Պապ թագավորը հաղթել է 3 ճակատամարտում, վերամիավորել Հայաստանը ու եղել պետականամետ. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ներկայացնելով Պապ թագավորի իր ուսումնասիրությունների արդյունքները, նման տեսակետ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

«Եթե ասում են, թե նա չգնաց Կեսարիա ձեռնադրվելու, դա արեց Հայաստանում՝ անկախացնելով հայ եկեղեցին, ապա պետք է նշեմ, որ եկեղեցին նրանից առաջ էլ է անկախ եղել, որովհետև ոչ բոլոր կաթողիկոսներն են գնացել Կեսարիա՝ ձեռնադրվելու։ Կեսարիայի հետ կապը սկսվում է Գրիգոր Լուսավորչով, որը Կեսարիայից եկավ, և այնտեղ ձեռնադրվելու էին գնում հունական ճյուղի հետ կապը ապահովելու համար, իսկ ահա Գրիգոր Լուսավորչի երկու որդիները չգնացին Կեսարիա ձեռնադրվելու, այսինքն՝ մինչև Պապն արդեն կար նախադեպ՝ Կեսարիայում չձեռնադրվելու։ Պապից առաջ էլ Չունակն էր ձեռնադրվել հենց Հայաստանում»,- ասաց սրբազանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Պապ թագավորին հակաեկեղեցական գործիչ համարելուց առաջ պետք է նախ հիշել, որ երբ Պապը եկավ Հայաստան, Հայաստանը զրադաշտականություն ընդունելու եզրին էր։

«Գալիս և երեք կարևոր ճակատամարտ է հաղթում՝ Գանձակի, Ատրպատականի և Ձիրավի։ Այլ խոսքով՝ Հայաստանի վերամիավորում է տեղի ունենում և կանխվում է Հայաստանին զրադաշտականության պարտադրումը»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Պապ թագավորի կողմից եկեղեցուն հատկացված հողակտորները պետությանը վերադարձնելու որոշումը պայմանավորելով այն ժամանակվա տնտեսական վիճակով։

«Պապի ռեֆորմները պայմանավորված էին Հայաստանի տնտեսական վիճակով։ Այդ հողային ռեֆորմների արդյունքում եկեղեցուն հատկացված 7 հողերից թողեց 2-ը, սակայն դա չդարձավ Պապ թագավորի և եկեղեցու միջև կոնֆլիկտի պատճառ։ Շահակն էր այն ժամանակ կաթողիկոսը, և Պապ թագավորի հետ նա որևէ խնդիր չուներ։ Պապ թագավորից հետո անգամ գործել են Ներսես կաթողիկոսի հիմնած բարեգործական կառույցները»,- ասաց ասաց Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ շեշտելով, որ Հայ Առաքելական եկեղեցին Պապ թագավորին չի ընդունել իբրև նեռ, ինչպես այդ մասին ասում են ոմանք:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս