Դեմոկրատիան լավ բան է, բայց երբ քեզ վրա տանկ է գալիս՝ դեմոկրատիայով չե՛ս կրակի, իսկ Սարյան փողոցում էլ կապուչինո չի՛ լինի. Ալեքսանդր Իսկանդարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է շարունակել ճնշումը Հայաստանի վրա ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։ Դրա համար էլ Ալիևը չգնաց Գրանադա։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ խոսել փոխզիջումների լեզվով, որովհետև դեռևս չեն սպառել իրենց բոլոր նպատակները՝ Հայաստանի հետ կապված։

  • Ես չեմ կարծում, որ Արցախի նախկին ղեկավարներին ու մյուս գործիչներին կալանավորել են, որ նրանց փոխարեն Հայաստանից ինչ-որ բան պահանջեն։
  • Մենք չգիտենք՝ որքան հեռու դեռ կգնա Ադրբեջանը։ Ինձ թվում է՝ Ադրբեջանում էլ չգիտեն։
  • Տեղի ունեցավ ավելի քան 100 000 մարդու էթնիկ զտում, մարդկանց ադրբեջանցիներն Արցախում կտտանքների են ենթարկել, բայց մարսեցին։
  • Ալիևի հետ խոսել չի ստացվում, որովհետև նա խոսում է ոչ թե բառերի, այլ ճնշման լեզվով։
  • Հայկական կողմը չի ասում՝ բանակցություններ չեն լինի, մինչև, օրինակ, գերիներն ազատ չարձակվեն, որովհետև այդ բանակցություններն այս կամ այն դեպքում լինելու են։
  • Ուլտիմատումներ կարելի է դնել միայն այն դեպքում, երբ կարող ես ապահովել դրանց իրականացումը։ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա հասնել իր նպատակներին։
  • Իրականության մեջ Հայաստան հանրապետության կողմից վերահսկվող տարածքը 29.800 քկմ չէ, շատ ավելի պակաս է։
  • Գրանադայի հայտարարությունը ոչ մի իրավաբանական ուժ չունի, որովհետև Ադրբեջանը ոչինչ չի ստորագրել։ Քաղաքական տեսանկյունից Հայաստանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է  բանակցությունների, բայց աշխարհում որևէ մեկը չի էլ մտածում, որ Հայաստանը հիմա հարցը կարող է ռազմական ճանապարհով լուծել։ 
  • Միակ բանը, որը Հայաստանին անվտանգության որոշակի երաշխիքներ կարող է տալ, դա նրա ճանաչված պետություն լինելն է։
  • Ես չեմ կարծում, որ «խաղաղության պայմանագիրը» կերաշխավորի խաղաղություն, քանի որ նման մի փաստաթուղթ էլ ընդունվեց 2020թ․ նոյեմբերի 9-ին, բայց մենք տեսանք, որ նրա ոչ մի կետ չկատարվեց։ 
  • Իսկ ի՞նչ է, դուք կարծում եք, խաղաղության պայմանագիրը դրված է սեղանին, ու մենք այն ստորագրել-չստորագրելու ընտրությո՞ւն ունենք։
  • Աշխարհում գոյություն չունի աջակցություն այն հիմքով, որ ինչ-որ երկիր լավն է, մյուսը՝ վատը։ ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում սկզբում դաշնակից էր Իրանը, ապա՝ Իրաքը, իսկ հետո՝ ԱՄՆ-ը Իրաքը կործանեց։ Որպեսզի աջակցություն ստանաս, դու քեզնից ինչ-որ բան պետք է ներկայացնես, ինչ-որ հետաքրքրություն պիտի ունենաս։ Եթե Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, ձեռքը մեկնած՝ սրանից-նրանից ինչ-որ բան է ակնկալում, խնդրում, ապա կլինի այն, ինչ լինում է։
  • Մատրիցան, որով էլիտաները մոտենում են հայկական շահերի լուծմանը, սխալ է։ Դրանով հեռու չես գնա։
  • Բանակը ուժեղացնելը, սահմաններն ամրապնդելը երկարաժամկետ ծրագրեր են, սակայն մենք ժամանակ չունենք։ Ադրբեջանը չի սպասի։

Կարդացեք նաև

  • Դեմոկրատիան լավ բան է, բայց երբ քեզ վրա տանկ է գալիս, դու չես կարող դեմոկրատիայով կրակել։
  • Հայաստանում կառավարման հիբրիդային ռեժիմ է․ մենք Ադրբեջան ու Թուրքմենիա չենք, բայց Հոլանդիա էլ չենք։
  • Հայաստանում ընտրություններ են տեղի ունենում, ու իշխանությունը հաղթում է։ Դա նշանակում է, որ նրանց հռետորաբանությունը դեռ աշխատում է։ Պետք է փոխվի քաղաքական մշակույթը։ Մարդիկ պետք է հասկանան՝ ինչ են ասում թեկնածուները։
  • Իշխանությունների սխալները թանկ գին ունեն պետության համար, բայց դրանք, ցավոք, արվում են։ Ցանկացած իրավիճակից ելք կա, այդ թվում՝ այն իրավիճակից, որում մենք հիմա գտնվում ենք։ Բայց դրա համար անհրաժեշտ են փոփոխություններ։
  • Պետք է գիտակցել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, որովհետև ով էլ գա իշխանության, լինելու է ստեղծված իրավիճակի արդյունքը։ Եթե որևէ մեկն ասի, որ Նիկոլ Փաշինյանը պատահական եկավ իշխանության, ես կասեմ՝ չեմ հավատում։
  • Ճշմարտությունն այն է, որ մենք երկիրը պետք է դնենք բոլորովին այլ անվտանգության մեխանիզմների վրա։ Ժողովուրդը չի գիտակցում՝ ինչ վիճակում ենք մենք հիմա։ Երևանում ու նրա մերձակայքում մտածում են, որ վտանգի դեպքում կդիմենք ինչ-որ միջազգային հանրության, մեզ կփրկեն, իսկ մենք էլ Սարյան փողոցում կապուչինո կխմենք այդ ժամանակ։ Մարդկանց պետք է բացատրել, որ կապուչինո չի՛ լինելու։
  • Չի կարող լինել այնպես, որ 3 միլիոնանոց երկրում կարգին մարդիկ չլինեն, ովքեր կկարողանան կառավարել երկիրը։ Խնդիրը մարդկանց գիտակցությանը հասցնելն է այն իրավիճակի լրջությունը, որում մենք, երկիրը գտնվում ենք։ 
  • Հնարավոր չէ պատկերացնել, որ վառ քաղաքական գործչի գործը քննող դատավորը ուշադրություն չի դարձնում քաղաքական իրավիճակի վրա։ Այն, որ կալանավայրում գտնվող Արմեն Աշոտյանի գործում առկա է քաղաքական բաղադրիչը, ակնհայտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս