Մոտ 10.000 ձեռագիր անհետացե՞լ է, թե՞ այրվել. ի՞նչ են հայտնաբերել Բաղաբերդում
Սյունիքի թագավորանիստ Բաղաբերդ ամրոցում պեղումների արդյունքում հայտնաբերվել են 13-14-րդ դարերին թվագրվող գտածոներ:
Փիրուզագույն ջնարակով պատված հախճապակե թասերի բեկորները, հորիզոնական կանթով տաշտը, հորիզոնական բռնակով խնոցու բեկորները, ամբողջական կարասը և սափորը, հասարակ և ջնարակապատ ծեցանոթների բազմաթիվ բեկորները և երկաթե գամերը բացահայտում են 1103 թվականին Սյունիքի թագավորության թագավորանիստ մայրաքաղաք հռչակված Բաղաբերդ ամրոցի ծաղկման շրջանը:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանի փոխանցմամբ` պատերի շարվածքներում նկատել են վերակառուցումների հետքեր, մասնավորապես՝ քանդակազարդ սրբատաշ բազում քարերի դեպքում։
«Գտածոները վերահաստատում են, որ այստեղ 13-14-րդ դարերում ինտենսիվ կյանքը շարունակվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հնագետը։
Խոսելով 1170թ. սելջուկների արշավանքի ժամանակ անհետացած ձեռագրերի մասին` Ավետիս Գրիգորյանը նշեց.
«Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ 1170թ. գրավում և ավերում են Սյունիքի թագավորության վերջին հենակետը և այնտեղ պահված հարստությունները, մոտ 10.000 ձեռագրեր այրում են, սակայն կա պատմություն, որ ոչ բոլոր ձեռագրերն են ոչնչացվել, դրանց մի մասը սյունեցիները կարողացել են փրկել, թաղել ամրոցին մոտ տարածքում, որտեղ հետագայում ձևավորվել է Գիրաթաղ գյուղը»։