
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 222-ի

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Այսպիսով, անկլավում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։
Բացի այդ, «Ալ-Աուդա» հիվանդանոցը հայտարարել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի կենտրոնական հատվածում օգնության բաշխման կետի մոտ հավաքված անձանց թիրախավրման հետևանքով:
Ալ-Կուդս հիվանդանոցն իր հերթին տեղեկացրել է Գազա քաղաքի ազ-Զեյթուն թաղամասի վրա Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով 7 զոհի և 41 վիրավորի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են։
Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 6-ի։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 430-ի, վիրավորվել է 153 213 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 50 պատանդ, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ է: