«Դիտմա՞մբ եք անում, որ մարդիկ զզվեն՝ գնան Հայաստանից». արցախցի
Հայաստան տեղափոխված բազմաթիվ արցախահայ ընտանիքներ այսօր էլ կանգնած են օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Ըստ արցախահայ մեր զրուցակիցների՝ նրանց մի մասը դեռևս շարունակում է քնել մեքենաներում, մանկապարտեզների ու մարզադահլիճների շենքերում: Իսկ վարձակալությամբ բնակարան գտածների մի մասն ապրում է անմարդկային պայմաններում՝ չկարողանալով հոգալ անգամ օրվա ապրուստը: Քիչ թե շատ բարվոք վիճակում գտնվող բնակարանների վարձավճարներն էլ ռեկորդներ են սահմանել՝ հասնելով պատմական պիկին:
Արցախցիների այս բոլոր խնդիրներին գումարվում է նաև վերջին շրջանում ակտուալ դարձած ֆինանսական աջակցություն չստանալու խնդիրը:
Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտը հարկադրաբար լքած ու Հայաստան եկած արցախցի մեր հայրենակից Գևորգ Խանումյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ սահմանն անցնելուց հետո ինքը ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել կառավարությունից:
Նրա խոսքով՝ իր ընտանիքը Ստեփանակերտից վերջին հեռացողներից է եղել: Եկել են Հայաստան, ու առաջին գործը եղել է Վայքում գրանցվելը: Հետո այնտեղից ծնողների հետ տեղափոխվել է Ծաղկաձոր, որտեղ ապրում է մինչև օրս:
Ասում է՝ Ծաղկաձորում նույնպես հաշվառվել է: Այդ առումով որևէ խնդիր չկա: Բայց արի ու տես, որ ծնողներին 100.000-ական դրամները տրամադրվել են, իսկ իր տվյալների հետ «խնդիրներ են առաջացել»:
«Ոնց հասկանում եմ՝ էստեղ իրենք նորմալ լեզուն չեն հասկանում: Իրենց հետ պետք է խոսել իրենց լեզվով: Ուղիղ 50 օր է՝ ինձ խաբելով բերել-հասցրել են այս օրվան: Տվյալներն ուզում ենք ստուգել՝ այս ամբողջ ընթացքում ասում է՝ «տվյալները մշակման փուլում են»: Այս ի՞նչ երկար են մշակվում այդ տվյալները, դեռ չի՞ ուզում ավարտվել այդ գործընթացը: Ես այս ամբողջ ընթացքում անընդհատ զանգել եմ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն, ասել են՝ մեզ մոտ խնդիր չկա, պետք է Կենտրոնական բանկը փոխանցի Ձեր հաշվեհամարը՝ գումարը փոխանցելու համար: Դրանից հետո մոտ մեկ ժամ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել ԿԲ ներկայացուցչի հետ: Իրենք պատճառաբանել են, որ ինձ սպասարկող «Հայէկոնոմբանկն» իրենց չի տվել հաշվեհամարը: Հետո արդեն մոտ մի կես ժամ խոսել եմ իմ բանկի ներկայացուցչի հետ: Իրենք ասել են, որ ինչ-որ սոցքարտի հետ կապված խնդիր է եղել, թվերը հարցրեցին, տրամադրեցի: Ասացին՝ վերջ, բոլոր հարցերը լուծված են, տվյալները կփոխանցեն ԿԲ, հետո էլ՝ սոցապնախարարությանը»,- մեզ հետ զրույցում պատմեց Գևորգ Խանումյանը՝ հավելելով, որ այդ ամբողջ գործընթացը տևել է ևս 2 շաբաթ:
Դրանից հետո կրկին հայտարարվել է, թե քաղաքացու տվյալները մշակման փուլում են: Այսօր էլ, նրա խոսքով, զանգ է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հայտնել են, թե իր տվյալները միգրացիոն ծառայությունում առկա չեն:
«Ասում եմ՝ ինչո՞ւ չկա, ի՞նչն է խնդիրը: Ասում է՝ չգիտենք, գնացեք Միգրացիոն ծառայություն: Ես ինչո՞ւ պետք է այսքան ժամանակ հետո նորից գնամ Միգրացիոն ծառայություն: Չեմ գնալու: Դուք Ձեր գործը նորմալ կատարեիք, որ էսպիսի խնդիրներ չլինեին: Ընտանիքս ամբողջ գրանցման գործընթացը միասին է անցել: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ընտանիքիս մյուս անդամների հետ կապված խնդիր չեղավ, իսկ իմ անունը հանկարծ չկա: Ես հիմա ապրում եմ Ծաղկաձորում: Թող իրենք գան ինձ տեսնեն ու հարցերիս պատասխանները տան: Էդ ամեն ինչի միջով անցնելուց հետո հիմա էլ էս 100.000-ականների համար են խառնում հոգեկաններս: Չեք կարում աշխատել՝ ռադ եղեք, թող ձեր տեղը մեկ ուրիշը գա ու նորմալ կատարի այդ գործարքները»,- վրդովված հայտարարեց Գևորգ Խանումյանը՝ հավելելով, որ ճիշտ նույնպիսի պատճառաբանություններով իր ընկերն ու երկու երեխաները նույնպես չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք 100.000-ական դրամները:
«Այսօր չգիտեմ, բայց երեկվա դրությամբ իրենց գումարները նստած չեն եղել քարտին: Հիմա մենք սա ո՞նց պետք է հասկանանք: Միայն իմ ծանոթների մեջ 12 ընտանիք այսպիսի խնդիրներ ունեն ու դեռ ֆինանսական աջակցություն չեն ստացել: Միայն որոշ խմբերից սնունդ ու որոշ պարագաներ են տրվել: Ինչպե՞ս կարող է ընտանիքի մի մասի տվյալները նորմալ լինել, մյուսինը՝ ո՛չ: Չէ՞ որ բոլորն էլ նույն մեքենայով են եկել Արցախից: Բոլորն էլ միաժամանակ նույն գործողություններն են կատարել: Ուզում եմ հասկանալ, թե ո՞նց է առաջացել այդ խնդիրը»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը:
Գևորգ Խանումյանի խոսքով՝ ինքն Արցախում ոստիկանության նախկին ծառայող է եղել: Այս պահին էլ ապրում է վարձով: Տան վճարն ու ապրուստն էլ կարողանում է հոգալ՝ աշխատավարձից խնայողություններ անելու շնորհիվ՝ «սև օրվա» համար հավաքած գումարով:
«Այդ գումարն ունենք, քանի որ Արցախում աշխատելիս ես էլ, մայրս էլ, հայրս էլ աշխատավարձը ստանալուց ինչ-որ մաս մի կողմ էինք դրել: Ստացվեց, որ էսպես եղավ մեր «սև օրը»: Տան համար 230.000 դրամ եմ վճարում: Մեկը՝ ես, ասենք, հա, երկու կոպեկ ունեմ հետ գցած՝ կարողանում եմ, բա որ չունենայի ի՞նչ պետք է անեի: Բայց այդ գումարը հո անվերջ չէ՞: Ես չեմ՝ ինձ նման հազար ու մի մարդ կա, որ գումար չունի: Ո՞նց պետք է մարդն ամեն անգամ էսպիսի դեպքերում հասնի Ծաղկաձորից Երևանի էդ Միգրացիոն ծառայությունը, ինչո՞ւ: Ես որտեղ ասել են՝ գրանցվել եմ: Ինձ ասել են, որ ես խնդիր չունեմ, ամեն ինչ նորմալ է: Հիմա ինչո՞ւ հանկարծ խնդիրներ առաջացան»,- վրդովված հարցնում էր արցախցի մեր հայրենակիցը:
Գևորգի ընտանիքը, ի դեպ, Ստեփանակերտում թողել է 3 սենյականոց բնակարան: Ասում է՝ կապիտալ վերանորոգված, անհրաժեշտ ամբողջ գույքով տունը թողել ու դուրս են եկել: Իրենց հետ կարողացել են միայն մի քանի հագուստ վերցնել ու ավտոբուսով ճանապարհվել Կոռնիձոր:
«Մեր վրդովմունքը հասել է պիկին: Սա միայն իմ անունից չէ, որ ասում եմ, իմ բոլոր ընկերներն են իմ վիճակում: Ես օրեցօր տեսնում եմ, թե ոնց են արցախցիները լքում Հայաստանը: Ինձ այս պարագայում այլ բան չի մնում մտածել, քան այն, որ այս ամբողջը դիտմամբ է արվում, որ մարդիկ զզվեն՝ գնան: Եթե էսպես շարունակվի, 2-3 ամսում այստեղ արցախցի ուղղակի չի մնա»,- ցավով ասաց արցախցի Գևորգ Խանումյանը՝ բարձրացնելով նաև Հայաստանում արցախցիներին տրամադրվող բնակարանների բարձր գների խնդիրը:
Այս ամենի ֆոնին, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անգամ Եվրոպայում են զարմացել, թե ինչպես է ՀՀ կառավարությունը ժողովրդի հետ համատեղ ընդունել արցախցիներին՝ արցախցի մեր հայրենակիցը հայտարարեց, որ դրանք պարզապես ցուցադրական հայտարարություններ են, որոնցով փորձում են թաքցնել իրենց անարդյունավետ աշխատանքը:
«Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, և պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք: Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու: Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետև երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի»,- Եվրոպական խորհրդարանում հերթական կեղծիքն էր տարածել Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ ոչ թե կառավարությունը, այլ բացառապես հայ ժողովուրդը դա արեց՝ բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների և բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների միջոցով:
Իսկ Կառավարությունը ոչ միայն մի գերատեսչությունից մյուսն է մինչ օրս ուղարկում արցախահայերին, այլև դեռ հայտնի չէ՝ ինչպես են ծախսվում տարբեր երկրների կողմից արցախահայերին աջակցելու նպատակով տրված միլիոնավոր գումարները:
«Ո՞նց եք ընդունել: Թող հարցիս պատասխանեն: 100.000-ական դրա՞մ եք տվել մի անձին ու 40+10 հազար դրամնե՞ր: Բայց մեկը՝ ես, էդ գումարները չեմ ստացել: Մենակ հո հայտարարելով չէ՞: Արցախից եկածները ո՞նց են վճարելու իրենց վարձերը, ո՞նց են գոյատևելու, ի՞նչ են անելու: Ով ուզում է՝ թող տա հարցիս պատասխանը, սպասում եմ: Այդ պատասխանները պարզապես չկան: Այսպիսի վերաբերմունքով ստիպում են, որ քեզ երկրորդ սորտի մարդ զգաս»,- ասաց Խանումյանը՝ հայտարարելով, որ այսպես շարունակվելու դեպքում ինքն էլ հազարավոր մյուս արցախցիների պես ստիպված է լինելու լքել Հայաստանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Նրանց թիվն օրեցօր ավելանում է:
ՆԱԶԵԼԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ