«Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել՝ ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քննարկման փուլում է՝ Հայաստանը կմասնակցի՞ Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարություններին, թե՞ ոչ:
«Լրացուցիչ կքննարկվի, թե մասնակցելիս էլ ինչ ձևաչափով և ծավալով կմասնակցենք: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ կապված հարաբերություններին, ես նախորդ ասուլիսին էլ այդ թեմային անդրադարձա՝ մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս ՀՀ-ից: Այսինքն՝ եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից: ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ, առաջին հերթին, կազմակերպության ունեցած պարտավորությունները: Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ հարց կա քննարկելու, այդ հարցը քննարկվում է, չէ՞: Անընդհատ խոսվում է՝ մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ ոչ, ինչո՞ւ չի գալիս, մենք էլ դրա մասին թափանցիկ ասում եմ: Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ եթե իրենք արձանագրեն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը իրենց խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել. «Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ, ոչ թե առաջարկներ՝ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելո՞ւ: Իհարկե, այդ հնարավորությունները եղել են, բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելով: Ասվել է, որ դուք դե ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»:
Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի որոշումը չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, նա պատասխանեց. «Դե ես էլ նույն հարցը տալիս եմ՝ ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ ոչ: Էս վերջերս սոցիոլոգիական հարցում էր արվել և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի վստահելիությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է: Հարաբերություններ ասելով՝ հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերությունները չե՞ն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում