
Իսրայելում ձերբակալել են 88-ամյա տղամարդու, որը խոստովանել է, որ 1974-ին սպանել է իր 5-ամյա որդուն

Իսրայելում 88-ամյա տղամարդուն ձերբակալել են տասնամյակներ առաջ իր հնգամյա որդու սպանության համար, երբ նա երեկ խոստովանել է հանցանքը, հայտնում է Times of Israel-ը։
Կասկածյալը նախկինում բանտարկված է եղել կնոջ սպանության համար։ Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, տղամարդը կասկածվում է 1974 թվականին Էյլաթում իր որդուն ծովում խեղդամահ անելու մեջ։
Սկզբում հնգամյա երեխայի մահը որակվել էր որպես դժբախտ պատահար։ Հաղորդվում է, որ տղամարդը, որը, ինչպես նշվում է, տառապում է անբուժելի հիվանդությամբ, Էյլաթի ոստիկանական բաժանմունքում խոստովանել է արարքը՝ խիղճը մաքրելու համար։
Կասկածյալը, որի անունը, ըստ Kan հանրային հեռուստաընկերության, Աշեր Գոլդշտեյն է, ոստիկանությանը հայտնել է, որ երեխան տառապել է մանկական ուղեղային կաթվածով, և որ նա սպանել է նրան գթությունից դրդված։
Գոլդշտեյնը մեղավոր էր ճանաչվել կնոջը երկաթե ձողով սպանելու մեջ՝ ենթադրաբար իր որդուն խեղդամահ անելուց երկու տարի անց։
Նա կալանավորվել է և կկանգնի Էյլաթի հաշտարար դատարանի առջև՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար։