Նիկոլ Փաշինյանի մեսիջները Դավիթ Տոնոյանին, կամ՝ Սուրեն Պապիկյանի հաղթական պայքարը՝ ընդդեմ 5-րդ շարասյան

Այս տարվա մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմում պարտվել ենք նաև, որովհետև բանակում 5-րդ շարասյուն է եղել:

Սուրեն Պապիկյանը հաղթել է բանակում 5-րդ շարասյանը, կամ՝ Փաշինյանի խորքային պետությունը

«Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայող, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը դավաճանների քաղաքական փնտրտուքի մեջ էր դեռ պատերազմից առաջ, ինչի մասին 168.amգրել է։ 

Կարդացեք նաև

Մի կողմ թողնենք նաև այն, որ զինվորականության շրջանում պետական դավաճան հռչակված մարդիկ ժամանակ առ ժամանակ արդարացվում են:
Նշենք, որ 2023 թվականի ապրիլին մեր հարցադրմանը՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետական դավաճանության քանի դեպք է բացահայտվել, քանի քրեական գործ է հարուցվել, պետական դավաճանություն գործածները կանոնավոր զորքի՞ց են հիմնականում եղել, թե՞ պահեստազորային, կամավորական», ԱԱԾ-ից հայտնել էին.

«2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ (մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստի առթիվ), որով որպես մեղադրյալ՝ ներգրավվել են 2 անձ: Նշված քրեական գործը հետագայում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:
Իսկ հոկտեմբերին ԱԱԾ-ից մեզ ասել էին, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Իսկ թե կա՞ն արդյոք գործեր, որոնք կարճվել են նախաքննության ընթացքում, կամ քանի՞ արդարացման դատավճիռ է կայացվել, այդ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության լիազորությունների շրջանակներից:

Փաստ է, որ Փաշինյանի դավադրության տեսությունները, ըստ էության, միշտ չէ (եթե չասենք՝ հիմնականում), որ իրականությանը համապատասխանում են: Մյուս կողմից, 2018 թվականի հեղափոխությունից հետո կտրուկ աճեց լրտեսների, ՀՀ պետական և ռազմական գաղտնիքները թշնամուն վաճառողների թիվը: Ասել, որ սա խոսում է միայն ԱԱԾ-ի և ուժային կառույցների աշխատանքի արդյունավետության մասին, իհարկե, այդպես չէ:

Հիշեցնենք, որ 2022 թվականին այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից քրեական հետապնդում հարուցելու կամ նյութերի նախապատրաստման նպատակով ՀՀ դատախազությանը որևէ գրություն չի հասցեագրվել, տեղեկատվություն չի տրամադրվել, քրեական գործեր չեն հարուցվել»:

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովը որևէ այնպիսի բացահայտում չի արել, որը քրեական գործի հիմք կլիներ: Այսինքն, նախկին իշխանությունների օրոք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակում 5-րդ շարասյուն չի եղել, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ ի հայտ է եկել և պարտության պատճառ դարձե՞լ:

Հիմա երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պնդել է, թե բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից:

«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,- շեշտել է նա և հավելել, որ այս ամենը դիտարկում է երկրում խորքային պետություն չլինելու տրամաբանության մեջ:

«Պետական կառավարման համակարգի վերաբերյալ էլ ասում եմ` այսօր մեր երկրում խորքային պետություն չկա, պետական համակարգն այն է, ինչ կա` իր թերություններով ու առավելություններով: Բայց մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի՝ պետական պաշտոնյաների գիտակցության մեջ սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից և սեփական պետության շահերն ու քաղաքականությունները որևէ կերպ այլ պետությունների նկատմամբ չնսեմացնելու տրամաբանությամբ»,- շարունակել է Փաշինյանը:

Այստեղ մի քանի հարցադրում անենք:

Առաջին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնին նշանակվել է 2021թ. նոյեմբերի 15-ին: Նիկոլ Փաշինյանն այս արձանագրումը 2023 թվականի մարտին հրավիրված ասուլիսին չի արել, երբ խոսում էր բանակում 5-րդ շարասյան ազդեցությունից 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնին է արդեն 2 տարի: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտպանության ներկա նախարարին միայն վերջերս է հաջողվել բանակը մաքրել 5-րդ շարասյունից: Այսինքն, նախկինների օրոք բանակում ծառայածները, 44-օրյա պատերազմին մասնակցածները, որոնք շարունակում են իրենց ծառայությունը, 5-րդ շարասյան մաս չե՞ն եղել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այս տարվա մարտի 14-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունից 1 օր հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում «5-րդ շարասյան» առկայության մասին հարցին ի պատասխան՝ նախ Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր.

«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը, կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ու, այո՛, ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության: Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։ Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի»:

Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը շարունակել էր, թե չի կարող խոսել «5-րդ շարասյան» առաջնորդների մասին:

«Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնք երբեմն հօգուտ թշնամու են… Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում, չգիտեմ՝ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։ «5-րդ շարասյունը» կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են»,- շեշտել էր պաշտպանության նախարարը:
Տպավորություն է, որ Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ իր քաղաքական առաջնորդը պատերազմից առաջ, ընթացքում և հետո գաղտնիք պարունակող տեղեկություններ է պարբերաբար հայտնել, ինչից զերծ չեն մնացել իր քաղաքական թիմի այլ անդամներ: Տպավորություն է նաև, որ Նիկոլ Փաշինյանն անուղղակի մեղադրանքներ է հասցեագրում ժամանակին իր համար վստահելի ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Դավիթ Տոնոյանին, Արշակ Կարապետյանին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

Երկրորդ, ինչ վերաբերում է «խորքային պետություն» ասվածին, ապա, ինչպես դեռ 2018-ին «Հետքում» գրել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ««խորքային պետություն»-ն անգլերեն deep state արտահայտության թարգմանությունն է, որն ունի նաև այլ անվանումներ` Parallel state (զուգահեռ պետություն), Shadow Government (ստվերային կառավարություն)»: Այդպես են անվանում մարդկանց այն խմբավորումները, որոնք ոչ ֆորմալ կառույցների միջոցով, ստվերային եղանակներով կառավարում են երկրները և պետական ապարատի համար կադրային դարբնոց են:

Այսինքն, խոսքը պետություն պետության մեջ երևույթի մասին է: Ըստ Դանիելյանի, Հայաստանում «խորքային պետության» գոյության մասին կասկածներ միշտ էլ եղել են, և ըստ քաղաքական նախասիրությունների՝ դրանք տարբեր են: Իսկ այս համատեքստում քաղաքագետը նշում է, որ իշխանափոխությունից հետո մենք երկու՝ դրական և բացասական երևույթների ականատեսը եղանք։

«Ոստիկանության, զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայություններում, դատախազությունում և դատական համակարգում գործեցին համապատասխան օրենքները, և ընտրվեցին համակարգի չափորոշիչներին համապատասխան նոր ղեկավարներ։ Այդ ինստիտուտների անկախության և կոմպետենտության չափորոշիչները պահպանվեցին։ Դրանց կոռումպացվածության աստիճանը և առողջացման մեթոդների խնդիրն այստեղ չենք քննարկի։
Բացասական երևույթն այն է, որ բյուրոկրատական կոմպետենտության և կարիերայի աստիճանականության խնդիրը խաթարվեց, երբ «փողոցից» հայտնված մարդիկ զբաղեցրեցին ոչ միայն քաղաքական, այլև մյուս պաշտոնները, որոնք խախտեցին կոմպետենտության աստիճանակարգը։
Ինչո՞ւ պետք է մարդը պլանավորի իր պետական ծառայողի կարիերան ու իր մասնագիտական կյանքը, եթե ավելի հեշտ է զբաղվել քաղաքականությամբ և միանգամից հայտնվել համապատասխան դիրքում։ Դա մեծ հարված է պետծառայողների հոգեբանությանը»,- գրել է քաղաքագետը:
Պետություն պետության մեջ ասվածի համատեքստում մենք այլ դիտարկում կանենք, որոնք, ըստ էության, տեղավորվում են ադրբեջանաթուրքական պահանջի տրամաբանության մեջ:

Մասնավորապես, 2016 թվականին Աննա Հակոբյանն իր հոդվածներից մեկում գրել էր.

«ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում էր «պետություն՝ պետության ներսում» տրամաբանությամբ, չենթարկվելով իր անմիջական ղեկավարին` նախարարին: Ընդհանրապես Խաչատուրովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին»:
Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Փաշինյանի հրահանգով հետ կանչման պատմությունը լավ ենք հիշում:

2021 թվականին ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում նկատել էր. «ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»: Սրանից հետո գեներալին հեռացնում են բանակից՝ չերկարացնելով նրա պայմանագիրը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում: Իսկ մարտից Գրիգորի Խաչատուրովը «ժամկետանց» գործով և փողերի լվացման շինծու մեղադրանքով անազատության մեջ է:

Ի դեպ, այս տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես՝ բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկուսացրել, օրինակ, Գրիգորի Խաչատուրովին՝ չխոչընդոտելու համար իր խաղաղության վտանգավոր օրակարգին, Տավուշի գյուղերի հանձնմանը: Եվ եթե այսօր ՀՀ ԶՈՒ-երում նման խոչընդոտ տեսնի Նիկոլ Փաշինյանը, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերով չի խնայելու ոչ ոքի և ոչինչ: Հիմա, երբ ասում է, որ այլևս պետական համակարգում ազատվել են 5-րդ շարասյունից, խորքային պետությունից և Փաշինյանի որդեգրած գաղափարախոսությամբ են շարժվում, չե՞նք կարող ենթադրել, որ չենք ձերբազատվել խորքային պետությունից, կամ ազատվել ենք Փաշինյանին խանգարողներից:

Մյուս կողմից, Փաշինյանը պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում 5-րդ շարասյան ներկայացուցիչների՞ է Ազգային հերոսի և զինվորական բարձր կոչումներ տվել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը Փաշինյանը չի տվել, ըստ էության: Բավարար չի ասել, թե հասկացել է, որ սխալվել է՝ բանակին վստահելով:

Ի դեպ, երեկ ուղիղ եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև բանակում բարեփոխումներին, սակայն, մեծ հաշվով, նշել է միայն ատեստավորման իրենց ներդրած և խնդրահարույց համակարգի մասին:

«Ասում են, թե ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում՝ դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաև հանրությունը համոզված լինի, որ, եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունը, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը: Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը: Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,- շարունակել է նա:
Սա ասում է մի մարդ, ով իրեն հռչակելով գերագույն հրամանատար, ռազմական և ռազմատեխնիկական տարրական գիտելիքի տիրապետող, չի կարդացել սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք հաստատել առանց ամբողջապես ծանոթանալու, ով պաշտպանական ոլորտում բարձր պաշտոնների համար դրանից բացարձակ գաղափար չունեցող մարդկանց է ընտրում: Այս շարքը կարելի է շարունակել, բայց թողնենք մեկ այլ առիթով:

Նիկոլ Փաշինյանը հերքում է Դավիթ Տոնոյանին

Իսկ նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը շոշափել է նաև սպառազինության ձեռքբերման խնդիրները, և այն, որ ՀԱՊԿ-ն խոչընդոտ է հանդիսացել, որ այլ կամ եվրոպական երկրներից զենք գնեն:

«Ձեզ թվում է՝ չենք փորձե՞լ 2018-2019 թվականներին դիվերսիֆիկացնել նույն սպառազինությունների մատակարարումը: Քննարկումը տևել է շատ կարճ, րոպեներ: Մեզ ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ մտնել»,- ասել է Փաշինյանը՝ չխոսելով այն խոչընդոտների մասին, որոնց մասին Ադրբեջանը հրապարակավ խոսել է, երբ Հայաստանը փորձել է որևէ երկրից զենք գնել՝ լինի դա Ռուսաստա՞ն, Հնդկաստա՞ն, Ֆրանսիա՞, թե՞ մեկ այլ երկիր:
Նշենք, որ Փաշինյանի նշված ժամանակաշրջանում Պաշտպանության նախարար է եղել Դավիթ Տոնոյանը, ով 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել էր. 

«Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում: Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և մենք ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներում: Ամսի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ: Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի. դա միֆ է, ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում: Ուրիշ հարց է, թե կա օպերատիվ համադրելիություն: Այն սպառազինությունները, որոնք որ համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք որ համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք. կային դժվարություններ, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց-կամաց: Դուք պետք է ինձ հավատաք, և դրանք փաստեր են»:

168.amգրել էր, որ նախկին իշխանությունների օրոք Հայաստանը, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ձեռք բերված դիպուկահար հրացաններ է ձեռք բերել, որոնց հետ կապված՝ Ադրբեջանը լուրջ դժգոհություն էր հայտնել, խոսքը, մասնավորապես, բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մասին էր:
168.am-ին հասած տեղեկություններով՝ նախորդները կարողացել էին ֆիննական փամփուշտներ ձեռք բերել, սակայն ավելի ուշ դրանք համարվել են թանկ, և որոշվել է գնել սերբական փամփուշտներ, որոնցից դժգոհություն է եղել, թե դրանք դիպուկահար հրացանների համար այնքան էլ արդյունավետ չեն:
Ի դեպ, Հայաստանը հիմա էլ ՀԱՊԿ անդամ է դե յուրե, բայց կարծես թե Ֆրանսիայից զենք գնելու խնդիր չկա: Այլ հարց է, որ շատ բաներ այս հարցում ուռճացված են, կան քաղաքական տարբեր շահեր, և, որ Հայաստանը ոչ ԱՄՆ-ից, ոչ ՆԱՏՕ-անդամ այլ երկրներից լուրջ զենքեր ձեռք չի բերել դեռ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս