Պակիստան, Թուրքիա, Կասպից ծով. Իրանը փորձում է ցամաքային ճանապարհով շրջանցել ծովային շրջափակումը

Իրանի ղեկավարությունը շրջանցիկ ցամաքային տրանսպորտային երթուղիները համարում է ԱՄՆ-ի շրջափակումը հաղթահարելու Թեհրանի ընդհանուր ռազմավարության բաղադրիչներից մեկը: Ցամաքային և այլ այլընտրանքային առևտրային ուղիների օգտագործումը, ամենայն հավանականությամբ, կօգնի Իրանին դիմակայել այն, ինչ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն անվանել է «տնտեսական ցասում» գործողություն, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից ծովային կարանտին՝ զուգորդված Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների հետ:

Տնտեսական ճնշման հայտարարված նպատակն է՝ ստիպել Իրանի մնացած առաջնորդներին համաձայնել մի համաձայնագրի, որը վերջ կդնի պատերազմին և, ի թիվս այլ բաների, լիովին կբացի Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար և խիստ սահմանափակումներ կդնի Իրանի միջուկային ծրագրի վրա: Իրենց հերթին՝ Իրանի առաջնորդները փորձում են շրջանցել, մեղմել կամ այլ կերպ թուլացնել ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը, որպեսզի աշխարհում վատթարացող տնտեսական իրավիճակը ստիպի Թրամփին դադարեցնել պատերազմը համեմատաբար ընդունելի պայմաններով:

Ապրիլին մեջլիսի պատգամավոր Էբրահիմ Նաջաֆին հայտարարել էր, որ ապրանքների ներմուծման համար երկիրն օգտագործում է ցամաքային երթուղիները, որոնք երկիրը կապում են Պակիստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Կասպից ծովը: Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ Թեհրանի ռազմավարությունը, բացի տնտեսական անկմանը դիմակայելու ունակությունը ցույց տալուց, ուղղված է դեպի հարևան երկրներ կամ դրանց միջոցով ուղիներն ավելի արդյունավետ օգտագործելուն, որպեսզի փոխհատուցի արգելափակված ծովային առևտուրը, որից կախված էր ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալի մինչև 90 տոկոսը։

Մեծ մասամբ այդ ապրանքները մատակարարվում էին Հորմուզի նեղուցով, Արաբական ծովի իրանական որոշ փոքր նավահանգիստներով, և միայն մի փոքր մասն էր Կասպից ծովով։ Մարտի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման պատրվակով հարվածներ են հասցրել Բանդար-Էնզելիին՝ վնաս հասցնելով ենթակառուցվածքներին: Իսրայելի հարձակումից անմիջապես հետո Իրանի և Ռուսաստանի միջև հացահատիկի առևտուրը դադարեցվեց, բայց հետո վերսկսվեց:

Kpler մոնիթորինգային ընկերության տվյալներով՝ ապրիլի կեսերից Իրանի Կասպյան նավահանգիստներ են ժամանել Ռուսաստանից, Ղազախստանից և Թուրքմենստանից մոտ մեկ տասնյակ նավեր, որոնք տեղափոխել են հացահատիկ, եգիպտացորեն և արևածաղկի ձեթ։ «Կասպից ծովով Իրանին մատակարարումները կարող են աճել լրացուցիչ 3-4 միլիոն տոննայով՝ տարեկան հասնելով 6-8 միլիոն տոննա հացահատիկի»,- ասում է «ՌուսԻրանէքսպո» ընկերության տնօրեն Ալեքսանդր Շարովը:

Աստրախանի և Մախաչկալայի նավահանգիստները մարտին և ապրիլին հասել են բեռնաշրջանառության ռեկորդային ծավալի։ Իրանի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ բեռնանավերն աշխատում են օպերատիվ ռեժիմով, իրանական նավահանգիստները մշակում են բալկերներ և այլն: Կասպից ծովում ռազմական ռիսկերի համար ապահովագրական հավելավճարը 10 անգամ պակաս է, քան Սև ծովում:

Ծովային առևտուրը ցամաքային կամ Կասպից ծովով փոխարինելու ունակությունը, թեկուզ մասնակի, կնշանակեր իրանական իշխանությունների հաջողությունը՝ չնայած վերջին ամիսների ծանրագույն կորուստներին։ Իրանի հարևաններից ոչ մեկը, անկախ Թեհրանի իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքից, չի միացել ամերիկյան շրջափակմանը՝ փակելով իր ցամաքային սահմանները կամ նոր սահմանափակումներ մտցնելով ցամաքային առևտրային ուղիների վրա: Ավելին, Իրանի հարևան երկու խոշորագույն պետությունների՝ Պակիստանի և Թուրքիայի առաջնորդները փորձել են Թրամփին հետ պահել «էպիկական ցասում» օպերացիան սկսելուց՝ միջնորդության ակտիվ փորձեր ձեռնարկելով:

Հնարավոր է, ձգտելով ավելի մեծ կշիռ հաղորդել իր ջանքերին, Իսլամաբադը բացել է վեց ցամաքային տարանցիկ ուղիներ ապրանքների համար, պակիստանա-իրանական սահմանին: Պակիստանի առևտրի նախարարության ապրիլի 25-ի հրամանով նախատեսվում է Պակիստանի տարածքով երրորդ երկրներից ապրանքների տեղափոխում և ավտոմոբիլային տրանսպորտով Իրան առաքում:

Ավելի լայն համատեքստով, լրացուցիչ սահմանային անցակետերի բացումը Պակիստանի ռազմավարության մի մասն է, որը սկսվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Իսլամաբադի և Թեհրանի միջև երկաթուղային բեռնափոխադրման ծառայության բացմամբ՝ որպես Պակիստանից Եվրոպա Թուրքիայի միջոցով ուղիղ առևտրային ուղի ստեղծելու ծրագրի մաս: Երկաթուղային երթուղին հեշտացնում է ապրանքների մատակարարումն Իրանի միջոցով Թուրքիա, որը նախկինում պահանջում էր, որ պակիստանյան ապրանքները ծովով ուղարկվեին իրանական նավահանգիստներ, որտեղից դրանք այնուհետև ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխվեին Թուրքիա:

Այս բարդ երթուղու պատճառով Պակիստանը չկարողացավ լիարժեքորեն օգտվել Եվրոպայի հետ առևտրի առավելություններից: Մեկ այլ իրանական երթուղի օգնում է Պակիստանին ավելացնել արտահանումը Կենտրոնական Ասիայի երկրներ. ապրիլի 12-ին Պակիստանն Իրանի միջոցով իր առաջին արտահանման բեռն ուղարկեց Տաշքենդ:

Մեկ այլ խոշոր հարևան՝ Թուրքիան, Իրանի ռազմավարական մրցակիցն է և օգտվում է Իրանի տարածաշրջանային մեկուսացումից, ինչպես նաև Թրամփի և նրա նախորդների կողմից Թեհրանի վրա գործադրվող տնտեսական և ռազմավարական ճնշումից: Այնուամենայնիվ, Անկարան ունի խթաններ՝ օգնել հարևան երկրին՝ դիմակայելու ամերիկյան շրջափակումը և «էպիկական զայրույթ» գործողությունը։ Թուրքիան Իրանից ստանում է ներկրվող բնական գազի 14 տոկոսը, ինչը համաշխարհային տնտեսական տուրբուլենտության պայմաններում արժեք է ավելացնում իրանա-թուրքական էներգետիկ կապերին: Մարտի սկզբին Անկարայում բավականին մտահոգված էին հաղորդագրություններով այն մասին, որ Սպիտակ տունը դիտարկում է իրանական քրդական խմբավորումներին, մասնավորապես՝ Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցությանը (PJAK) զինելու հնարավորությունն Իրաքի հյուսիսում: Անկարայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև փխրուն ներքին խաղաղ գործընթացը հազիվ թե դիմանա Իրանի արևմուտքում քրդական հաջող ապստամբությանը:

Կարևոր նշանակություն ունեն նաև թուրք-ադրբեջանական սերտ կապերը։ Չնայած պաշտոնական զուսպ դիրքորոշմանը՝ Բաքվի ազգայնական շրջանակները կարող են ընկալել Իրանի քաղաքական փլուզումը՝ որպես Արաքսի հարավային ափին հայրենակիցների հետ ավելի սերտ կապեր հաստատելու հնարավորություն:

Մինչ պատերազմի սկսվելը Թուրքիան և Ադրբեջանը համագործակցել են Թրամփի վարչակազմի հետ՝ Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն առաջ մղելու համար: Այս երթուղին առաջացրել է Իրանի դժգոհությունը, քանի որ արդեն միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան կմիավորեր Միջին Ասիային՝ շրջանցելով իրանական տարածքը՝ սահմանափակելով Իրանի ցամաքային հասանելիությունն իր դաշնակից Հայաստանին։

Շրջափակումը հաղթահարելու ջանքերի շրջանակներում Հայաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային առևտրի աճի մասին դեռևս տվյալներ չկան: Միևնույն ժամանակ, Իրանի սննդի արդյունաբերության ասոցիացիաների միության ղեկավար Մոհամմադ Ռեզա Մորթազավին ապրիլի վերջին հաստատել է՝ Թեհրանը գործարկել է Կասպից ծովով անցնող երթուղին, ինչպես նաև Հյուսիսային ցամաքային և երկաթուղային երթուղիները՝ որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք:

Ամերիկացի փորձագետների եզրակացությունների համաձայն՝ Կասպից ծովում Իրանի հետ ընդհանուր առափնյա գիծ ունեցող Ադրբեջանը չի ձգտում խոչընդոտել այլընտրանքային երթուղիների զարգացմանն ուղղված Թեհրանի ջանքերը: Դեպի Հայաստան ցամաքային երթուղու նշանակությունը, որն Իրանը կարող է օգտագործել նաև այժմ, նույնպես կարող է աճել, քանի որ շրջափակումը շարունակում է ճնշում գործադրել իրանական տնտեսության վրա:

Բացի այլ սահմանափակումներից, ցամաքային երթուղիները չեն կարող լուծել հիմնական խնդիրը՝ Իրանի հիմնական հաճախորդի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) համար բավարար հում նավթի մատակարարումների պահպանումը, որը վերջին տարիներին օրական գնել է ավելի քան 1.5 միլիոն բարել իրանական նավթ:

Եթե Չինաստան արտահանումը չվերսկսվի մինչև իրանական նավթ տեղափոխող տանկերների չինական նավահանգիստներ հասնելը, Իրանը, հավանաբար, ստիպված կլինի փակել իր հորատանցքերը, ինչը բացասական հետևանքներ կունենա էներգետիկ արդյունաբերության համար: Չկա հաստատված ցամաքային կամ «հյուսիսային» ծովային ենթակառուցվածք՝ իրանական նավթի զգալի ծավալներ Չինաստան կամ այլ խոշոր հաճախորդների արտահանելու համար: Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ Իրանի իշխանությունները քննարկում են Թեհրան-Սիան երկաթուղով նավթ առաքելու հնարավորությունը, սակայն դա ավելի թանկ կլինի և ավելի փոքր ծավալներով, քան ծովային ճանապարհով, ուստի չի լուծի առկա խնդիրները:

Այսպիսով, Իրանը փորձում է օգտագործել այլընտրանքային առևտրային ուղիներ, առաջին հերթին՝ ցամաքային, ձգտելով մեղմել ամերիկացիների կողմից ծովային նավահանգիստների շրջափակման հետևանքները, սակայն Թեհրանը նախկինի պես չի կարող նավթ մատակարարել իր հիմնական գնորդին՝ Չինաստանին: Հարևան երկրները, այդ թվում՝ «այաթոլլաների ռեժիմի» և ԻՀՊԿ-ի նկատմամբ ոչ այնքան բարյացակամ տրամադրված երկրները, այնուամենայնիվ, պատրաստ են օգնել կանխել տնտեսական ճգնաժամը և քաղաքական փլուզումը, որոնք կարող են հանգեցնել քաոսի, անկայունության և անվերահսկելի միգրացիոն գործընթացների:

Հ.Գ. Իրանը կկարողանա դիմանալ ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը Հորմուզի նեղուցում առնվազն երեք-չորս ամիս, նախքան ավելի լուրջ տնտեսական դժվարությունների բախվելը, պնդում է Washington Post-ը՝ հղում անելով ԿՀՎ զեկույցին։

Ալեքսանդր Գրիգորև

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031