Փաշինյանը ստել է. 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ԱԱԾ-ում պետական դավաճանության դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, այն էլ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստով
Մարտի 21-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) մի քանի հարցադրումներով:
Ի՞նչ է եղել Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպա Ն.Մ.-ի հետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) մենք հարցրել էինք՝
2020թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ»:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է: ԱԱԾ-ն նշել էր նաև նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։
«Ն. Մ.-ն այս սեպտեմբերի 27-ին Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել հայաստանյան իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»,- նշվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ԱԱԾ-ին հարցրել էինք՝ անցել է ավելի քան 2 տարի, ի՞նչ փուլում է քրեական գործը, ի՞նչ բացահայտվեց, ի՞նչ եղավ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում այդ ժամանակ ձերբակալված Ն. Մ.-ի հետ, արդյո՞ք եղել են այս գործով այլ մեղադրյալներ կամ կասկածյալներ:
Այս դեպքի վերաբերյալ մեր հարցադրմանն ԱԱԾ պատասխանում նշվում է, որ «նշված քրեական գործը (ըստ մեղադրանքի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով) 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:
Նշենք, որ հիշատակված 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածը վերաբերում էր զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելուն:
Այս գործի վերաբերյալ մենք կփորձենք նաև ՀՀ քննչական կոմիտեից տեղեկություններ ստանալ:
Նշենք, որ ԱԱԾ-ն 2020թ. հոկտեմբերի 8-ի իր այս հաղորդագրությունը հետագայում հեռացրել է ԱԱԾ պաշտոնական կայքից:
Հավելենք նաև, որ Ն.Մ.-ին վերաբերող ԱԱԾ վերոնշյալ հաղորդագրության մեջ հիշատակվում էր պետական դավաճանությանը վերաբերող հոդվածը:
«ԱԱԾ-ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- նշվում էր ԱԱԾ՝ արդեն հեռացված հաղորդագրության մեջ:
44-օրյա պատերազմի ժամանակ դավաճանների մասին Փաշինյանի պնդումները զուտ դավադրության տեսություն են
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերոհիշատակված իր գրառման մեջ խմբագրումներ էր արել՝ «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում» հատվածը հետո է իր գրառման մեջ ավելացրել:
Ըստ այդմ՝ 168.am-ն ԱԱԾ-ից փորձել է ստանալ նաև առաջին հարցից բխող իր երկրորդ հարցի պատասխանը, թե «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում քանի՞ նման դեպք է բացահայտվել, ինչի մասին գրել էր Փաշինյանը, և արդյո՞ք քրեական գործեր հարուցվել են, եղե՞լ են մեղադրյալներ, կասկածյալներ»:
Ավելին, մենք շարունակել ենք և մեր հարցն առավել հստակեցրել՝ «այսինքն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում պետական դավաճանության քանի՞ դեպք է բացահայտվել, քանի՞ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ փուլում են դրանք, քանի՞ մեղադրյալ կամ կասկածյալ է եղել, կա, երկրորդ՝ այդ հնարավոր պետական դավաճանություն գործածները կանոնավոր զորքի՞ց են հիմնականում եղել, թե՞ պահեստազորային, կամավորական»:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն իր գրության մեջ հայտնում է.
«2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքով հարուցվել է մեկ քրեական գործ (մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը տեղի ունեցած փաստի առթիվ), որով որպես մեղադրյալ ներգրավվել են 2 անձ: Նշված քրեական գործը հետագայում մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:
Կարևոր հարցերին ԱԱԾ երկարաշունչ ոչինչ չասող պատասխանները
168.am-ն ԱԱԾ-ին ուղարկած իր պաշտոնական հարցման մեջ ներառված հաջորդ հարցադրումներում հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Եվ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում: Ըստ այդմ՝ ԱԱԾ-ից փորձել էինք ճշտել՝ արդյո՞ք Լևոն Շահումյանի ազատման պատճառն աշխատանքում թերացումն էր՝ որպես ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու, ինչպես գրել էր «Հայկական ժամանակը»:
Իսկ մեր վերջին հարցի շրջանակում էլ փորձել էինք պարզել՝ «արդյո՞ք պատերազմի հատվածին վերաբերող ժամանակահատվածում Զինված ուժերում արձանագրվել են «5-րդ շարասյան» տրամաբանության մեջ գործողություններ՝ դեպարտամենտի նախկին ղեկավար Լևոն Շահումյանի կամ գործող ղեկավար Դավիթ Սանամյանի պաշտոնավարման ընթացքում», քանի որ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գործառույթն ուղղված է ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների նկատմամբ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:
Մեր այս երկու հարցերին էլ ԱԱԾ-ն հստակ պատասխան չի տվել, շրջանցել է, փոխարենը՝ բավականին երկարաշունչ պատմել է ԱԱԾ մարմիններին վերաբերող օրենսդրությունը:
Ի դեպ, վերադառնալով 2020թ. հոկտեմբերի 8-ին արված՝ հողեր ծախելու մասին Փաշինյանի և ԱԱԾ պնդումներին, հավելենք, որ նույն օրը բրիֆինգի ժամանակ այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր.
«Դրանք տեղեկություններ են, որոնց ես չեմ տիրապետում: Եթե եղել է նման հայտարարություն, նշանակում է` համապատասխան ծառայությունները, մասնավորապես, ԱԱԾ-ն, հակահետախուզությունը և մյուս ծառայությունները, որոնք այս ոլորտի պատասխանատուներն են, ունեն համապատասխան փաստարկներ և ուրեմն զբաղվում են այդ ուղղությամբ: Եվ շատ կարևոր է, որ բացահայտվել են նման բան պլանավորողները»:
Բայց արի ու տես, 2023 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ «բանակում 5-րդ շարասյուն լինելու» մասին հայտարարությունից հետո նույն Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանի ընտանեկան թերթում հաստատել է բանակում 5-րդ շարասյուն լինելու փաստը, ինչի մասին 2020 թվականին նա տեղեկություններ չուներ:
«Եթե անկեղծ ասեմ՝ պատերազմի թոհուբոհի մեջ, հարափոփոխ իրավիճակում, ցավոք, սկզբում ուշադրություն չենք էլ դարձրել նման խոսակցություններին, չենք էլ կարևորել՝ կարծելով, որ եթե նման քարոզչություն անողներ կան, ապա դրանք այնքան թույլ ու մարգինալ կարող են լինել, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Արդեն պատերազմից հետո պարզվեց, որ հեչ էլ թույլ չեն եղել, լավ էլ ազդեցություն են ունեցել, սկսեցին դեպքեր ու դրվագներ ի հայտ գալ, շատերը սկսեցին խոսել այդ մասին։ Պատերազմի օրերին, կրկնում եմ, նման ասեկոսեներին, որոնք գալիս էին զորքերից և կամավորականներից, կարևոր տեղ չէի տալիս ու այդ մեծ ծավալն ընդհանուր հոսքերի մեջ չէի նկատում»,- ասել է նա:
Հ.Գ. Ավելի ուշ պարզել ենք, որ ԱԱԾ պաշտոնական կայքում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, և հայտարարությունների հին լինքերը չեն գործում, բայց հայտարարությունների բազայում, այն այս պահին առկա է, թեպետ խախտված է հայտարարությունների հերթականությունը: