Ադրբեջանի հայտարարությունը, թե ՀՀ-ի հետ անհամաձայնության դեպքում «միջանցքը» կանցկացնեն Իրանի տարածքով, խայծ է և թակարդ. Շիրազ Խաչատրյան
Նոյեմբերի 2-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։
Փաշինյանը նույնիսկ նշել է, որ ԱԱԾ այդ ստորաբաժանումն արդեն ստեղծված է, և, որ նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել են, որովհետև դա կար իրենց պլաններում։ Իսկ այսօր արդեն կարող են արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու նույնիսկ սկսել է իր աշխատանքները: Նախ՝ ի՞նչ երկաթգիծ, գազամուղ նկատի ունի Փաշինյանը, ո՞ր ուղղությամբ: Կամ՝ արդյո՞ք սա ենթադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի «չեզոքացում», ինչպես մեկնաբանվեց մամուլում: Հիշեցնենք, որ այս եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մասնավորապես, ասվում է.
«Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Երկրորդ, չմոռանանք, որ հայկական երկաթգիծը ՌԴ-ի ձեռքին է: Երրորդ, չունենք դեռ դելիմիտացված և դեմարկացված սահման: Իսկ գուցե ԱԱԾ-ում ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովող ստորաբաժանման ստեղծման նախապատրաստությունը խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամ հենց Թուրքիայի հետ նախնական պայմանավորվածության մասի՞ն:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձել է ստանալ այս հարցերի պատասխանը և ոչ միայն:
– Նախ՝ պետք է հասկանալ, թե ԱԱԾ կազմում ստեղծված հատուկ ստորաբաժանումն ինչ գործառույթներ է իրականացնելու՝ ձեր նշած կոմունիկացիաների, ճանապարհների անվտանգության պահպանությունը կազմակերպելու համար։ Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի ելույթի կետերից մեկն այն մասին էր, որ ճանապարհների, սահմանային և մաքսային անվտանգության ապահովման հսկողությունն իրականացվելու է մեր պետական ինստիտուտների միջոցով։ Սակայն այստեղ կա մեծ խնդիր։ Տեղյակ եք, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի, մասնավորապես, Գյումրու, Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի հատվածներում, մեր սահմանային պահպանությունը իրականացնում են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայողները: Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունն ամրագրված է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ՍԶ կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին պայմանագրով (1992թ): Ու այդ պայմանագրի համաձայն՝ սահմանապահների գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի կառավարության հետ։ Եվ այստեղ հարցերը շատանում են։ Ռուս սահմանապահները նախորդ երկու տարվա ընթացքում Մեղրիից Ագարակ ու Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր տանող ճանապարհներին մոդուլային 5 անցակետեր են տեղադրել և ստուգում են բոլոր տրանսպորտային, քաղաքացիական տեղաշարժերը։ Մենք այս մասին խոսել ենք Ձեզ հետ դեռ անցած տարի։
Մի փոքր դժվար եմ պատկերացնում, թե ինչ պայմանավորվածություններով և ոնց պետք է լուծել տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովման խնդիրները, պետք է հասկանալ, թե որ ստորաբաժանումներն են իրականացնելու ծառայությունը, գուցե համատեղ ծառայության որոշո՞ւմ կա: Կամ ի՞նչ որոշումներ են փոխվելու, անվտանգային ինչպիսի՞ ռիսկերի առաջ ենք կանգնելու, այս պահին դժվար է հստակ բան ասել։ Փաստ է, որ մինչ այս պահը ՀՀ Կառավարության հետ համաձայնեցված են եղել ռուս սահմանապահների գործողությունները, փաստ է նաև այն, որ այս պահին Մեղրիի ճանապարհը, այդ սահմանային հատվածով տեսականորեն կառուցվելիք երկաթգծի, գազամուղների անցկացման գոտին համարվում է հատուկ պահպանվող տարածք, իսկ այդ տարածքի պահպանությունն իրականացնում են ռուսական սահմանապահ վարչության ծառայողները։ Թե ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում, պետք է սպասել ու հետևել իրադարձություններին։
– Ամեն դեպքում, ըստ Ձեզ՝ ԱԱԾ-ում ստեղծված հատուկ ստորաբաժանումը միայն Սյունիքո՞ւմ է լինելու, թե՞ նաև ՀՀ այլ տարածքներում, որոնց հետ կապված՝ Ադրբեջանը ծրագրեր ունի, որտեղ կան ռազմավարական նշանակության ճանապարհներ:
– Տեղեկություններ չունեմ այս պահին, սակայն դատելով Փաշինյանի այն հայտարարությունից, որ ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ-ով անցնող ռեգիոնալ և միջազգային լոգիստիկ, էներգետիկ ճանապարհների անվտանգությունն ապահովելը, ենթադրում եմ, որ հատուկ ստորաբաժանումների գործունեությունը չի սահմանափակվի միայն Սյունիքով, այլ կլինի նաև այն մարզերում, որոնցով անցնում են հարևան պետություններ տանող կարևոր երթուղիները։
– Վրաստանում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ո՞ւմ դեմ է և ո՞ւմ շահերից է բխում, այսինքն՝ գերտերություններից, տարածաշրջանում խաղացողներից ո՞վ է շահելու, ո՞վ՝ տուժելու:
– Նախագիծը կարող է ոչ մեկի դեմ չլինել, դու կարող ես ամենապրոհայկական նախագիծը ներկայացնել, բոլոր տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին հեքիաթային առաջարկներ անել, բայց պետք է հաշվի առնես, հասկանաս, հաշվարկես, թե որքանով են նույն ռեգիոնալ ու միջազգային խաղացողների շահերը համադրելի քո շահերի հետ, ինչ ես անում, որ քո երկրի տարածքում մեծ խաղացողների շահերն իրար չբախվեն: Օրինակ, Իրան-Արևմուտք, Իրան-Թուրքիա-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա-Արևմուտք շահերի հակադրությունները ցցուն չդարձնես հենց քո երկրի տարածքում։ Խոստումներ տալը, նախագծեր կազմելը պետք է համադրելի լինեն իրականացրածդ քայլերի հետ, ոչ թե մի կողմից հայ-ռուսական հարաբերությունները փչացնես, թեկուզ ցուցադրական, հասցնես ծայրահեղ ճգնաժամային վիճակի, հետո խոսես «Մետաքսի ճանապարհի», «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման մասին: Կամ՝ մի կողմից՝ Իրանի քթի տակ արևմտյան կոնտինգենտ հրավիրես, հետո խոսես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Արևելք-Արևմուտք լոգիստիկ ուղիների կազմման պլանների մեջ մտնես, ռեգիոնալ մյուս խաղացողների շահերը մղելով երկրոդ պլան։ Չի լինում այդկերպ, խոսքն ու գործը պետք է համընկնեն: Ցանկությունները և իրական հարթության վրա քննարկումները, դրանից բխող լուծումները տարբեր բաներ են։
– Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքն» այլևս հետաքրքիր չէ իրենց, և շանտաժ է անում, թե Իրանին կընտրեն: Իրականում այդպե՞ս է:
– Պարզ միամտություն կլինի, եթե հավատանք թուրք-ադրբեջանական կողմի բանեցրած մանյովրներին։ Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը միշտ առաջնային հարց է Թուրքիայի և Ադրբեջանի համար, և որքան էլ այս պահին Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ անհամաձայնության դեպքում «միջանցքը» կանցկացնեն Իրանի տարածքով, պարզապես խայծ է, թակարդ: Այսինքն, փորձում են մոլորեցնել մեզ, և համոզված եմ, որ հնարավոր ռեգիոնալ բարենպաստ իրավիճակում նրանք փորձելու են ուժի միջոցով լուծել «միջանցքի» խնդիրը: Դա է նաև պատճառը, որ ադրբեջանական կողմն անընդհատ զորավարժություններ է անցկացնում, նախորդ շաբաթ էլ ադրբեջանական կողմից հայտարարվեց այն բանի մասին, թե Ալիևը ստացել է Էրդողանի աջակցությունն արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով ցամաքային միջանցքի ստեղծման հարցում։ Իսկ այդ ամենին զուգահեռ՝ վերջին՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժություններն Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև անցկացվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի սահմանամերձ, Նախիջևանի և օկուպացված Արցախի տարածքներում:
Իսկ զորավարժություններին ներգրավված երկու երկրների տարբեր տիպի զորքերի՝ ընդհանուր առմամբ, մինչև 3 հազար հոգանոց անձնակազմի, 130 միավոր զրահատեխնիկայի, մինչև 100 հրետանային զինատեսակի, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկաների, ինժեներական սարքավորումների առկայությունը չի կարող ուշադրության չարժանանալ մեր, նաև հարևան խոշոր խաղացողների կողմից: Թուրք-ադրբեջանական համատեղ այդ զորավարժություններին ներգրավված զորքի, զինտեխնիկայի թվաքանակից շատ անգամներ քիչ թվակազմով զորավարժություններ ադրբեջանական կողմն անցկացրել է նախքան սեպտեմբերյան մարտական գործողությունները՝ Արցախի սահմանների շուրջ, և սեպտեմբերյան հարձակումից անգամ մեկ օր առաջ Բաքուն Արևմուտքին վստահեցնում էր, որ Արցախի դեմ պատերազմի չի գնա: Բայց հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Այնպես որ, նմանատիպ զորավարժությունները, ինչպես նաև թշնամու կողմից կիրառվող հռետորաբանությունն ու խոսույթը կարևոր ազդակ է, թե ինչ կարող է տեղի ունենալ հենց վաղը, այսօրվա թվացյալ հանգիստ իրադրությունը չպետք է մոլորության մեջ գցի մեզ։
– Հայաստանյան փորձագետներից սկսել են խոսել այն մասին, որ խաչմերուկ Նախիջևանն ու Ադրբեջանն են դառնալու, ոչ թե Հայաստանը:
– Այո, Ադրբեջանի դերը գնալով աճում է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար։ Խոսքն առաջին հերթին էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և մյուս խոշոր խաղացողների համագործակցության մասին է, ինչն էլ ուղիղ կապ ունի նաև տրանսպորտային, լոգիստիկ ուղիների մշակման, անցկացման, զարգացման հարցում Ադրբեջանին նախապատվություն տալու հանգամանքի հետ։ Ադրբեջանն էլ իր հերթին՝ ձգտում է հասնել տարածաշրջանում ՀՀ տրանսպորտային մեկուսացմանը։ Միամտություն է կարծել, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է հնարավորություն տան, որպեսզի Հայաստանը լոգիստիկ ուղիների խաչմերուկ դառնա։ Մեր առաջարկած նախագծերին ի պատասխան՝ ադրբեջանցիները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով գոյություն ունեցող ենթակառուցվածքներն ավելի են կատարելագործում, բարենպաստ պայմաններ ստեղծում, ամեն տեղ մրցակցություն է, շահերի բախում, բոլոր խաղացողներն էլ փորձում են իրենց համար ավելի լավ պայմաններ առաջ մղել: Եվ այսօր Ադրբեջանի ու Նախիջևանի տարածքով անցնող տրանսպորտային, երկաթուղային հանգույցները դեռևս առավելություն են տալիս նրանց՝ տարանցիկ երկրի դերակատարության առումով։