Սպիտակ վանքի հյուսիսային հատվածում նոր եկեղեցի, խաչքար ու դամբարան են գտել. ո՞ւմ է պատկանել և ովքե՞ր են թաղված. Մանրամասնում է հնագետը

Լանջանիստ գյուղի Սպիտակ վանք համալիրում Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի իրականացրած պեղումների ժամանակ նոր շերտեր են բացվել, և ևս մեկ եկեղեցի է հայտնաբերվել։ Արդյունքների մասին զրուցել ենք արշավախմբի ղեկավար Դիանա Միրիջանյանի հետ։

 – Սպիտակ վանք համալիրում պեղումներ իրականացվել են նաև 2021թ.։ Ինչո՞ւ են այդ ժամանակ դադարեցվել և ինչո՞ւ վերսկսվեցին։

– Ինչպես 2021թ., այնպես էլ 2024թ. պեղումները սկսվել են Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ 2021թ. արշավախումբը ղեկավարում էր Արտակ Գնունին, և կարճատև պեղումների ընթացքում բացվել է եկեղեցու շրջակայքը, ու փորձել են հասկանալ հետագա անելիքները, կազմել վերականգնման նախագիծ։ Որոշ ընդհատումից հետո արդեն պեղումների ծավալները մեծացան, քանի որ պարզ դարձավ՝ գործ ունենք մեծ համալիրի հետ, և ավելի ընդարձակ պեղումներ պետք է արվեն։ Ուստի, պեղումները 2024թ. ևս շարունակվեցին, քանի որ թեմը նպատակ ունի հետագայում վերականգնել և ամրակայել վանական համալիրը։

Կարդացեք նաև

– Եթե Մասյացոտնի թեմը չլիներ՝ տարածքը հնագետների ուշադրությունը չէ՞ր գրավելու։

– Նմանօրինակ տարածքներ շատ կան, որ գրավում են հնագետների ուշադրությունը, սակայն պարզ է, որ ֆինանսավորումը բոլորին չի բավականացնում։ Եվ, եթե չլիներ թեմի նախաձեռնությունը, իհարկե, այդտեղ պեղումներ չէին կատարվի, քանի որ նման ճարտարապետական կառույցների համար կարևոր է նաև հետագա ճակատագիրը, այն, թե ի՞նչ պետք է արվի պեղումներից հետո։ Պետք է ամրակայվի, վերականգնվի, որոնք ևս պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ։ Երբ կառույցները հողի տակ են՝ որոշ չափով պահպանվում են, իսկ, երբ հողի տակից դուրս են գալիս, դրանք խիստ վտանգված են լինում և հետագա պահպանության անհրաժեշտություն կա։

Սա առաջին դե՞պքն է, երբ թեմի հոգևոր առաջնորդն է հովանավորում պեղումների կատարումը։

– Նման ծավալի պեղումների համար, իմ կարծիքով, առաջին դեպքն է։ Նախորդ տարիներին ևս Արարատի մարզի տարբեր գյուղերում Մասյացոտնի թեմը նախաձեռնել է տարբեր եկեղեցիների պեղումներ։ Սպիտակ վանքի պեղումներն առանձնանում են նրանով, որ ծավալներով մեծ են և բացված կառույցները ևս մոնումենտալ կառույցներ են, որոնց մասին նախկինում մենք որևէ տեղեկություն չենք ունեցել։

Վանքը ո՞ր դարում է կառուցվել և ինչո՞ւ է կոչվում Սպիտակ վանք։

– Սպիտակ վանքը ժողովրդական խոսույթում է տարածված, քանի որ կառուցված է սպիտակ գույնի քարով։ Այն Արարատի մարզում տարածված քար է, ու շրջակայքում տվյալ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիները ևս այդ սպիտակավուն քարից են կառուցված։

Հայտնի է, որ վանքը կառուցվել է 13-րդ դարի վերջին․ 1299 թվականով մենք խաչքար ունենք՝ ագուցված վանքի պատին։ Խոսքը երեք եղբայրների մասին է, որոնցից մեկը ծնողների և երկու եղբայրների հիշատակին նախաձեռնում է եկեղեցու շինարարությունը։ Սկիզբը համարվում է 1299 թվականը, իսկ մեկ այլ արձանագրությամբ արդեն իմանում ենք, որ եկեղեցու շինարարության ավարտը 1306 թվականն է։ Խոսքը մի եկեղեցու մասին է, որը մինչև պեղումները հայտնի էր, իսկ ահա 2024թ. պեղումների արդյունքում եկեղեցու հյուսիսային հատվածում բացվեց ևս մեկ եկեղեցի, որի մասին աղբյուրներում կամ տեղեկագիրների, ուխտավորների մոտ որևէ տեղեկություն չկար։ Եկեղեցու առկայությունը ենթադրելի էր, քանի որ վանական համալիրները սովորաբար ունենում են մեկից ավելի եկեղեցի։

Պարզապես հյուսիսային հատվածը փորձեցինք պեղել՝ հասկանալու, թե ինչի՞ հետ գործ ունենք։ Արդյունքում ևս մեկ հոգևոր կառույց բացվեց։ Այժմ ունենք երկու եկեղեցի, նրանց գավիթները, տապանաքարեր, իսկ եկեղեցու հարավային հատվածում բացվել է դամբարան, որտեղ հավանաբար թաղված են իշխանական ընտանիքի անդամներ։ Առայժմ մարդաբանական ուսումնասիրություններ չեն կատարվել՝ հստակեցնելու սեռը, տարիքը։ Պեղումներից հետո պետք է փորձենք աղբյուրագիտական, պատմական տեղեկություններով պարզել, թե ովքե՞ր են, ո՞ր իշխանական տանն են պատկանել, որ հատուկ թաղված են այդ կառույցում։

Նախնական կարող ենք ասել, որ ամուսիններ են և նրանց երեխաները։ Դամբարանը երկու սենյակից է բաղկացած, մի սենյակում երկու տապան կա, որոնց վրա սխեմատիկ պատկերներ են, որը բնորոշ է 13-14-րդ դարերի տապանաքարերին։ Դիտարկումից հասկացանք, որ տղամարդկանց սխեմատիկ պատկերները մի քիչ ավելի խոշոր են արել, պարանոցը՝ մի քիչ կարճ, իսկ կանանց սխեմատիկ պատկերները մի քիչ ավելի նուրբ են և երկար պարանոցով։ Ուստի, սրանից ելնելով՝ ենթադրում ենք, որ տղամարդ ու կին են թաղված առաջին սենյակում, իսկ կողքի սենյակում չափերով փոքր տապանաքարեր են՝ մանկական թաղումներ են։ Սա հաշվի առնելով՝ կարծում ենք, որ թաղված են ամուսիններն ու իրենց երեխաները, որոնք հավանաբար, ավելի ուշ են մահացել։ Դամբարանի արևելյան կողմում խաչքար է կանգնեցված՝ իր պատվանդանով։ Այն ևս հայտնաբերվել է պեղումների ժամանակ։ Հրաշալի գործ է խաչքարը. հատուկ շատ նուրբ աշխատանք է արված բարձրաշխարհիկ մարդկանց համար։

Մեկ բան հստակ է՝ տարածքները պատկանել են Օրբելյան իշխանական տան Ջալալյան ճյուղին, որոնց իշխում էին Արարատի մարզում, Ուրծ և Արած գավառներում, և իշխանական տան անդամներն այդ տարածքներում տարբեր շինարարական գործունեություն են ծավալել, որոնցից ամենանշանավորը Հովհաննես Մկրտչին նվիրված Սուրբ Կարապետ վանքն է՝ Սպիտակ վանքից ոչ շատ հեռու։  Այնտեղ ևս բազմաթիվ արձանագրություններ խոսում են Օրբելյան տան անդամների մասին։

Հնարավո՞ր է՝ նոր հայտնաբերված եկեղեցին ավելի վաղ կառուցված լինի։

– Գրեթե միաժամանակ են կառուցված, գուցե մի քանի տարվա տարբերություն լինի, բայց ոչ դարերի, պարզապես խիստ տարբեր են շինարարական տեխնիկայով։ Եթե մինչև պեղումները հայտնի եկեղեցին կառուցված էր շատ լավ սրբատաշ քարով, կրասվաղով, որը շատ բնորոշ է զարգացած միջնադարին, ապա կողքի նորահայտ եկեղեցին կառուցված է կիսամշակ քարերով, հողի շաղախով։ Զաքարյանների ժամանակաշրջանից հետո, երբ սկսվեցին մոնղոլների արշավանքները, ամեն մի պահը շատ փոփոխական էր, հնարավոր էր՝ մեկ բան նախաձեռնեին և կիսատ մնար, կամ անմիջապես այդ կառուցումից հետո ավերվեր։

– Գտել եք նաև հոր, թոնիր… այդտեղ նաև բնակվե՞լ են։

– Վանական համալիրը, բացի հոգևոր գործունեությունը, մեծ տարածք է, որտեղ ապրել են վանականները և, բացի հոգևոր գործունեությունից, նաև աշխարհիկ գործունեություն են ծավալել. հող են մշակել, բերք հավաքել։ Այսինքն, պետք է ապահովեին նաև իրենց կեցության հարցերը։ Գավիթին կից բացել ենք տնտեսական նշանակության երկու սենյակ, որտեղ բացվել է երկու հոր, թոնիր։ Սենյակներից մեկում խորշեր կան արված, որտեղ տարբեր իրեր են պահվել։ Կան մի շարք այլ սենյակներ, որոնց պեղումները կշարունակենք հաջորդ տարի։ Հուսով եմ՝ կբացենք այն սենյակները, որտեղ կրթական, գիտական գործունեություն են ծավալել, գուցե գրքեր են գրել։ Կարևոր է, որ պեղումների ընթացքում գտնվեցին բազմաթիվ վիմագրական նյութեր, արձանագրություններ։

Նորաբաց եկեղեցու մուտքի երկու կողմերում գտնվեցին արձանագրություն կրող սալաքարեր, որոնց արձանագրությունն ընթերցում է ինստիտուտի վիմագրության բաժնի գիտաշխատող Հայկ Հակոբյանը։ Հուսանք՝ սրանից հետո վանական համալիրի մասին շատ ավելի տեղեկություն կստանանք։ Այժմ կարող ենք ասել, որ ամբողջ վանական համալիրը կրում է Սուրբ Աստվածածին անունը։ Բայց, թե եկեղեցիներն ի՞նչ անուններ են ունեցել՝ հուսանք, վիմագրերի դիտարկումներով կպարզենք։ Հայտնաբերել ենք նաև խեցեղեն, հախճապակու բեկորներ։

Քանի որ հոգևորականները ևս մասնակցում են պեղումներին, նրանք ունե՞ն այս կամ այն իրի վերաբերյալ իրենց բացատրությունը։

– Իրոք, շատ հետաքրքիր փորձառություն է։ Ամեն օր թեմի տարբեր քահանաներ իրենց համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում են պեղումներին, և հոգևորականների հետ շփումներն ուսանելի են, որովհետև որոշ հարցերի մենք այլ բացատրություն ենք տալիս, իրենք՝ ավելի քրիստոնեական, որը կարող  է որոշ առումով լրացնել։

Ժամանակի ընթացքում եկեղեցին վնասվել է, գանձագողերի կողմից անգամ պայթեցումներ են իրականացվել։ Ինչպե՞ս են այս կառույցները հայտնվում գանձագողերի ուշադրության կենտրոնում։

– Շատ ցավոտ հարց է։ Գրեթե բոլոր հուշարձանները վտանգված են, ենթարկվում են նմանօրինակ վանդալիզմի։ Սպիտակ վանքը 1970-ական թվականներին իրոք պայթեցվել է, իսկ պատճառը հետևյալն է․ եկեղեցիների տանիքներին սովորաբար ծանր կրասվաղը թեթևացնելու համար կճուճ, կարաս և նմանօրինակ անոթներ էին դնում, որ ծանրությունը թեթևացնեն։ Չիմացության, վատ տրամադրվածության արդյունքում մարդիկ մտածել են, որ դրանց մեջ հավանաբար գանձեր կան պահված, ու դա է պատճառ հանդիսացել, որ պայթեցրել են՝ փորձելով հասկանալ, թե կճուճների մեջ ի՞նչ կա։ Մեր հուշարձաններն արժեքավոր են իրենք իրենցով. ոչ մի հուշարձանում պահված գանձ չկա։ Հուշարձաններում ոսկի, գանձեր չեն պահել։ Հայտնաբերվում են տվյալ դարաշրջանին բնորոշ խեցեղեն, մետաղ և նմանօրինակ նյութեր, որոնք կարևոր են մեր պատմության և մշակույթի, գիտության համար։

Նման բան նաև Օհանավանում էր եղել, երբ այգեգործն իր տարածքում դամբարան էր գտել՝ 14 տարի փորելով։ Ի վերջո, պարզվե՞ց, այն դամբարա՞ն է, թե՞ ճգնավորի խուց։

Օհանավանը Հայաստանի վաղ միջնադարի մշակույթի համար շատ կարևոր հուշարձան է։ Ցավոք, մինչ հնագետները տեղեկացան, հուշարձանն արդեն շատ էր վնասվել։ Պեղումների ժամանակ փորձել ենք ինչ հնարավոր է՝ ֆիքսել, պահպանել, որովհետև նման վաղ միջնադարյան ժայռափոր համալիր մենք չունենք։ Եզակի կառույց է, և հետագա ուսումնասիրությունները շատ ավելին կպարզեն։ Նախնական կարող եմ ասել, որ համալիրը բաղկացած է դամբարանային ժայռափոր հատվածից, ևս մեկ ժայռափոր սենյակից, որը հոգևոր նշանակություն է ունեցել, քանի որ արևելյան հատվածում ժայռը փորել են խորանի ձև, կա սրբազան հարթակ, որտեղ խորան է, և տարբեր արարողությունների համար  մշակումներ ունի ժայռը։

Ամբողջ համալիրը նվիրված է եղել դամբարանում թաղված անձանց, որոնք շատ կարևոր անձինք են, գուցե սրբեր։ Նախնական մարդաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու տղամարդ են ամփոփված դամբարանում։ Կարևոր անձինք են, քանի որ ամեն մեկի համար նման համալիր չէին կառուցի։ Տուֆե ժայռը շատ գեղեցիկ մշակված է, որն ուղղակի հիացմունք  է պատճառում։ Նախնական կարող ենք թվագրել, որ կառուցվել է 4-7-րդ դարերում։ Վաղ միջնադարյան ժամանակաշրջանին է վերաբերում, երբ մեզ մոտ նոր սկսում էին քրիստոնեական կառույցների մշակումը, զարգացումը։ Ունենք քառակող կոթողի պատվանդան, որի վրա երկու հոգի են պատկերված՝ Ավետարանը ձեռքները։ Գուցե ավետարանիչների, սրբերի պատկերներ են։ Ամբողջ համալիրի մանրամասն ուսումնասիրությունը կարևոր է մեր միջնադարյան, հոգևոր մշակույթի տարբեր խնդիրները նորովի լուսաբանելու, հասկանալու համար։

– Պարզվում է, գոյություն ունի նաև ֆեմինիստական հնագիտություն, որը կարևորում է հնագիտության ոլորտ կանանց մուտքը, ինչպես նաև բոլոր աշխատանքներին մասնակցելը, քանի որ ժամանակին կանայք ավելի շատ լաբորատորիայում են աշխատել, քան դաշտում։ Հիմա կանայք ի՞նչ խնդիր ունեն, և արդյո՞ք շատ են հնագետի մասնագիտությունն ընտրողները։

Ֆեմինիստական հնագիտությունը, այո, առանձին ճյուղ է, որը շատ տարածված և զարգացած է Արևմուտքում։ Զբաղվում է  պատմության մեջ կանանց դերի արժևորմամբ, քանի որ պատմության մեջ ավելի շատ տղամարդկանց մասին է խոսվում։ Մեզ մոտ ևս ոչ այդ անունով, բայց միշտ քննարկվել է կանանց դերը, քանի որ տղամարդկանց հավասար միջնադարում եկեղեցիներ են կառուցել, նվիրատվություն են արել։

Հնագիտության ոլորտում կանայք բավականին շատ են։ Օրինակ, Դվինում միշտ արշավախմբի ղեկավարները՝ տղամարդիկ, բայց անդամները կանայք են եղել։ Իհարկե, դժվար է, քանի որ աշխատանքն ու ընտանիքը պետք է համատեղես, սակայն, երբ վարակվում ես հնագիտությամբ, արդեն ամեն ինչ փորձում ես անել, որ նաև դաշտում լինես, մասնակցես աշխատանքներին, որովհետև այն մի ուրիշ աշխարհ է։

Որպես հնագետ՝ ո՞ր ժամանակահատվածում կուզեիք հայտնվել և ո՞ւմ կցանկանայիք հանդիպել։

Քանի որ միջնադարյան ժամանակաշրջանն եմ ուսումնասիրում, կուզեի հայտնվել Բագրատունյաց Հայաստանում, փորձել ավելի մանրամասն հասկանալ Անի մայրաքաղաքի առաջացումը, ճարտարապետությունը։ Կուզեի նաև թագուհիներին հանդիպել, հասկանալ, թե ինչպիսի՞ն էին նրանք իրական կյանքում։

– Կա՞ վայր, որտեղ միշտ ցանկացել եք պեղումներ կատարել։

– Ուսանողական տարիներից սկսած մտածում եմ Անիում աշխատելու հնարավորության մասին։ Այնտեղ հիմա թուրք հնագետները շատ ակտիվ աշխատում են, բայց պարզ է, որ հատկապես այս ժամանակներում հնարավոր չէ… Եթե վաղ շրջաններում հնարավոր է համատեղ ինչ-որ բան անել, ապա միջնադարյան ժամանակաշրջանը շատ ավելի քաղաքական է, և շատ դժվար է նմանօրինակ արշավախմբեր ձևավորել և զուտ գիտական պեղումներ կատարել, որովհետև մեկնաբանությունների ժամանակ միշտ քաղաքականությունը խառնվում է։

Տեսանյութեր

Լրահոս