Իրանի ԱԳՆ-ում նշել են միջուկային ծրագիրը սահմանափակելու պայմանը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ Իրանը կարող է որոշակի ժամանակահատվածով համաձայնել իր միջուկային ծրագրի սահմանափակումների՝ ամերիկյան պատժամիջոցների վերացման դիմաց: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ ամփոփելով նախարարի հետ հարցազրույցը:

Ըստ գործակալության՝ Ռավանչին հայտարարել է, որ Իրանը «կհամաձայնի որոշակի ժամանակահատվածով միջուկային մշակման սահմանափակումների»՝ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացման դիմաց, և մտադրություն է հայտնել նվազեցնելու ուրանի հարստացման մակարդակը։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանը շարունակում է Միացյալ Նահանգների հետ կապ պահպանել միջնորդների միջոցով, սակայն չի նշել բանակցությունների վերսկսման ենթադրվող ամսաթիվը։

Իրանը և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային ծրագրի շուրջ, իսկ վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար հունիսի 15-ին, սակայն տեղի չունեցավ Իսրայելի հարվածների պատճառով, որոնք Իսրայելը պատճառաբանել էր Իրանի կողմից, ենթադրաբար, գաղտնի ռազմամիջուկային ծրագրի մշակմամբ։

Իրանցի պաշտոնատար անձինք հերքել են այս մեղադրանքներն՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել բանակցային գործընթացը, բայց առանց նախապայմանների։ Մասնավորապես, Իրանը դեմ է հանդես գալիս ուրանի հարստացումը «զրոյացնելու» ԱՄՆ-ի պահանջին։

Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Թեհրանը դեռևս չի պլանավորում բանակցություններ անցկացնել Վաշինգտոնի հետ։ Իրանում այն կարծիքին են, որ խորհրդակցությունների նոր փուլի պայմանները դեռ չեն հասունացել:

Տեսանյութեր

Լրահոս