
Պայման է դրված ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի առջև. եթե չանես այն, ինչ ասում եմ, հա՛յ ժողովուրդ, քեզ կպատժեմ. Սա շանտաժ է. Գրիգոր Մուրադյան
«Դասեր» հաղորդաշարում ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Վերջինս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան հանձնառությանը, այն է՝ ադրբեջանական պահանջով Սահմանադրությունը փոխելուն:
«Սահմանադրական հանրաքվեն 640.000 ձայնի մասին է։ Ալիևը վստահություն ունի, որ այդ ձայներն ապահովվելո՞ւ են։ Իսկ եթե չապահովվե՞ն։ Դա շանտաժ է։ Սա այն դեպքը չէ, որ կառավարության ղեկավար կոչվածը կարող է միանձնյա որոշել։ Եթե կա փաստացի կախվածություն 640.000 ձայներից, ու եթե չստացվեց հանրաքվեն, ի՞նչ են անելու։
Իրավաբանորեն չկանոնակարգված պայման է դրված ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի առջև։ Եթե չանես այն, ինչ ասում եմ, հայ ժողովուրդ, քեզ կպատժեմ։ Եթե դա այդպես է, ուրեմն Հայաստանի ժողովրդի հանդեպ սպառնալիքի միջոցով Սահմանադրության փոփոխությունն առոչինչ է»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը մեր պետության հիմնադիր փաստաթղթերից է։
«Սա այնպիսի կարևորության պատմական փաստաթուղթ է, որ այս հարցում որևէ կասկած նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացն առնվազն կասկածելի է։ Պատմական փաստաթղթերի նկատմամբ հետին թվով վերաբերմունքը որքանո՞վ է ապալեգիտիմացնում մեր ամբողջ սահմանադրական կարգը։ Հռչակագիրն է հիմք տվել, որ հետագայում անցկացվի 1995թ․ սահմանադրական հանրաքվեն և դրա 2005թ. և 2015թ․ փոփոխությունները։ Ես չեմ հասկանում՝ սրանք հասկանո՞ւմ են՝ ինչի մասին է խոսքը, հասկանո՞ւմ են՝ ինչի հետ են խաղում։ Եթե հույս ունեն, որ նոր Սահմանադրություն կընդունեն, Հռչակագրի ու Սահմանադրության միջև կապը կհաղթահարվի, չի ստացվելու։ Անկախության հռչակագիրը շարունակելու է գործել»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: