Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գրում է․
«Աշխարհի գետերում հակաբիոտիկների «գերդոզավորում» է. Համաձայն ՄաքԳիլի համալսարանի կողմից անցկացված նոր հետազոտությունների՝ գետերը, որոնք ձգվում են միլիոնավոր կիլոմետրեր ամբողջ աշխարհում, աղտոտված են հակաբիոտիկների այն կոնցենտրացիաներով, որոնք կարող են նպաստել դեղակայունության զարգացմանը և սպառնալ ջրային տեսակներին։
Հետազոտությունը, որը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում, ներկայացնում է գետերի աղտոտման առաջին գլոբալ գնահատականը, որը կապված է մարդու կողմից հակաբիոտիկների օգտագործման հետ։
Գիտնականների խումբը պարզել է, որ մոտ 8500 տոննա հակաբիոտիկները, որոնք կազմում են ամբողջի տարեկան սպառման գրեթե 1/3-ը, հայտնվում են ամբողջ աշխարհի գետային ցանցերում նույնիսկ այն բանից հետո, երբ դրանց մեծ մասն անցնում է կեղտաջրերի մաքրման համակարգերով:
Չնայած գետերի մեծ մասում առանձին հակաբիոտիկների քանակը շատ փոքր է, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումը, այդ նյութերի քրոնիկ և կոմուլյատիվ (կուտակային) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության և ջրային էկոհամակարգերի համար:
Հետազոտական խումբը օգտագործել է գլոբալ մոդել, որը հաստատված է գրեթե 900 գետավազանների դաշտային տվյալներով:
Նրանք բացահայտել են, որ Ամոքսացիլինը աշխարհում ամենաշատ օգտագործվող հակաբիոտիկն է, ամենայն հավանականությամբ վտանգավոր կոնցենտրացիաներ առկա է հատկապես Հարավարևելյան Ասիայում, որտեղ սպառման աճը և կեղտաջրերի սահմանափակ մաքրումը սաստկացնում է խնդիրը:
Արդյունքները հատկապես ուշագրավ են նրանով, որ հետազոտությունում չեն դիտարկվել հակաբիոտիկները՝ արտադրված անասնաբուծական կամ դեղագործական գործարաններում, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները:
Արդյունքները ցույց են տալիս, որ գետերի հակաբիոտիկներով աղտոտումը, որն առաջանում է մարդու կողմից դրանց սպառման հետևանքով, ինքնին լուրջ խնդիր է, որը, ամենայն հավանականությամբ, սրվում է անասնաբուժական կամ արդյունաբերական աղբյուրների համապատասխան միացությունների կողմից։
Նման իրավիճակում անհրաժեշտ են մոնիթորինգի ծրագրեր’ ջրային ուղիների աղտոտումը հակաբիոտիկներով կամ այլ քիմիական նյութերով հայտնաբերելու համար, հատկապես այն տարածքներում, որոնք առավել վտանգված են»:

