Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը «պարտադրա՞նք է», թե՞ ՀՀ հպարտ քաղաքացու իրավունք. դատարանը դեռ որոշում չունի
Ռուսաստանաբնակ Արսեն Միրիջանյանի գործով դատավարությունը թեև մոտեցել է ավարտին, սակայն դատական ակտը դեռևս չի հրապարակվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցած դատական նիստին պետք է հաջորդեր դատական ակտի հրապարակումը, սակայն այն անհասկանալի պատճառներով հետաձգվեց:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արսեն Ալբերտի Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին իր էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված էլեկտրոնային նամակով բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով պարտադրել է նրա լիազորություններից բխող գործողություն կատարել՝ այն է՝ հրաժարական տալ և թողնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որն ուղղված չի եղել իշխանության յուրացնելուն:
Իսկ Արսեն Միրիջանյանն ավելի վաղ պատմել էր՝ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել 44–օրյա պատերազմի առնչությամբ:
Օրերս Արսեն Միրիջանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ դարձյալ պարզաբանել էր.
«Այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը «հնարել է» քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան նախկին քրօր 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար»:
Մինչ հաջորդ դատական նիստի օրը պարզ կլինի, փաստաբան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում գործին առնչվող մի քանի դիտարկումներ արեց՝ պաշտպանական ճառի մի քանի շեշտադրումներին անդրադառնալով. «Այս հոդվածն առաջին անգամ է կիրառվում, և, մեր պատկերացմամբ՝ կիրառվում է բացարձակ սխալ փաստերի վրա: Դատարանում պաշտպանական ճառում ներկայացրի 3 պատճառ, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր հաստատելու համար, որ ուղղակի դատախազության կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում ՔՕ այս հոդվածի չափանիշներին:
Ամենապարզ օրինակը՝ հոդվածում խոսվում է կառավարության նկատմամբ պարտադրանքի մասին, բայց մենք գործ ունենք «վարչապետի» հետ: Ակնհայտ է, որ Քրեական օրենսգիրքն այստեղ նկատի ունի ինստիտուտը, այլ ոչ թե այդ ինստիտուտի որևէ անձը:
Երկրորդը՝ ինչ է «պարտադրել», ըստ դատախազության. պարտադրել է հրաժարական տալ: Օրենքը պահանջում է, որ դա լինի լիազորություններից բխող որևէ գործողություն: Մենք պնդում ենք՝ հրաժարական տալը ցանկացած աշխատողի, ծառայողի, այդ թվում՝ պետական ծառայողի սուբյեկտիվ իրավունքն է, բայց ոչ լիազորությունը, որովհետև չունի պետաիշխանական բնույթ և ներգործություն այլ անձանց նկատմամբ:
Դատախազությունը ցույց չի տվել, որտեղ է այդ լիազորությունը նշված, որովհետև այն գոյություն չունի:
Երրորդը վերաբերում է նրան, որ սպառնալիքը, որը վերագրվում է, դատախազությունն ընդունել է, որ այն իրական չէ, իրագործելի չի եղել, բայց ասել է, որ այս հոդվածով իրական լինելու պահանջ էլ չկա:
Մենք բերեցինք օրինակներ այլ հոդվածներից, որտեղ նույնպես «իրական» բառը չկա, սակայն դատական պրակտիկան միանշանակ ճանապարհով է գնացել, և բոլոր դեպքերում, երբ «սպառնալիք» բառն է ՔՕ-ում օգտագործվում, որպես դրա պայման դիտել է, որ այն պետք է լինի իրական: Քրեական իրավունքում ոչ իրական սպառնալիքը որևէ կերպ հանցակազմ չի պարունակում»:
Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ այս երեք փաստարկներից որևէ մեկի հետ համաձայնելու դեպքում, պետք է կայացվի արդարացման դատական ակտ, սակայն պատրանքներ չունեն, հասկանում են՝ գործն ունի ավելի լայն համատեքստ՝ «վերաբերում է մարդու, որն ունի բացարձակ վերահսկողություն դատական իշխանության նկատմամբ»: