Դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է թմրամիջոց. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Ա.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած Ա.Դ.-ի մարմնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցին նմանվող զանգված: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձն առանց իրացնելու նպատակի):
Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

