«Դեկտեմբերին ՀԱՊԿ-ում միջոցառում կա, չեմ մասնակցելու. գնամ այնտեղ՝ ի՞նչ անեմ, կբացատրե՞ք ինձ». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն որոշումը, որ Պաշտպանության նախարարը ևս չի մասնակցելու ՀԱՊԿ նիստին։

«Դեկտեմբերին ՀԱՊԿ-ում միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցում։ Հայաստանը նման որոշում չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու, բայց կարծում եմ՝ իմ մասնակցությունն այս ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակով, որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և չի կատարել արդեն իսկ, գնամ այնտեղ՝ ի՞նչ անեմ, կբացատրե՞ք ինձ»,- հարցին հարցով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Իսկ եթե մեքենան, օրինակ, Ալեն Սիմոնյանին մի կետից մեկ այլ կետ չտեղափոխի, նա կշարունակի՞ օգտվել այդ մեքենայից, լրագրողի պատկերավոր հարցին ԱԺ նախագահը պատասխանեց, թե կփորձի ինչ-որ ձևով այդ մեքենան աշխատեցնել, քանի որ այլ մեքենա այդ պահի դրությամբ չունի։

«Դե, հիմա նման որոշում ենք կայացրել, որ փորձենք այդ մեխանիզմն աշխատեցնել, կաշխատի՝ կաշխատի, չաշխատեց՝ շատ վատ»,- շեշտեց Ա. Սիմոնյանը։

Կարդացեք նաև

Նա հերքեց պնդումները, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները սառեցվում են, ընդգծելով՝ որևէ ձևով չի սառեցվում։

«Իմ չմասնակցելու որոշման մասին արդեն ներկայացրել եմ ՀԱՊԿ-ի գործընկերներին, դեռևս արձագանք չկա։ Կարծում եմ՝ չի էլ լինի, վստահ եմ, իրենց համար էլ է հասկանալի, թե չմասնակցելու պատճառները որոնք են։ Իրենք չեն շտապում իրենց պարտավորությունները կատարել, մենք էլ ի՞նչ պետք է գնանք այնտեղ քննարկենք։ Կարո՞ղ ենք հասկանալ, ՀԱՊԿ-ը պաշտպանողական կառույց է, որը պետք է ՀԱՊԿ երկրներին պաշտպանի։ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել են երրորդ երկրի ուժեր, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել, այնտեղ ինչի՞ համար գնանք։ Դե մեռանք այդ հարցերը բարձրացնելով, գրավոր, բանավոր, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել, ամեն ինչ արել ենք։ Կարծում եմ՝ այստեղ հիմա հերթը ՀԱՊԿ-ինն է, ՀԱՊԿ անդամ երկրները պետք է արձագանքեն, այլ ոչ թե ապրեն երևակայական փուչիկի մեջ։ Կա իրենց իրականությունը և կա այն իրականությունը, որի մեջ ապրում ենք մենք։ Ահա այդ իրականությունները բացարձակ չեն համընկնում, և դա խնդիր է»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի, եթե ՀԱՊԿ-ն իր գործողությունները չի կատարում, ՀՀ-ից դուրս գալն էլ ինչպե՞ս է լինում։

«Ես զարմանում եմ, որ մեր գործընկերներն ասում են, թե իրենք չեն հասկանում, թե ինչ է նշանակում, որ ասում ենք՝ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից։ Դա այն է, երբ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ՝ թղթով գրած, ստորագրած, և այն չի կատարվում։ Մենք ասում ենք, չէ, որ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, բայց մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Իրենց գործողություններով, հայտարարություններով ապացուցում են, որ իրոք այդ կառույցը խնդիր ունի։

ՀԱՊԿ-ը տապավորություն է թողնում, որ ուզում են դիտորդական առաքելություն ուղարկել, բայց չգիտեն՝ որտեղ են ուղարկում։ Կամ՝ ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ ձևով օգնում են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը պետք է ասի, որ կա հայ-ադրբեջանական սահման, այլ ոչ թե ասի՝ այդտեղ սահման չկա։ Ըստ ԱԺ նախագահի, եթե ասում են, որ այդտեղ սահման չկա, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը սահման չունի, հետևաբար՝ գալու ու կանգնելու տեղ չունի։

 

Տեսանյութեր

Լրահոս