«Դա համարում եմ հեշտ խնդիր». Թրամփի՝ հրադադարի խոստումները և Նոբելյան մրցանակ ստանալու երազանքը 44-օրյա պատերազմի օրերին

Այս օրերին, երբ վաշինգտոնյան հանդիպումներից և Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո ՔՊ-ականները նույնանման տեքստերով ֆեյսբուքյան իրենց էջերում ոգևորված վստահեցնում են, թե այլևս պատերազմ չի լինելու, խաղաղությունն այլևս հաստատված փաստ է (թեև խաղաղության պայմանագիր անգամ չի կնքվել), ցանկանում ենք մի քանի փաստի վրա ուշադրություն հրավիրել, հատկապես, երբ Թրամփի՝ Նոբելյան մրցանակի առաջադրել-չառաջադրելու թեմա է շրջանառվում, որում, թերևս, առաջինը հենց ԱՄՆ նախագահն է շահագրգիռ:

Նախ հիշեցնենք, որ Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նա ԱՄՆ նախագահն էր։

Դրվագ առաջին

168.am-ը՝ «Հուլիսյան մարտերից հետո ո՞ր երկրներին է ռազմական ղեկավարությունն առաջարկել չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը, ո՞վ է այն ընդունել ի գիտություն» վերտառությամբ հոդված էր գրել։

Կարդացեք նաև

Այդ օրերին թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին նախատեսվել նաև Նախիջևանում:

Ավելի ուշ նախիջևանյան զորավարժությունների ընթացքում թուրքական F16-երի վերաբազավորում էր տեղի ունեցել դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք, նաև՝ Ադրբեջանը «Բայրաքթարներ» էր տեղակայել Նախիջևանում, ինչից պարզ էր՝ այդ ամենը վարժանքի նպատակով չէ, հատկապես, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի՝ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հուլիսյան մարտերի օրերին հրապարակավ խոստացել էր պատժել Հայաստանին:

2020թ. հուլիսի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, ընդունել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին, որտեղ անդրադարձ էր կատարվել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և դրա հետևանքով սահմանագոտում իրավիճակին։ Իսկ արդեն պատերազմից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին, Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին»:

Դրվագ երկրորդ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանը պատերազմ է սկսում: Սեպտեմբերի 28-ին «Արմենպրեսը» հաղորդել էր, որ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու «կտեսնեն՝ կկարողանա՞ն արդյոք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիոն դրսևորումը»:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարո՞ղ ենք արդյոք դա դադարեցնել»,- ԱՄՆ նախագահի խոսքերը փոխանցել էր լրատվամիջոցը և հիշեցրել, որ նույն ժամանակ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ կոչ է արվել «աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ և հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների»:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝բրայենի հետ:

Նա վերահաստատել էր շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը: 

Իր հերթին՝ Փաշինյանն ընդգծել էր ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը և շեշտել տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրսմղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում հանդիպել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Մինչ Մնացականյանի հետ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Դրանից հետո ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Շաբաթվա վերջին օրերին մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք մղում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (հրադադարի հաստատման ռեժիմն ընդունել)»:

Եվ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին, ինչպես համաձայնեցվել էր Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հրադադար է հայտարարվում, որն Ադրբեջանը դարձյալ չպահպանեց:

Հոկտեմբերի 27-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որտեղ նա ուշադրություն էր հրավիրել Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Ւսկ հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝բրայենի հետ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հրադադարի խախտման հարցում «Ադրբեջանին սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ»:

Իսկ ամերիկյան կողմը հավաստիացրել էր, որ «շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը»: Իհարկե, վերջին ձևակերպումը զավեշտալի է:

Դրվագ երրորդ

Ժամանակագրական առումով մի փոքր հետ գնանք վերը նշված փաստերից և ներկայացնենք ուշագրավ փաստ՝ այդ օրերին Թրամփի արած հայտարարության վերաբերյալ: Մասնավորապես, Նյու Հեմփշիրում ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական հանրահավաքի ժամանակ, որը տեղի էր ունեցել հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ՝ 2020թ.  հոկտեմբերի 25-ին, անդրադարձել էր Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմին:

«Մենք հիմա ունենք Հայաստանը։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի պայքարում են։ Եվ գիտե՞ք՝ ինչ․ մենք ինչ-որ բան պետք է արած լինենք։ Որովհետև հայերը դժվար խնդիր են ունեցել։ Ի դեպ, երեկ ես Օհայոում էի, որտեղ հայերի մեծ խումբ կար՝ դրոշներով, և այլնով, ոգով։ Եվ խնդիրները, որ ունեն նրանք, կռիվը, զոհերը և այլն, մենք դա կլուծենք։ Ես դա համարում եմ հեշտ խնդիր։ Գնացեք ու ձեր մարդկանց ասեք»,- «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ, ասել էր ԱՄՆ նախագահ Թրամփը, ով այս համատեքստում խոսել էր Սիրիայում և այլ տարածաշրջաններում իր կատարած «լավ գործերի» մասին և հարցադրում արել՝ ինչո՞ւ իրեն չեն ներկայացրել խաղաղության Նոբելյան մրցանակի։

Այնուհետև ԱՄՆ նախագահը հայերի մասին խոսելիս հիշեցրել էր Կոսովոյի ու Սերբիայի մասին:

«Եթե դու գիտես, թե ինչ ես անում, դա հեշտ է։ Մտածեք Կոսովոյի ու Սերբիայի մասին։ Մենք որևէ գործարք չէինք անում, քանի դեռ երկուսն իրար գլխի չէին գալիս։ Եվ, ի դեպ, նրանք երկուսն էլ վերադարձան, Սպիտակ տան Օվալաձև դահլիճում իրար գրկում ու համբուրում էին։ Անհավանական մի բան։ Շատ պատմական։ Մենք փրկում ենք բազմաթիվ լավ մարդկանց սպանվելուց»,- հավելել էր Թրամփը:

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն իմքայլականները, այսօր արդեն ՔՊ-ականներն այսօրվա նույն ոգևորությամբ տարածում էին իրենց ֆեյսբուքյան էջերում, նույնիսկ Թրամփին վերագրում էին բաներ, ինչի մասին իր ելույթում նա չէր խոսել։ Խոսքն Արցախը ճանաչելու մասին է:

Իսկ արդյունքում ԱՄՆ-ը ևս չկարողացավ Ադրբեջանին և Թուրքիային ստիպել առնվազն պահպանել 2020 թվականի հոկտեմբերի 26-ի ԱՄՆ միջնորդությամբ հայտարարված հրադադարը, ինչը, ասում են, հիասթափեցրել էր Թրամփին:

Ի դեպ, այդ օրերին Էրդողանը սպառնացել էր, թե իր երկիրը ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանին աջակցելու պատճառով ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում՝ ասելով. «Դու (ԱՄՆ։- խմբ.) չես հասկանում՝ ում հետ գործ ունես։ Դե, կիրառիր, մի՛ հապաղիր»:

Իսկ նույն ժամանակում՝ 2020-ի հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որը հրապարակվել էր հոկտեմբերի 25-ին, և որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր.

«Երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի:

Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝

1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,

2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»:

Դիտարկմանը՝ «դա նշանակո՞ւմ է, որ չեք մասնակցում Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղության գործընթացին», Փաշինյանն արձագանքել էր. «Մեր արտաքին գործերի նախարարն արդեն Վաշինգտոնում է և այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ (հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։- խմբ.): Ես ուղղակի շարադրեցի մեր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարժվեն նույն, այլ ոչ թե տարբեր ուղղություններով»:

Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչպես շարադրել էր Փաշինյանը. 2020 թվականի պատերազմն ավարտվեց ՌԴ միջնորդությամբ և եռակողմ հայտարարությամբ, որտեղ ՌԴ ստորագրությունն էր, իսկ ԱՄՆ-ն էլ՝ ի դեմս նախագահ Թրամփի, կարո՞ղ ենք ասել, որ հետ քաշվեց, հատկապես, երբ չհաջողվեց պահպանել իրենց իսկ միջնորդությամբ հրադադարը: Եվ այսօր՝ 5 տարի անց, Թրամփի խոսույթը չի փոխվել՝ պոպուլիստական երանգավորմամբ և Նոբելյան մրցանակի մասին երազանքով, իսկ ՀՀ իշխանությունն էլ շտապում է ոգևորվել ժամանակից շուտ: Իսկ իրականությունը և հողի վրա ամեն ինչ շատ ավելի բարդ է: Խաղաղություն բոլորն են ուզում:

Չպետք է մոռանալ՝ մի բան է խաղաղություն հաստատելը, բոլորովին այլ բան և առավել դժվար՝ այն պահպանելը…

Տեսանյութեր

Լրահոս