ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) խիստ մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:

Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ, ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։

Մասնավորապես՝

1. Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։

2. Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։

3. Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։

4. Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:

5. Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։

6. Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից, ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։

7. Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով։

8. Ինչպես այլ կարևոր փաստաթղթերի, այնպես էլ այս հուշագրի բովանդակությունը թաքցված է եղել ՀՀ քաղաքացիներից և Ազգային ժողովից։ Կենսական կարևորության որոշումները չեն կարող կայացվել երկրի ներսում լեգիտիմություն չունեցող ռեժիմի կողմից։

9. Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի և նրա պարագլխի՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ և գեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելու հիվանդագին, հակապետական և հակաժողովրդական մոլուցքի հետևանք են։

10. Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որևէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն և արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաև Հայասսանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործիքակազմը և կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։

Հստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝

ա) օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:

բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:

գ) Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս:

դ) իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային անվտանգության երաշխիքներ և իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:

ե) հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ենթադրող պահանջի կատարումից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀԿ-ն մերժում է գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը:

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:

Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին
11.08.2025

Տեսանյութեր

Լրահոս