Տավուշ ամրոցը: Տեղագիրներից մեկը նշել է, որ ջուրը մատակարարվել է, հեռվից բերել են կավե խողովակներով: Մի մասը մինչ օրս պահպանվել է: Հավանական է, որ խոսքը հենց նույն ջրամատակարարման ցանցի մասին է: Քաղաքների ջրամատակարարման ցանցերը նորություն չեն, բայց հետաքրքիր բացահայտումներ են: Նշեմ, որ ամրոցի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պատկերացում ենք կազմում պատմական գրավոր աղբյուրներից: Ըստ այդմ՝ այն թվագրվում է 10-13-րդ դարերով: Պեղումների արդյունքները, գտածոների թվագրությունը հաստատում է այս տեսակետը: Այն, ինչ ունենք գրավոր աղբյուրներով, պատմիչների հաղորդումներով, նյութական գտածոների տեսանկյունից դա փաստվում է: Զենքի օրինակ ունենք՝ նետասլաքի տեսքով, որը բավականին քայքայվել է, բայց ծայրը պահպանվել է: Ունենք պերճանքի առարկաներ՝ բրոնզե մատանի՝ օձագլուխ վերջավորությունով: Գտել ենք նաև մետաղադրամ, որը հատվել է Գանձակում՝ 10-11-րդ դարերում. սա խոսում է Տավուշի ամրոցի առևտրական կապերի մասին: Այս շրջանի մետաղադրամներ ՀՀ-ում քիչ են հայտնաբերված ու դրանցից մեկը Տավուշի ամրոցն է»,- մանրամասնեց Տիգրան Ալեքսանյանը:

Հնագետի փոխանցմամբ՝ բերդը նաև հայտնի է Ցլիկ Ամրամի ամրոց անունով:

Կարդացեք նաև

«Եղել է Ցլիկ Ամրամի բերդերից, բայց բարեբախտաբար, պատմիչները մեզ ավանդել են ամրոցի իրական անունը՝ Տավուշ, որովհետև շատ հուշարձանների ամրոցների դեպքում ունենք հիշատակություններ, բայց չունենք դրանց անվանումը: Լինում է նաև հակառակը. անունը գիտենք, բայց չենք կարողանում տեղորոշել՝արդյո՞ք սա պատմիչների նշած հենց այդ ամրոցն է:

Ընդգծեմ, որ միջնաբերդը կառուցված է միջնադարում մեծ տարածում գտած պաշտպանական համակարգերով: Հայտնաբերել ենք պատերի հիմքեր, որոնք խոսում են այն մասին, որ ամրոցի այդ լանջը ևս եղել է պարսպապատ, այսինքն, մինչև բուն միջնաբերդի մուտքին հասնելը եղել է ևս մեկ պարսպապատ տարածք, և նպատակը ո՞րն էր, այն, որ երբ թշնամին գրոհում էր ու մտնում այդ տարածք, նա անմիջապես չէր հասնում միջնաբերդի մուտքին, հակառակը, մտնում էր պարիսպներով փակ մի տարածք, ընկնում պաշտպանների կրակի տակ: Այդ հատվածը հաղթահարելուց հետո նոր կհասներ միջնաբերդի մուտքին:

Այսինքն, կրկնակի խոչընդոտ, դժվարություն են ստեղծել: Պաշտպանական գործի կազմակերպման նրբություններ են, որոնք վավերացրել ենք, Տավուշ ամրոցում թշնամուն կանգնեցնելու համար կառուցվել են փոքրիկ բերդեր՝ մեծ ամրոցների շուրջ: Փաստորեն, եղել է մեկ կենտրոնական մեծ ամրոց, իսկ շուրջը փոքր բերդեր՝ ստեղծելով պաշտպանական մի ամբողջական շղթա: Օրինակ՝ Տավուշ ամրոցը գրավելու համար պետք է գրավեին այս կամ այն բերդերը»,- նշեց Տիգրան Ալեքսանյանը:

Հնագետը հայտնեց, որ բերդն ունի ամրակայման խնդիր, մրցույթ է հայտարարվելու, և, ամենայն հավանականությամբ, գարնանը կսկսեն աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս