Երկուշաբթի՝ ռուսամետ, շաբաթ՝ արևմտամետ. Փաշինյանի վտանգավոր փոխակերպումները
2023թ. մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու»:
ՀԱՊԿ-ից նման հայտարարություն, ըստ էության, չի եղել, հակառակը, երբեմն ձևակերպումներ են լինում, որոնցից կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չեն պատրաստվում հանձնել Հարավային Կովկասն Արևմուտքին: Իսկ ՀՀ ղեկավարությունը՝ վարչապետից մինչև ՀՀ պաշտպանության նախարար, որոշել են բոյկոտել ՀԱՊԿ միջոցառումները: Այն, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ կապված խնդիրներ կան՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի 2021-2022թ. ռազմական գործողությունների համատեքստում, որևէ մեկը չի վիճարկում, նույնիսկ՝ հայամետ ռուս որոշ գործիչներ:
Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռ/կ եթերում ասել է, որ ՀԱՊԿ-ն պետք է անմիջապես արձագանքեր, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք: Այսինքն, արձագանքի առումով խնդիր կա, բաց տեղ, ինչից և օգտվեց Փաշինյանը՝ լինելով ճկուն կամ հմուտ մանիպուլյատոր:
Մյուս կողմից, ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ եղել են միշտ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է նախկին իշխանությունը՝ ի դեմս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի: Եվ սրա մասին շատ լավ գիտեր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը և Հայաստան-Ռուսաստան միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծմանը դեմ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ՌԴ-ին մեղադրում էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի «հեղինակը» լինելու մեջ:
2016թ. ապրիլի 12-ին՝ քառօրյայից հետո, Փաշինյանի ընտանեկան թերթ «Հայկական ժամանակը» հրապարակել էր կնոջ՝ Աննա Հակոբյանի հոդվածը, որտեղ նա անդրադարձել էր ՀՀ-ի թիկունքին ՌԴ դաշնակցային հարվածներին և դավաճանություններին: Մեջբերում ենք.
«Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը նաև ակնարկեց, թե Հայաստանն ինչ է սպասում այժմ ՌԴ-ից` հասցեական հայտարարություններ և գործողություններ: Ինչպես և ենթադրել էինք, խոսքը սպառազինություններ վաճառելու մասին Ադրբեջանիև Ռուսաստանի միջև պայմանագրի խզման և ապրիլի լույս 2-ի գիշերը հայկական կողմի վրա հարձակվելու համար Ադրբեջանի հասցեին դատապարտող հայտարարության մասին է: Սրանք, իհարկե, բավական մաժորային ակնկալիքներ են, հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վերջին շրջանի շոկոլադային հարաբերությունները: Եվ ռուսական կողմը շտապեց փոխվարչապետ Ռոգոզինի շուրթերով հասկացնել, որ ակնկալիքները ռեալ չեն, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք իրականում ռեալությունից հեռու չեն: Տպավորություն կա, որ ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանը, թերևս առաջին անգամ պատմության մեջ, Ռուսաստանի դեմ խաղաթղթերի բավական ծանր և պատկառելի տրցակ է կուտակել:
Առաջինը` ինչպես Փաշինյանի գրառման մեջ է ասվում, ԵՏՄ գործունեությունը կասեցնելու հնարավորությունն է: Այս կառույցի հաջողությունը ՌԴ նախագահի համար պատվի, արժանապատվության, ուժի ցուցադրության և ամբիցիաների հարց է:
Այն աստիճան, որ հանուն այնտեղ նոր անդամի ավելացման, պատերազմ է նախաձեռնվել, կամ դիվանագիտական լեզվով ասած`չի կանխարգելվել:
Երկրորդ` ՌԴ-ն դավաճանել է իր դաշնակցին, քանի որ զենք է տվել դաշնակցի թշնամուն և այդ զենքն օգտագործվել է դաշնակցի դեմ:
Երրորդ` ՌԴ-ն կրկնակի անգամ է դավաճանել իր դաշնակցին, քանի որ կարող էր զգուշացնել պլանավորվող հարձակման մասին՝ ելնելով արբանյակային տվյալներից, սակայն չի արել:
Չորրորդ` ՌԴ-ն եռակի անգամ է դավաճանել իր դաշնակցին, քանի որ այս ամենի արդյունքում տեղի են ունեցել բացառիկ վայրագություններ, ինչի վկայությունն են ՀՀ-ին փոխանցված զոհերի խոշտանգված և անարգանքի ենթարկված մարմինները, համացանցում պտտվող տեսարանները`զինվորի կտրված գլուխ, ականջը կտրած ծերունի:
Հինգերորդ` ՌԴ-ն դավաճանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կոչմանը, քանի որ որպես ՄԽ համանախագահ՝ պարտավոր էր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն պահպանել, ինչը չի արել:
Եվ վերջապես`Երևանում անցյալ նոյեմբերին տապալված «զինված հեղաշրջումը», որի հետքերը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու, տանում են դեպի Ռուսաստան:
Եթե այս հեղաշրջումը հաջողվեր, կարծում ենք, ապրիլի լույս 2-ի գիշերվա օպերացիան տեղի չէր ունենա`ամեն դեպքում պատերազմական գործողություններն ու միջազգային աղմուկը ավելորդ գլխացավանք են, մինչդեռ տեղական մակարդակով հարցը լուծելը շատ ավելի ձեռնտու կլիներ: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահը որպես անհատ՝ դուրս էր գալու ուղիղ ճնշումների և վերահսկողությունների դաշտից, և Հայաստանին որևէ գործողություն պարտադրելու պրոցեսը շեշտակի բարդանալու էր: Զինված հեղաշրջման իմաստը հենց սահմանադրական փոփոխությունների կասեցումն էր, հնարավորություն ունենալու համար ՀՀ նախագահին հեշտությամբ ստիպել այս կամ այն գործողության, օրինակ` կողմ քվեարկել Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությանը»,- գրել էր Աննա Հակոբյանը իր «Հայ-ռուսական լարումը մեծանում է. Երևանը ծանրակշիռ «կոզրներ» ունի Մոսկվայի դեմ» վերտառությամբ հոդվածում:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր՝ ինչի էր ընդունակ Ռուսաստանը, բայց դա չխանգարեց նրան, ըստ էության, 2018թ. իշխանափոխության օրերին օգտվել ոչ միայն արևմտյան, այլև ռուսական աջակցությունից,վայելել ռուսական բարեհաճությունը, այդ թվում՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո:
Հիշեցնենք նաև, որ 2020թ. հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որտեղ կողմ էր արտահայտվել միայն ռուսական խաղաղապահների տեղակայմանն Արցախում:
«Մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ: Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,-նշել էր նույն Փաշինյանը, ով ավելի ուշ դեմ չէր, որ ՀՀ տարածքում՝ Սոթքից Խոզնավար էլ ռուսական ներկայություն լինի:
Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին սկսեց մեղադրել անգործության մեջ, իսկ ՀՀ տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում որոշեց տեղակայել միջազգային կամ ԵՄ դիտորդների, բայց ՀԱՊԿ առաքելության: Իսկ հիմա էլ Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է , թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։
«Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել, և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»,- նշել էր նա:
Այսօր էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է , որ ՀԱՊԿ-ը պետք է ասի, որ կա հայ-ադրբեջանական սահման, այլ ոչ թե ասի՝ այդտեղ սահման չկա։
Ըստ Ալեն Սիմոնյանի, եթե ասում են, որ այդտեղ սահման չկա, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը սահման չունի, հետևաբար՝ գալու ու կանգնելու տեղ չունի։
Հարց է ծագում՝ ստացվում է՝ Արևմուտքը ճանաչո՞ւմ է ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը, իսկ ՀԱՊԿ-ն կամ ՌԴ-ն չե՞ն ճանաչում:
Ի դեպ, Հայաստանը և Ադրբեջանը դեռ պետք է դելիմիտացնեն և դեմարկացնեն սահմանները: Երկրորդ՝ Ադրբեջանը և Թուրքիան ևս Հայաստանին հուսախաբ են անում, Ադրբեջանը, ըստ էության, չի ճանաչել ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը, բայց Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, նրանց հետ հանդիպումները չի բոյկոտում:
Ինչևէ, վերադառնանք ՀԱՊԿ-Հայաստան համատեքստում նախկին իշխանությունների մասին Աննա Հակոբյանի հոդվածում արված հիշատակումներին:
2016թ. ապրիլի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»,-Մեդվեդևի հետ հանդիպմանն ասել էր Սերժ Սարգսյանը:
Դրանից օրեր առաջ էլ ՀՀ 3-րդ նախագահը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ նշելով.
«Մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում:Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամները զենք են վաճառում Ադրբեջանին»:
Ավելին, 2015-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր.
«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ՝ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
Բայց սա չի խանգարել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն ակտիվ դերակատարում ունենա և 2015-2016թթ. նախագահությունը ստանձնած Հայաստանը և Նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր արձանագրումների հասնեն: 2015թ. Դուշանբեում Սերժ Սարգսյանը ներկայացրել էր Հայաստանի նախագահության առաջնայնությունները:
«Մասնավորապես՝
– ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:
– ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:
– ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:
– ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:
Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը:
Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ծանրակշիռ ներդրում կլինի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Այս համատեքստում տեղին է հիշեցնել 2016թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները, երբ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ գործընկերներն աջակցություն էին հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:
Նստաշրջանում վերահաստատվել էր ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:
Սա ՀՀ-ի նախկին իշխանությունների ձեռքբերումն է, որոնք ընտրել էին աշխատելու և ոչ թե բոյկոտի ճանապարհը: Սերժ Սարգսյանի իշխանության այս հաջողության մասին 2016-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», Աննա Հակոբյանի ձեռքով շտապել էր հայտնել:
Կրկին մեջբերում ենք Փաշինյանի կնոջ հոդվածից.
«Երևանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում` սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչև աշխարհաքաղաքական թեմաներ: Հայաստանի համար ամենակարևորը, սակայն, հետևյալն է` արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին և կոնկրետ ի՞նչ բովանդակություն կունենա այդ անդրադարձը: ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 21-ին, որտեղ Սերժ Սարգսյանը սենսացիոն ելույթ ունեցավ՝ կազմակերպության անդամ պետություններին մեղադրելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք պատասխան չտալու համար:
Գագաթնաժողովի հաջորդ ինտրիգը ՀԱՊԿ 2025թ. Հավաքական անվտանգության ռազմավարության շուրջ է:Սպասվում է, որ ռազմավարությունը պետք է հաստատվի նախագահների կողմից: Մի քանի ամիս առաջ, երբ փաստաթուղթը քննարկվում էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ԶԼՄ-ներին հայտնեց, որ այնտեղ «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: Նման արձանագրությունը, իհարկե, բավական բարդ իրավիճակի մեջ կդնի ՀԱՊԿ անդամ այն երկրներին, որոնք ջերմ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում`Հայաստանին:
Բավական ինտրիգային է նաև այն հարցը, թե պետությունների ղեկավարները ում թեկնածությունն են հաստատելու ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռուսական ԶԼՄ-ների աղբյուրներով՝ դա պետք է լիներ Սեյրան Օհանյանը, որը, սակայն, հայտարարեց, որ եթե նույնիսկ նման առաջարկ լինի, ինքը կհրաժարվի: Նոր անուններ ռուսական աղբյուրները չեն հաղորդել»,-գրել էր Աննա Հակոբյանը:
Արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017թ. մայիսի 2-ին ստանձնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչը հայկական կողմին հեշտ չտրվեց: Բայց 2018-ի նոյեմբերի 2-ին նա ազատվեց այս պաշտոնից: Փաշինյանը և նրա իշխանությունը, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ սկսեցին ՀՀ ներկայացուցչի հետկանչի գործընթաց ՀԱՊԿ-ից, երբ այնքան դժվար էինք հասել դրան՝ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրելով «Մարտի 1»-ի գործով:ՀԱՊԿ-ում հետկանչի գործընթացին պատրաստ չէին, սա, թերևս, չներվեց Հայաստանին:
Իսկ 2017-ի հուլիսին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեռ Յուրի Խաչատուրովն էր, նա ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում անդրադառնալով ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին՝ հայտարարել էր.
«ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում: Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»:
Այսինքն, նա պնդել էր, որ միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժի կամ ուժեղի իրավունքը»:
2018-ին Տավուշում դարձյալ լարվածության աճ կար, զոհ, վիրավոր, և ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հայտարարությամբ․
«Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։
Ի դեպ, 2016թ. «Հայկական ժամանակում» տպագրված մեկ այլ հոդվածում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նշել էր
«Հայկական Զինված ուժերում զինտեխնիկայի վերջին համալրումներից հետո նոր ագրեսիան Ադրբեջանի կողմից ավելի պակաս հավանական է դառնում, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ նրանք նոր զորահանդես չեն անցկացրել` իրենց «Իսկանդերները» ցուցադրելու համար: Փորձագետները, սակայն, բացառում են, որ ՌԴ-ն Ադրբեջանին էլ այս զենքից մատակարարի, քանի որ ՀՀ-ի դեպքում դա հնարավոր է եղել միայն ՀԱՊԿ-ում համագործակցության արդյունքում, իսկ Ադրբեջանը թեև ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր է, սակայն ՀԱՊԿ անդամ չէ»:
Թե ինչու ՀԱՊԿ-ում անհնարին դարձավ հայանպաստ որևէ գործողության հասնել, եթե չհաշվենք ուշացած առաջարկվող օգնությունը, որի հարցը Փաշինյանը առաջարկել է օրակարգից հանել, պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին, թերևս: Նիկոլ Փաշինյանին, ով որոշեց ՀԱՊԿ խորհրդում ՀՀ նախագահության օրոք խաղաղապահներ ուղարկել Ղազախստան, որից, հարց է՝ մենք որքանով շահեցինք:
Ի դեպ, 2016-ին վերևում հիշատակված հոդվածներից մեկում Աննա Հակոբյանն իր հետգրության մեջ գրել էր.
«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ ցույց է տվել այն ճանապարհը, թե ինչպես պետք է Ռուսաստանի Դաշնությունը խզի Ադրբեջանին զենքի վաճառքի պայմանագիրը, հիշեցնելով, որ 2010 թվականին Ռուսաստանը սառեցրեց Իրանին C-300 հրթիռային համալիրների վաճառքի կոնտրակտը, հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը»:
Այսօր քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանը կալանավայրից ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս ճանապարհը, թե ինչպես խուսափել նոր վտանգներից, բայց փաշինյանական իշխանությունը դրանց չի հետևում՝ խորացնելով ՀՀ շուրջ անվտանգային ռիսկերը: Թերևս, հիմա այդպես է պետք Փաշինյանին: Եվ նպատակը ոչ թե պետությունը, պետական շահն է, այլ սոսկ սեփական իշխանությունը որևէ կերպ պահելու մղումը:
Ի դեպ, տեղին է հիշեցնել նույն Փաշինյանի 2016թ. ընդդիմադիր եղած ժամանակներում ասված խոսքերից մեկը. «Իմ ընկալմամբ ռուսամետ կամ արևմտամետ նշանակում է այն, երբ օրինակ Հայաստանում քաղաքական գործիչը գործում է էնպես, կարծես ինքը Ռուսաստանի քաղաքական գործիչ լինի գործուղված Հայաստանի Հանրապետություն՝ այստեղ պաշտպանելու Ռուսաստանի, Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահը։ Այս գործելակերպը մենք ժխտում ենք, և ինքս համարում եմ վնասակար այդ գործելակերպը»: