Փաշինյանը պատերազմի պարտության նոր թիրախ է մատնանշում. ըստ նրա՝ բանակում գործել է 5-րդ շարասյուն

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե 2018թ. հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, և, որ 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զինամթերքի 50 տոկոսը, ավելին, պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:

«Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ իրենք զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից հետո… օգնություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ է՝ ձրի զենք նկատի ունեն: Եթե ձրի զենք, մենք ձրի զենք… չասեմ՝ ձրի զենքը ինչ է: ՀՀ-ն 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարիներն իրար հետ վերցրած: Սա ապացուցված վիճակագրություն է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ մեր սպառազինությունը կատարյալ չի եղել: Ի դեպ, Փաշինյանը զենքը զինամթերքից չի տարբերում:

Անդրադառնալով ընդդիմախոսների պնդումներին, որ 44-օրյա պատերազմում հաղթելու հավանականություն կար՝ նա նշել է, որ այդ հարցը օդում կախված է, իսկ սպառազինությունից միայն ՍՈւ-30-ները չեն օգտագործվել, քանի որ «ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման»:

«Իսկ մնացած մեր զինանոցում, ՊԲ զինանոցում եղած զենք չկար, որ չի կիրառվել: Հիմա եթե ընդդիմություն-իշխանություն գնահատականն այն է, որ այդ պատերազմը կարող էր այդ ելքը չունենար, լավ, ի՞նչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ: Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»,- շարունակել է Փաշինյանը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայող, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։

«Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով։ Օրինակ՝ հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործում, և երբ դատարանը որոշեց կալանավորել այդ գործով, զարմանալի բան տեղի ունեցավ ինձ համար։ Ամենատարբեր մարդիկ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից դատաիրավական համակարգին այլ ձևերով միջնորդություններ են ներկայացնում, որ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն։ Իմ ռեակցիան այդ ամեն ինչին հետևյալն է․ ժողովուրդ ջան, դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին։ Բա հիմա ինչո՞ւ եք բոլորդ, որ 2020-2021 թվականներին այդ նույն սրերն էիք ճոճում, հիմա ուզում եք այդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց, էս հանձնե՞ց, էն հանձնե՞ց: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակն իրականում դա է եղել։ Եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դեռ ոչինչ, բայց դա պետության և պետականության դեմ է, Հայաստանի անկախության դեմ է այդ ամեն ինչը։

Մի օրինակ բերեմ․ 2021 թվականի մայիսի 10-ին կառավարության հրաժարականը վերջնականապես ուժի մեջ է մտնում և արձանագրվում է, որ առաջիկայում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում է իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք այսօր բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք այդ թեմայով կալանավորված։ Կալանավորված է մի բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչի՞ չի կատարել, մինչև հիմա չկա բացատրություն: Ես ինձ համար ունեմ բացատրություն, թե ինչի չի կատարել, բայց ապացույց չունեմ», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս