Առաջին անգամ  Կարմիր բլուրում հայտնաբերվում են նման դամբարաններ. Միքայել Բադալյան

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական «Էրմիտաժ» թանգարանի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն:

Ներկայումս ընթացող պեղումներն ընթանում են 2023 թվականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի թանգարանի և Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում:  2024 թվականի փետրվարի 14-ին պետական «Էրմիտաժ» թանգարանում բացվեց «Էրեբունի թանգարանի անկյունը»: Այդ օրը պետական «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ քննարկումների ժամանակ վերջնական համաձայնություն եկանք՝ վերակենդանացնել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբը:

Ներկայումս ընթացող պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսվել է արդեն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկվել է դամբանասալերով, այնուհետև դամբարանը պատվել է զրահով: Պետք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում հայտնաբերվում են առաջին անգամ:

Կարդացեք նաև

Երեկ և այսօր պեղվեց գտնված դամբարաններից մեկը: Արդյունքները խիստ տպավորիչ են:

Բացվել է աջ կողմի վրա, կծկված վիճակում գտնվող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնավորություն, ըստ երևույթին՝ խիստ բարձր հեղինակություն ունեցող զինվորական: Այդ է վկայում նրա հետ դրված ուղեկցող նյութը:

Այսպես, հայտնաբերվել են վեց սափորներ՝ այդ թվում՝ մեկ ծորակավոր անոթ, բրոնզե նիզակ, բրոնզե խարսխաձև սակր, բրոնզե մանգաղատիպ դանակ, բրոնզե ապարանջան, երկաթե դաշույն, երկաթե «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրավ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղվել է շուրջ 300 դամբարան, բայց երբեք չէր գտնվել սակր: Հիմա մյուս հետաքրքիր դրվագի մասին: Ֆիքսվեց նաև հանդերձյալի բրոնզե «պորտյուպեն»՝ իր բրոնզե շրջանաձև ամրակապով: Ֆիքսվեցին փայտի և կտորների մնացորդներ:
Ելնելով պեղված նյութից և հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականորեն կարելի է թվագրել Ք. ա. 13-11-րդ դարերով:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հռիփսիմե Հարությունյանին՝ պեղումներին աջակցելու համար, ինչպես նաև ՝ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնին Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն /Centre of geospatial technologies՝ դամբարանի վերջնական օդալուսանկարումը մեզ համար բարեկամաբար իրականացնելու համար»:

Միքայել Բադալյան, հնագետ, պատմահնագիտական, Էրմիտաժ, Էրեբունի թանգարան, Կարմիր բլուր, դամբարաններ, պեղումներ, արշավախումբ, Միխայիլ Պիոտրովսկի, կրոմլեխ, բրոնզե խարսխաձև սակ, ՅուլիաՄարչենկո, մոգական շրջանակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30