
Ինդոնեզիայում բնակվող հայ մարզիկը դարձել է Ջակարտայում տեղի ունեցած բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի միջազգային բաց առաջնության ոսկե մեդալակիր

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում օգոստոսի 9-10-ը տեղի է ունեցել բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի «Ինդոնեզիայի գավաթ» միջազգային բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցել են Ինդոնեզիայի, Արգենտինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կանադայի, Ղազախստանի, Մալայզիայի, Շվեյցարիայի, Սինգապուրի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների և այլ երկրների տարբեր քաշային ներկայացուցիչներ:
62,5 կգ քաշային կարգում, հաղթելով իր մրցակիցներին, ոսկե մեդալակիր և իր քաշային կարգում Բրազիլական ջիու ջիցու սպորտաձևի միջազգային բաց առաջնության չեմպիոն է դարձել Ջակարտայում բնակվող հայ Արտաշես Յովհաննէս Ասմարյանը:
Արտաշեսն այս առաջնության ընթացքում նվաճել է նաև 72,5 քաշային կարգի արծաթե մեդալը:
Արտաշեսը ծնվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում: Ընտանիքի հետ 2012թ. տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ:
2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ասմարյանների ընտանիքը ժամանակավորապես բնակվում է Ինդոնեզիայում: