Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Փաշինյանը Թուրքիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը տարածաշրջանային նոր որակի համագործակցություն հաստատելու հնարավորություն է ստեղծում։

Քննարկվել են նաեւ Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Փաշինյանը նշել է, որ այդպայմանավորվածությունների իրագործման համար մթնոլորտն առավել քան երբեւէ նպաստավոր է։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս