Կձգտեն հայաթափել տարածաշրջանը. Փաշինյանը Հայաստանը կդարձնի Թուրքիայի դաշնակիցը Ռուսաստանի դեմ՝ նրան օգնելով հասնել Միջին Ասիա. կհաջողվի՞, թե՞ ոչ՝ կախված է մեզնից. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» ձևակերպման երկու բաղադրիչներն էլ կեղծ են․ նախ՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն խաղաղության, ոչ մի պայմանագիր էլ չեն ուզում կնքել։ Բացի դրանից, որևէ խաչմերուկի մասին այստեղ խոսք չկա, որովհետև Շուշիի հռչակագրում գրված է՝ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ պետք է կապ ունենան Բաքու-Նախիջևան-Կարս երկաթուղով։ Նախիջևանն ու Ադրբեջանն են դառնալու խաչմերուկ, ոչ թե Հայաստանը։ Հայաստանը պատրաստ է ներկայանալ Թուրքիայի ազդեցության գոտու մաս։

  • Փաշինյանը ճիշտ էր ասում ՀՀ քաղաքացուն՝ դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ կանգնի, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ու Թուրքիան են որոշում դա մեր փոխարեն։
  • Մեզ ձեռնտու է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղին, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։
  • Հայաստանը Գրանադայի փաստաթղթով ընդունել է, որ առնվազն Տավուշի և Արարատի որոշ տարածքներ ադրբեջանական են, հետևաբար՝ Ալիևը դրա համար էր ասում, որ իրենք ավտոմեքենայով են գալու Հայաստան, ոչ թե տանկերով։
  • Ես չգիտեմ՝ ինչպես ենք մենք վերահսկելու այդ ճանապարհները, երբ թուրքական բեռնատարներն անցնեն, կամ երբ որևէ միջադեպ գրանցվի։
  • Հայաստանը սկսում է ծառայել թուրքական գլոբալ քաղաքական պրոյեկտին, որպեսզի Թուրքիան կարողանա հասնել մինչև Միջին Ասիա։ Երկու նախագծերի պայքար կա. մեկը՝ հորիզոնական, որով նպատակ կա Իրանը կտրել Ռուսաստանից, մյուսը՝ ուղղահայաց՝ Հյուսիս-Հարավ նախագիծը։ Հայաստանը փաստացի ուզում է դառնալ հորիզոնական նախագծի մաս։ 
  • Հյուսիս-Հարավ նախագծին անդամակցելուց հրաժարվելով՝ Հայաստանը զրկվում է Իրանի և Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունից ու դրանից ստացվող շահերից։ 
  • Հայաստանն իր օրակարգը չունի և փորձում է հարմարվել որևէ օրակարգի, տվյալ դեպքում՝ մեզ համար ոչ ձեռնտու նախագծին։
  • Այստեղ որևէ տնտեսական բաղադրիչ չկա, Զանգեզուրի միջանցքը, ինչպես արդեն ասել է Էրդողանը, քաղաքական նախագիծ է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ դա ուղղված է իր դեմ։
  • Զանգեզուրի միջանցք և մնացած նախագծերը նպատակ չեն, այլ միջոց են տարածաշրջանը հայաթափելու համար։ Նախ կհայաթափեն Սյունիքը, հետո կհասնեն մինչև Երևան։
  • Ես չգիտեմ՝ ինչ կանի Փաշինյանը, բայց առնվազն 3 խոստում Ադրբեջանին տրվել է՝ Հայաստանը կտա միջանցք, անկլավները ու Հայաստանում կվերաբնակեցնի ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականներին։ Կիրականանա՞ն Փաշինյանի այդ խոստումները, թե՞ ոչ, կախված է մեզնից՝ հայ ժողովրդից։
  • Թուրքիան ու Ադրբեջանը հիմա Հայաստանից կպահանջեն ներքին օրենսդրության փոփոխություն՝ ՀՀ Սահմանադրություն և այլն, որպեսզի իր ստացածի իրավական հիմքերը պինդ լինեն։

Կարդացեք նաև

  • Ալիևը դասական առևտուր է սկսել․ այստեղ Հայաստանը քաղաքական բանկրոտի կարգավիճակում է։
  • Փաստերը հետևյալն են՝ Հայաստանի այս իշխանությունները չեն աշխատում Ռուսաստանի ու Իրանի հետ, բայց աշխատում են Արևմուտքի հետ, ու դրա անունը դնում են դիվերսիֆիկացիա։ Հայաստանը դառնալու է Թուրքիայի դաշնակիցը Ռուսաստանի դեմ։ Օրերս Հայաստանը հայտարարեց՝ պատրաստ է գնել ադրբեջանական գազ։ Նույն օրն էլ լսում ենք հայտարարություն, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարիքն այստեղ այլևս չկա։ Հայաստանը հիմա փաստացի, թուլացնելով իր դիրքերը, կարող է գտնվել՝ ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի, այնպես էլ՝ Ռուսաստանի ու Իրանի ճնշման ներքո։
  • ԵՄ որոշ ներկայացուցիչներ օրերս «APRI ֆորում 2023. Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» համաժողովի ժամանակ հայտարարեցին՝ ԵՄ-ն քեշ բանկոմատ չէ, և ունի իր շահերը, մինչդեռ նախկինում խոսում էին ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, այն դեպքում, երբ այսօր Հայաստանում ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան երբևէ
  • Երբ «APRI ֆորում 2023. Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» համաժողովի քննարկումներից մեկի ժամանակ Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին հարցրեցին՝ ի՞նչ կանեն իրենք, եթե Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսի Հայաստանի դեմ, և նա պատասխանեց՝ մենք կգնանք այստեղից։ Նրանք ուղիղ ու բաց ասում են՝ պետք չէ մեզ դիտարկել՝ որպես անվտանգության միջոց։ Մենք այստեղ ենք իրավիճակը ֆիքսելու ու դրա մասին Բրյուսել հասցնելու համար։
  • Աշխարհում չկա պետություն, ում օդը փակ է։ Ըստ մասնագետների՝ հակաօդային պաշտպանության որևէ համակարգ չի կարող օդը լրիվ փակ պահել, այդ թվում՝ ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգը: Նման բան չկա ընդհանրապես։ Պետք չէ մի ծայրահեղությունից ընկնել մյուսը։
  • Եթե ժամանակին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մենք Ռուսաստանից ձրի զենք էինք ստանում, կամ գործարանային գներով, հիմա ՌԴ-ն չի կարող նման բան առաջարկել։
  • Եթե Հայաստանը տնտեսական հարաբերությունների վատթարացման արդյունքում կորցնի 5 միլիարդ դոլար, մենք դա շատ արագ կզգանք, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը նույնիսկ թոփ 20 գործընկերների ցանկում չկա։
  • Ընդունում եմ, որ Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելությունը չկատարեց Արցախում, իսկ Հայաստանն ինչ-որ բան արե՞ց, երբ ցեղասպանում էին իր ժողովրդին։ Ոչ, որևէ բան չարեց ու ողջ պատասխանատվությունը բարդեց Ռուսաստանի վրա:
  • Իրանն ուղիղ Իսրայելին հարվածելու կարիք չունի։ Նա Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներին հարվածում է Եմենից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից… Եթե Իսրայելը փորձի հարվածել Իրանին, Իրանն այդ պետությունների տարածքից իր հարվածային ուժը կմեծացնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Չեմ կարծում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կվերաճի կրոնական պատերազմի. կրոնական պատերազմի համար համապատասխան կոնսոլիդացիա չկա։ Իսկ Թուրքիան Իսրայելին չի հարվածի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս