Հայաստանի այդ տարածքը փաստացի դառնալու է «պրոխոդնոյ դվոռ» Ադրբեջանի և Թուրքիայի համար. Վիգեն Հակոբյան

Երևանն ու Բաքուն այսօր հանրայնացնելու են խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։ Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր.  «Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։

Բուն խաղաղության պայմանագիրը սեղանին էր դրվել դեռ 2022 թվականի մարտին, բայց երեք տարի բանակցված թղթի մասին հայաստանյան հանրությունը տեղյակ չէ․ պայմանագիրը հրապարակելու ընդդիմության պահանջին ի պատասխան՝ իշխանությունները մշտապես տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշել։

Ի՞նչ հարց է լուծելու, կամ՝ չի լուծելու Վաշինգտոնյան պրոցեսը, ի՞նչ հետևանքներ կունենա նախաստորագրված համաձայնագիրը՝ կիրարկումից հետո․ 168.am-ը թեմայի առնչությամբ այս հարցադրումներն ուղղեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանին։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նա թվարկեց 3 հիմնական հնարավոր հետևանքներ, որոնք սպասվում են համաձայնագրի իմպլեմենտացման դեպքում։

«Առաջինը՝ մենք գործ կունենանք Հայաստանի կիպրոսացման հետ։ Այսինքն՝ ինչպես Կիպրոսը բաժանվեց 2 հատվածի՝ հունական Կիպրոս և թուրքական Կիպրոս, այս պարագայում, ըստ էության, նորից կխաղարկվի այդ տարբերակը։ Հայաստանում կունենանք Հայաստան, որը նոմինալ-ֆորմալ առումով ամբողջովին կվերահսկվի ՀՀ իշխանությունների կողմից (պայմանական ասած՝ հայկական Հայաստան), և Հայաստանի մի հատված Սյունիքում, որը գործնականում չի վերահսկվի Հայաստանի իշխանությունների կողմից՝ դառնալով թուրք-ադրբեջանական ազդեցությամբ հատված (այդ թվում` նաև օպերացիոն վերահսկողության տակ)։

Երկրորդը՝ եթե Վաշինգտոնում ստորագրվածն իմպլեմենտացվի, Հայաստանը կգնա սիրիացման ճանապարհով, որովհետև կստացվի, որ փոքր Հայաստանում մենք կունենանք ռուսական ռազմական բազա՝ մի կողմից, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների վերահսկողություն, այսպես կոչված՝ «չեվեկա»։ Այս կերպ, ըստ էության, Հայաստանի տարածքում կարող է բախում տեղի ունենալ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ուժային կենտրոնների միջև։

Երրորդը՝ քանի որ Հայաստանի այդ տարածքը փաստացի դառնալու է «պրոխոդնոյ դվոռ» Ադրբեջանի և Թուրքիայի համար, և դրա շուրջ, ամենայն հավանականությամբ, տեղաբաշխվելու են այն՝ առնվազն 350.000 ադրբեջանցի իբրև թե փախստականները, ինչի մասին իրենք այդքան խոսում են, այդ դեպքում այդ հատվածը կդառնա «պրոքսի պետություն»»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը։

Արդյո՞ք այս պահին առկա իրողությունների, ձեր մատնանշած՝ կիպրոսացման, սիրիացման և պրոքսիացման հնարավոր հեռանկարի առնչությամբ ընդդիմադիր շրջանակների արձագանքն ադեկվատ է՝ հետաքրքրվեցինք վերլուծաբանից։

Նախ նա արձանագրեց, որ քաղաքական ուժերի արձագանքը, տեսակետը, դիրքորոշումը, սովորաբար, լինում է հայտարարությունների տեսքով, որի մի քանի օրինակներ ինքն այս օրերին տեսել է, սակայն հավելեց․

«Որոշ բացառություններով՝ չեմ կարծում, որ իրենց վերաբերմունքը պրոբլեմին, խնդրո առարկային, դրա լրջությանը համարժեք է, մյուս կողմից էլ՝ առանձնապես շատ անսպասելի չէր Վաշինգտոնում ստորագրվածը, որովհետև օրեր շարունակ այդ պրոցեսը գեներացնողները հետևողականորեն փոքր կամ միջին դոզաներով մոտեցնում էին պահը»։

Հստակեցմանը՝ ոչ միայն հայտարարություններ․ ինչո՞ւ չեղավ ընդվզում, գործողություններ, Վիգեն Հակոբյանն արձագանքեց․

«Մեր ընդդիմության հիմնական պրոբլեմը, 2020 թվականից սկսած, այն է, որ եթե մերժել է իշխանության արածը կամ առաջարկածը, ապա շատ հազվադեպ է առաջարկում այլընտրանք»։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմությունն այս փուլում խուսափում է աշխարհաքաղաքական պրոցեսների մեջ հստակ դիրքորոշումներ հայտնելուց։

«Այլ կերպ ասած՝ ոչ բոլոր ընդդիմադիր շրջանակներն են ուզում հստակեցնել իրենց վերաբերմունքն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի կամ ռեգիոնալ կենտրոնի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հանդեպ»,- ամփոփեց նա։

Տեսանյութեր

Լրահոս