ԱԱԾ-ն՝ զինվորականության շրջանում պետական դավաճանության դեպքերի մասին

Հոկտեմբերի 12-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում, դրանից հետո պետական դավաճանության քանի դեպք է բացահայտվել զինվորականության շրջանում այս պահի դրությամբ, քանի քրեական գործ է հարուցվել, կա՞ն արդյոք գործեր, որոնք կարճվել են նախաքննության ընթացքում:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են հետևյալը.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 39 քրեական վարույթ»:

Իսկ թե կա՞ն արդյոք գործեր, որոնք կարճվել են նախաքննության ընթացքում, կամ քանի՞ արդարացման դատավճիռ է կայացվել, այդ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ազգային անվտանգության լիազորությունների շրջանակներից: Այս հարցի պատասխանը կփորձենք այլ ճանապարհներով գտնել:

Կարդացեք նաև

Հավելենք, որ 2023 թվականի ապրիլին մեր հարցադրմանը՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետական դավաճանության քանի դեպք է բացահայտվել, քանի քրեական գործ է հարուցվել, ինչ փուլում են դրանք, քանի մեղադրյալ կամ կասկածյալ է եղել, կա, երկրորդ՝ այդ հնարավոր պետական դավաճանություն գործածները կանոնավոր զորքի՞ց են հիմնականում եղել, թե՞ պահեստազորային, կամավորական», ԱԱԾ-ից հայտնել էին.

«2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքով հարուցվել է մեկ քրեական գործ (մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստի առթիվ), որով որպես մեղադրյալ ներգրավվել են 2 անձ: Նշված քրեական գործը հետագայում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Տեսանյութեր

Լրահոս