«Երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանը գրավելու մասին, խաղաղություն չի կարող լինել». Վահրամ Բալայան
Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչներ, որոնք նախորդ շաբաթ մեկնել էին Բաքու, որևէ տեսակցություն չեն ունեցել Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների հետ։
«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ խոսելը նոր վիճակ էր մեզ համար, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած: Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի կողմերի միջև առաջանա վստահություն։ Ցավով պետք է ասեմ, որ հստակ ու կոնկրետ պատասխան չենք ստացել թվի ու մարդկանց անունների հետ կապված, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին հավաստիացրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթացն ընթանում է»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը՝ կիսվելով Բաքու կատարած իրենց այցից ստացած տպավորությունների մասին։
Ի դեպ, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Բաքվի բանտում գտնվող և 20 տարվա ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը գտնվում է ծանր վիճակում, ունի առողջական խնդիրներ և, ըստ նրա ընտանիքի՝ չի կարողանում այլևս քայլել։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ եթե Ադրբեջանն իր նպատակների մեջ անկեղծ լիներ, ապա կկազմակերպեր, որպեսզի Բաքու մեկնած հայերը հանդիպեին այնտեղ պահվող հայ պատանդների ու գերիների հետ։
«Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելը կամ էլ նրանց հետ հարաբերություններ հաստատելու փորձերն իլյուզիա են։ Ադրբեջանին պետք է լավ ճանաչես, որպեսզի ամբողջ իրականությունը տեսնես։
Փորձեք հետևել ադրբեջանական լրատվությանը, հստակ պարզ կդառնան ադրբեջանական ծրագրերը՝ կապված Հայաստանի ու հայ ազգի հետ։ Պատահական չէ, որ Ադրբեջանը հայկական բոլոր տեղանուններն ադրբեջանական անուններով է կոչում, սա ևս ցույց է տալիս նրանց հեռահար նպատակները։
Այսօր էլ տեսա, որ Ադրբեջանում արդեն խոսում են այն մասին, որ պետք է հանձնաժողովներ ստեղծեն, որպեսզի պայքարեն «ադրբեջանական տեղանունները հայկական դարձնելու դեմ», ասում են՝ ինչ-որ գրքեր պետք է հրապարակեն, և այլն։ Ադրբեջանն ամեն ինչ երեսնիվար շրջված է ներկայացնում աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։
Ըստ Վահրամ Բալայանի, խաղաղությունը լավ բան է, պետք է իսկապես ձգտել խաղաղության, սակայն, ինչպես ասում են՝ «միակողմանի ամուսնություն չի լինում»։ Այսինքն՝ երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանը գրավելու մասին, խաղաղություն չի կարող լինել։
«Ադրբեջանի նպատակը սկզբում այն էր, որ զավթեր Արցախի Հանրապետության տարածքը, հիմա օկուպացրել է ամբողջովին, մի բան էլ Հայաստանի տարածքից է «խուզել», այս ամենից հետո հարց է առաջանում՝ Ադրբեջանը հիմա ի՞նչ է ուզում։ Եթե ցանկանում է խաղաղություն, պետք է նախ գերիներին ու պատանդներին վերադարձնի։ Բայց մեր հայրենակիցներին պահել է, որ ցույց տա, թե Հայաստանն ու հայ ազգն ագրեսոր են։ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի նվաճումն ու օկուպացիան»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրանք բոլորն էլ ադրբեջանական գերության մեջ են հայտնվել 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, արցախահայերին ենթարկեց բռնի տեղահանության, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ գերեվարեց։
Նշենք նաև, որ վերջերս Բաքվի ռազմական դատարանում մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր ցմահ ազատազարկման դատապարտել Արցախի նախկին 3 նախագահներին, իսկ մյուս անձանց՝ 16-19 տարվա ազատազրկման։

